Սոպրանո Ռուզան Մանթաշյանն իր համաձայնությունն է տվել՝ մասնակցելու Դրեզդենի օպերային թատրոնում կայանալիք գալա համերգին

Սոպրանո Ռուզան Մանթաշյանն իր համաձայնությունն է տվել՝ մասնակցելու Դրեզդենի օպերային թատրոնում կայանալիք գալա համերգին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, Aravot.am: Երեկ երեկոյան Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավար դոկտոր Հանս-Յոհախիմ Ֆրեյը հեթական հեռախոսազանգը հաստատեց ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի հետ և տեղեկացրեց, որ հայ երգչուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանը իր համաձայնությունն է տվել՝ մասնակցելու փետրվարի 7-ին Դրեզդենի օպերային թատրոնում կայանալիք գալա համերգին։

ԵՀՄՖ նախագահությունն ու ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը կրկին անգամ շնորհակալություն են հայտնում Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավար դոկտոր Հանս-Յոհախիմ Ֆրեյին, որի արագ արձագանքման շնորհիվ և նախաձեռնությամբ ընթացան բաց քննարկումներ, ինչի արդյունքում պարզվեց, որ մշակույթին անհարիր այս իրավիճակը ստեղծվել էր բացառապես ադրբեջանցի տենոր Յուսիֆ Էյվազովի կողմից: Ու չնայած ԵՀՄՖ-ն տվեց իր առաջարկություններն ու պատրաստակամություն հայտնեց անել ամեն ինչ այս հարցի լուծման գործում՝ սակայն ԵՀՄՖ-ն շարունակելու է Էյվազովի ազգայնամոլական և ազգային պատկանելիությամբ պայմանավորված խտրականության անհավատալի այս «ակցիան» դատապարտելու գործը։

Ցանկանում ենք հատուկ շեշտել, որ այս պայքարի ընթացքում ծանրակշիռ խորհրդատվություններով իրենց կարևոր ու անգնահատելի ավանդն ունեցան մեծանուն հայ երգիչ Բարսեղ Թումանյանն ու համաշխարհային սոպրանո, այսօրվա աշխարհի ցանկացած բեմի զարդ Հրաչուհի Բասենցը։

Այսպիսով, սպասենք մեր երգչուհու հրաշալի կատարմանը փետրվարի 7-ին։

Կրկին` շնորհակալություն ենք հայտնում կողմերին՝ առաջացած կոնֆլիկտի ողջախոհ լուծման ու լավագույն ելքով խնդիրը հանգուցալուծելու համար։

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն

Հետևեք մեզ նաև Telegram-ում