«Թող օրհնյալ լինի այն ամենը, որ գալիս է, ծաղկում ու մեռնում գնում»

«Թող օրհնյալ լինի այն ամենը, որ գալիս է, ծաղկում ու մեռնում գնում»

* * *
Չեմ ցավում ,լալիս, չեմ կանչում խոսքով,-
Ողջը ծխի պես քամին կտանի:
Ես՝ արդեն պատված խամրումի ոսկով,
Էլ չե՜մ լինելու երբեք պատանի:

Հիմա այլևս այնպես չես խփի,
Այնպես չես զարկի, սիրտ իմ ցրտահար,
Կեչու շոր հագած հողն էլ չի խաբի,
Որ ոտաբոբիկ շրջեմ անդադար:

Թափառման ոգի, բոցով քո, նայի՜ր,
Գնալով շուրթըս սակավ ես վառում:
Օ, իմ թարմությո՜ւն, առավոտային,
Աչքերի մոլուցք, հույզի վարարում:

Իմ իղձերի մեջ ժլատ եմ դարձել,
Թե՞ եղել ես, կյանք, դու միայն երազ:
Գարնան մի զնգուն առավոտ կարծես
Կարմիր նժույգով սլացա վռազ:

Կյանքում բոլորս, բոլո՜րըս ենք անցվոր,
Պղինձ սաղարթն է թխկուց վար ընկնում…
Թող օրհնյալ լինի այն ամենը, որ
Գալիս է, ծաղկում ու մեռնում գնում:

Եսենին՝ Սևակի թարգմանությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում