«Թող Տիրոջ փառքը հավիտյան լինի, և Տերն ուրախանա Իր արարածներով»

«Թող Տիրոջ փառքը հավիտյան լինի, և Տերն ուրախանա Իր արարածներով»

«Եղիցին փառք Տեառն յաւիտեան, Տէր ուրախ եղիցի յարարածս իւր»։

«Թող Տիրոջ փառքը հավիտյան լինի, և Տերն ուրախանա Իր արարածներով» (Սաղմոս 103։31)։

Սիրելի՛ հավատավոր քույրեր և եղբայրներ․

Աստված սեր է և բարություն, և Նրա սերն ու բարությունը ինքնամփոփված չեն, այլ մշտապես իրենց դրսևորումն են գտնում ողջ տիեզերքում, աշխարհում և մարդկային կյանքում։ Այդ սերը ստատիկ (անշարժ) չէ, այլ դինամիկ է, այսինքն՝ շարժուն ու անվերջ հորդում է դեպի մեզ։ Աստծո սերը փաստելու կարիք չունի, որովհետև մեր կյանքին ու շուրջբոլորը նայելիս կտեսնենք այդ սերը։ Աստված մեզանից ևս ակնկալում է այդպիսի սեր, գործերով ապացուցվող սեր։ Սերը պիտի լցնի մեր մարդկային էությունը այնպես, որ մենք մեզ տրված կյանքի ընթացքում տեղում չդոփենք, այլ մեր մեջ եղած սերն անընդհատ աճի և զարգանա ու մեզ կատարելագործի․«Կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ», ասում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս (Մատթեոս 5։48)։ Այդ սերը պիտի զարգանա ու իր դրսևորումները գտնի կյանքում, նոր գույներ ու ձևեր հաղորդի կյանքին։

Գրիգոր Սկևռացին Սուրբ Երրորդությանը նվիրված իր աղոթքում ասում է․«Կյանք և Կենարար, Լույս և Լուսատու, անմատույց լույսերի մեջ Բնակվող, Ինքնագո և Գերագո Էություն, Անիշխելի և Ինքնիշխան, Ազատ և Անձնիշխան, Կատարյալ և Կատարող, Բարի և մշտապես Բարի ու Բնական Բարություն։ Եվ ըստ Քո բարության՝ անճառելի բարությունդ միայն Քո մեջ չկարողացար պահել, այլ առաջ հեղվելով՝ իջար և արարչագործեցիր, աննյութից ստեղծեցիր տեղ և նյութ, բնակության վայր և բնակիչ և այս ամենն արեցիր իմացականորեն և զգայականորեն (Գևորգ Սկևռացի, Աղոթագիրք, Երևան, 2018, էջ 12)։

Սիրելինե՛ր, հարկավոր է կյանքն այնպես ապրել, որ հետ նայելիս մեր կյանքը զուտ շարժումների շարք չլինի, այլ իրական նպատակային գործողությունների մի ամբողջություն։ Ամեն բան այս աշխարհում իր իմաստն ու խորհրդաբանությունն ունի։ Ինչպես ասվում է Առակաց գրքում․«Տերն ամեն ինչ արել է իր նպատակի համար» (Առակներ 16։3)։ Մենք պետք է գտնենք մեր առաքելությունը՝ ուրիշներին պիտանի լինելով և մեր օգնությունն ու օժանդակությունը բերելով այնտեղ, որտեղ մեր կարիքը զգում են, և որտեղ մեր աջակցության անհրաժեշտությունն է զգացվում։

Բնության մեջ ամեն ինչ գեղեցիկ ու ճիշտ է արարված։ Աստված արարչագործությունից հետո նայում է իր ստեղծածներին և ասում․«Բարի է» (աշխարհաբար՝ լավ է)։ Աստված այնպես է արարել աշխարհը, որ ամեն ինչ մշակվում, աճում ու զարգանում է և փոփոխված վիճակում նույնպես ծառայում է ինչ-որ գաղափարի, ինչ-որ մտահղացման իրագործմանը։

Նայենք մեր շուրջը։ Քարը մշակվում է և դառնում շենք ու շինություն, բուրդը մշակվում է և դառնում թել, դառնում է գործվածք, այնուհետև՝ հագուստ։ Եվ այն ծառայում է մեզ, ծածկում է մեր մարմինը։ Մենք հագնում ենք այդ զգեստները։ Բրդյա թելերից ծածկոցներ ենք պատրաստում և ծածկում մեզ։ Ծառը վերամշակվելով դառնում է փայտ։ Որքա՜ն իրեր կան պատրաստված փայտից, ինչպես օրինակ՝ սեղանը, աթոռը, մահճակալը, պահարանները և այլ բազում իրեր, որոնք ծառայում են մեզ։ Բույսերից ներկանյութեր են ստացվում, որոնք ևս իրենց հերթին կիրառվում են գրքերի ու շինությունների գունազարդման համար։ Նյութերի բնությունն է այդպիսին. վերաճել, վերափոխվել ավելի կատարյալ բաների։ Գեղեցիկ է հետևել և տեսնել նյութերի, բույսերի, օգտակար հանածոների փոփոխություններին, որոնք առավել հեշտացնում և գունազարդում են մեր կյանքը։

Սիրելինե՛ր, մեր կյանքն էլ պիտի օգտակար և պիտանի լինի այլոց։ Սրանով մենք չեն հավասարվում անշունչ առարկաներին, այլ փորձում ենք մեր կյանքի առաքելությունը գտնել և կյանքի կոչել։ Մարդու միտքը ևս զարգանում է, խոսք է դառնում, իսկ խոսքն էլ իր հերթին վեր է ածվում գործի։ Եվ երևի թե դա Աստծո մեծագույն պարգևներից է մարդուն։ Մարդը պետք է շրջահայաց և աչալուրջ լինի, որպեսզի նրա միտքը դեպի վատ քայլերի չառաջնորդի նրան։ Ընդհակառակը, մեր մտքերը պետք է բարի գործերի վերածվեն, բարեգործության ուղղորդեն մեզ, չտանեն սխալ ու խոտոր ճանապարհներով։ Ծուլությունը երբեք խոչընդոտ չպիտի լինի բարի մտքերը կյանքի կոչելու հարցում։

Մեր կյանքը չպետք է ինքնանպատակ լինի, այլ պետք է ծառայի մեր շրջապատին ևս։ Մարդ կարող է լինել խճանկարի այն սև քարերից մեկը, որի կողքին պետք է երևան ոսկեգույն քարերը, սակայն նա դրանով էլ իր կյանքի առաքելությունը կատարած կլինի, և հենց նրանով կամբողջանան կյանքի մեծ խճանկարն ու մարդկության պատմության համապատկերը։

Աստծո սերը Նրան անվերջ մղում է մարդու ուղեկիցը լինելու՝ անկախ մարդու մեղքերից։ Հայր Աստված անգամ Իր Որդուն ուղարկեց մարդկության փրկության համար, ինչպես որ օրվա ընթերցվածքում է ասվում․«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց» (Հովհաննես 3։16)։

Կյանքը պետք է վերածել սիրո, և միայն այդժամ սերն իր դրսևորումները կգտնի աշխարհում։ Եթե սերը չլինի, հնարավոր չի լինի կյանքը գեղեցիկ կերպով վերափոխել։ Եթե նյութի և իրերի դեպքում մարդու միտքն ու ձեռքերն են դրանց վերափոխության շարժիչ գործոնը, ապա մարդու վերափոխության շարժիչ ուժը սերն է։ Քրիստոնյայի կյանքը սիրո գործերն են։ Առհասարակ կյանքը պետք չէ վատնել փուչ հաճույքների, միայն սեփական անձը գոհացնելու, սեփական կարիքները հոգալու, կամ էլ, որ ավելի վատ է, աննպատակ ու անիմաստ վատնելու կյանքը, մեղքերով հարստացնելու օրերն ու ժամերը։ Սիրո գործերով է մարդու կյանքը գունազարդվում և վերափոխվում, հարստանում և հաճելի երաժշտության պես մխիթարություն բերում այլոց սրտերին։

Եթե մարդը Աստծուն հավատա, կարևորի իր կյանքի յուրաքանչյուր օրն ու ժամը, կմտածի իր կյանքը արդյունավետ ու արգասալից անցկացնելու մասին։ Ամեն րոպեն մարդու համար թանկ է։ Մարդը պատասխանատու է իր կյանքի անցկացրած րոպեների համար, արարելու և չարարելու համար, իր ունեցածը ճիշտ տնօրինելու, ուրիշներին բաժին հանելու և վատնելու համար։

Մարդը պետք է ապրի իր կյանքն այնպես, որ Աստված նայի նրան և ասի՝ բարի է, այսինքն՝ լավ է։ Շարականներից մեկի մեջ ասվում է․«Աստ գործեալ զգործս Աստուծոյ և անդ հանգչիլ ընդ Աստուծոյ» (Այստեղ կատարենք Աստծո գործերը, այնտեղ հանգստանանք Աստծո հետ)։ Մաղթում եմ, որ յուրաքանչյուրիս կյանքը, որ ինքնին պարգև է Աստծուց և, անկասկած, ամեն մեկս որոշակի առաքելություն ունենք կատարելու, արժանավոր կերպով ապրենք և արժանի լինենք լսելու մեր Տիրոջից․«Ազնի՛վ ծառա, բարի և հավատարիմ… մտի՛ր Քո Տիրոջ ուրախության մեջ» (Մատթեոս 25։21)։

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․Ամեն։

Տեր Վահան քհն. Առաքելյան

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում