Անցյալն ասես գիրք լինի, որն անընդհատ վերընթերցում ես. Գուրգեն Խանջյանը նշում է ծննդյան 70-ամյակը

Անցյալն ասես գիրք լինի, որն անընդհատ վերընթերցում ես. Գուրգեն Խանջյանը նշում է ծննդյան 70-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից հայ գրականության ինքնատիպ ներկայացուցիչներից մեկը՝ Գուրգեն Խանջյանը, որի հերոսներն աչքի են ընկնում արկածախնդրությամբ, վառ երևակայությամբ և սիրում են նոր բացահայտումներով լի կյանքը, հունվարի 25-ին տոնում է ծննդյան 70-ամյակը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում գրողն ասաց, որ սիրում է կյանքը, որում տեղի ունեցող իրադարձությունները գեղարվեստական լուծումներով արտացոլվում են իր գրականությունում:

– Մի առիթով խոստովանեցիք, որ մինչև երեսունը ձեզ գրավում էին արկածները, ճամփորդությունները, նոր մարդիկ, նոր միջավայրը: Ի՞նչն է ձեզ հետաքրքրում այսօր:

– Կարծում եմ` մինչև երեսունը քիչ եմ ասել. ես կասեի`մինչև վաթսունը: Հիմա անցածս ամփոփելու ժամանակն է՝ իհարկե, չխուսափելով կյանքի մեջ լինելուց: Անցյալն ասես գիրք լինի, որն անընդհատ վերընթերցում ես, ճշտում քո տեղն այդտեղ, հարաբերությունները: Իրականում ոչ այնքան հարաբերություններն են կարևոր, որքան քո դիրքն այդ հարաբերություններում, քո լուծումները: Ինքդ քեզ հարցնում ես՝ արդյոք այդ լուծումները ճի՞շտ էին, թե սխալ: Մի խոսքով` ամփոփման շրջանում եմ:

– Երբ ասում ենք ժամանակակից գրականություն, միանգամից ձեր անունն ենք հիշում: Ձեր ստեղծագործությունների հետաքրքիր, մի քիչ խենթ, երևակայական հարուստ աշխարհով հերոսներն իրենց կայուն տեղն ունեն մեր գրականությունում…

– Գրական տաղանդն իսկապես կարևոր է, բայցև անհրաժեշտ է ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվել: Ես ապրել եմ հետաքրքիր ժամանակահատվածում: Պատկերացնո՞ւմ եք այն բացառիկ կայսրությունը, որի նմանը դժվար թե կրկին լինի: Այդ կայսրությունում ապրել եմ իմ մանկությունը, պատանեկությունը, երիտասարդությունը: Հետո` փլուզում, հետո` անորոշ վիճակ, նոր Հայաստան, պատերազմ, վերականգնման փուլ, մինչ օրս ընդհարումների փուլ…

-… Այդ ամենն արտահայտվեց ձեր գրականությունում:

– Եթե ապրում ես, չես կարող քո գրականությունից վանել այդ ժամանակը, իրադարձությունները: Դա մեծ եսասիրություն կլինի: Ոմանք հանուն գեղագիտության կամ գեղարվեստի կարող են զբաղվել գեղեցկագրությամբ միայն, բայց ես դա անել չեմ կարող, որովհետև ապրող մարդ եմ, քաղաքացի եմ ու սիրում եմ կյանքը:

– «Հիվանդանոց», «Նստիր Ա գնացքը», «Լուր չկա», «Ենոքի աչքը», «Մատնագիր», «Տուր ձեռքդ, պստլո» և բազմաթիվ այլ հետաքրքիր գործեր: Հեռանկարում ի՞նչ նոր ստեղծագործություն եք ներկայացնելու ընթերցողներին:

– Նոր եմ ավարտել «Ներս ու դուրս» վեպը, որն այժմ հրատարակման փուլում է: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մինչև մայիս ամիսն այն կտպագրվի: Այս գրքում էքսպերիմենտ եմ արել. ոչ մի հերոս անունով չի ներկայանում: Հերոս, որը նաև ես եմ, բայց քանի որ ինձ պես մարդիկ քիչ չեն, ստեղծեցի կերպար առանց անվան: Հետաքրքիր էր` նա այնքան երևացող կլինի՞, որքան անունով: Հավատացեք` անունը պետք չեկավ:

– Պարոն Խանջյան, մեզանից շատերն ունեն ցանկություններ, երազանքներ, նպատակներ… Դուք ինչի՞ մասի եք երազում այսօր:

– Բավականին բարդ հարց է, որովհետև երազանքներն ավելի շատ վաղ շրջանում են լինում: Երազանքներում ռոմանտիկա կա. երազում ես աշխարհը տեսնել, լողալ օվկիանոսում, երազում ես ու երազում: Հիմա ավելի շատ ցանկություններ են: Գուցե բանալ բան եմ ասում, բայց ցանկանում եմ, որ մեր երկրում խաղաղություն լինի, որովհետև վտանգի հոտ եմ առնում. օդում վտանգ կա: Թող խաղաղություն լինի:

Անժելա Համբարձումյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում