Րաֆֆի․ Իսրայելը Բաբելոնում

Րաֆֆի․ Իսրայելը Բաբելոնում

Բաբելացվոց գետերու մոտ
Մենք հարենյաց կողբայինք սուգ,
Եւ Սիովնը միտ բերելով,
Կըթափեինք դառն արցունք:
Պանդուխտ երկրի ուռիներեն
Մեր քնարները` լուռ ու մունջ
Մենք կախեցինք, եւ զեփյուռեն
Հնչեն լարերն դառն մրմունջ:

Մեր գերիչքը կարեկցաբար
Ասում էին ստիպելով.
Մեզ Սիովնի’ երգեք երգեր,
Մի’ վրդովեք մեզ ձեր լալով:

Տիրոջ երգն ինչպես երգենք
Օտար երկրի կամարի տակ,
Օտար երկրում ինչպես պատմենք
Մենք Սիովնի սուրբ հիշատակ:

Երուսաղե’մ, Երուսաղե’մ,
Եհովայի ով սուրբ տաճար,
Իմ աջ ձեռքս թող չորանա’,
Երբ մոռանամ քո սերն անճառ:

Երբ չհիշեմ քեզ մի րոպե,
Թող իմ լեզուս փակչի քիմքիս,
Եւ հավիտյան թող մունջ մնամ,
Երբ քեզ համար չտամ հոգիս:

Երբ, տե’ր, Սալիմե կխնդրես վրեժ,
Հիշե Եդովմի անգութ զավակներ,
Որք ասում էին` “փլուցե’ք դորան,
Փլուցեք դորա հիմն ու հատակներ”:

Ով Բաբելոնի դստրիկ թշվառ,
Քանի դառնությանց մեզ եղար պատճառ:
Երանի նրան, որ պատիժ արդար`
Քո չարիքներին փոխարեն կտար:

Երանի նրան, որ քո զավակներ
Յուր վրեժխնդիր ձեռքովն անխնա`
Կառներ մոր գրկեն, լալով, ճչալով,
Կառներ, կզարկեր քարերու վերա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում