«Կենսունակ ժառանգություն». անդրադարձ հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությանը

«Կենսունակ ժառանգություն». անդրադարձ հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության Սոֆիայի տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնակցությամբ լույս է տեսել «Կենսունակ ժառանգություն» ամսագրի հերթական համարը, որը նվիրված է «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում կենտրոնին անդամակցող պետությունների ոչ նյութական մշակութային ժառանգությանը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Ամսագիրն անդրադարձել է հայկական մշակույթին, մասնավորապես՝ հայկական գորգագործությանը և Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության թանգարանում ժառանգության պահպանման խնդիրներին։ Գորգագետ Աշխունջ Պողոսյանի «Անատոլիական գորգերի ծագման մասին» խորագրով արժեքավոր հոդվածն անդրադառնում է հայկական գորգի ավանդույթների ձևավորմանը՝ արժևորելով դրա տեղն ու դերը մշակույթի պատմության հոլովույթում։

Հայաստանը Սոֆիայի կենտրոնին անդամակցում է 2013 թվականից և գործուն մասնակցություն ու ներդրում ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս կենտրոնի հետ տարվող աշխատանքներում, որոնք ուղղված են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, փոխանցմանը, տարածմանը, միջմշակութային երկխոսությանն ու միջազգային հանրահռչակմանը։

Անդամակցության շրջանակում Հայաստանի շնորհալի փոքրիկ նկարիչները մասնակցել են նկարչական մրցույթի: Երիտասարդ լուսանկարիչների աշխատանքները ցուցադրվել են Սոֆիայում կազմակերպված լուսանկարչական ցուցահանդեսներին, ոլորտի մասնագետները պարբերաբար մասնակցել են ժառանգությանը նվիրված խորհրդաժողովներին և քննարկումներին, ինչպես նաև «Կենսունակ ժառանգություն» ամսագրի ամենամյա հրատարակությունների աշխատանքներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում