Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է

Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Այսօր մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է՝ 99 ամյակը:

Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում: Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկան հասակում։ 1938 թվականին մեկնում է Մոսկվա և միանգամից ընդունվում է Գնեսինների անվան երաժշտական քոլեջի վերջին կուրս։ Այն ավարտելուց հետո ընդունվում է Պ. Ի. Չայկովսկու անվան ՄՊԿ ( Բ. Մ. Բեռլինի դաշնամուրի դասարան) ։ Նրա տաղանդը Արամ Խաչատրյանը դեռ հինգ տարեկանում նկատելով՝ որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի։ Դրանից հետո, 1929-ին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո սովորում է կոնսերվատորիայում։ Այնուհետև, 1948-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում։ 1950-1956 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1956-ից ապրել և աշխատել է Մոսկվայում։

Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, պոպ, ջազ։

Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ։ Իսկ նրա ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում» (1950) և դաշնամուրային տրիոյում (1952)։ Լայն ժողովրդականություն վայելող «Հայկական ռապսոդիան» գրել է 1950-ին։ Կոմպոզիտորը մեծ հեղինակություն է վայելել և համագործակցել է պոետ Ռոբերտ Ռոժդեստվենսկիի և եչգիչ Մուսլիմ Մագոմայևի հետ։ «Առաջին սիրո երգը» և «Երևան»- ը համարվում են որպես հիմն հարազատ քաղաքի։

Կոմպոզիտորի բացառիկ տաղանդը խոր զգացմունքայնությամբ դրսևորվել է նաև նրա երգերում: Հանրահայտ են Բաբաջանյանի «Երկրագնդի լավագույն քաղաքը», «Կամուրջներ», «Գուշակիր ցանկությունս», «Մի շտապիր» և այլ երգեր, որոնք կատարվել են ԽՍՀՄ-ում և արտասահմանում:
Առնո Բաբաջանյանը մահացել է Մոսկվայում, 1983 թվականի նոյեմբերի 11-ին։

Ի դեպ նշենք, որ Առնո Բաբաջանյանի ծննդյան օրը փոխվել է Լենինի պատճառով. Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921թ. հունվարի 21-ին: Երեք տարի հետո երբ իր մահկանացուն է կնքում Վլադիմիր Լենինը, և երկրում սուգ է հայտարարվում, ապագա կոմպոզիտորի հայրը մտածում է երեխայի ծննդյան օրը փոխելու մասին, քանի որ իրենց տանն ամեն տարի տոն կլինի, մինչդեռ երկիրը կսգա բոլշևիկների առաջնորդի մահը: Այսպես տղայի ծննդյան օրը տեղափոխում են հունվարի 22:

Հետևեք մեզ նաև Telegram-ում