Անանիա Նարեկացի. Խրատ զղջման և արտասուքի մասին

Անանիա Նարեկացի. Խրատ զղջման և արտասուքի մասին

Արդ, արտասվելու կարողությունը Քրիստոսին սիրելու և արքայությունը ցանկանալու նշանն է: Ինչպես Տերն ասաց պոռնիկի համար, ով արտասվեց նրա սուրբ գարշապարին. «Թող ներվեն նրան իր մեղքերը, քանի որ ինձ շատ սիրեց» (Ղուկ. Է 48): Իսկ մարգարեներն արտասուքի ձևով էին հայտնում այն սերը, որ ունեին դեպի ժողովուրդը:

Երեմիան ասում է. «Ո՞վ կտար իմ գլխին ջուր և իմ աչքերին՝ արտասուքի աղբյուրներ, որ ես զօրուգիշեր ողբայի այս ժողովրդին» (Երեմ. Թ 1): Եվ Եսային ասում է. «Մի՛ աշխատեք ինձ մխիթարել, այլ թույլ տվեք ինձ դառնորեն լաց լինեմ իմ ժողովրդի կործանման առիթով» (Ես. ԻԲ 4):

Եվ նույն ինքը՝ Տերն արտասուքի ձևով հայտնեց այն սերը, որ ուներ Ղազարոսի հանդեպ, երբ արտասվեց նրա գերեզմանին: Իսկ ժողովուրդը զարմացել և ասում էր. «Տեսեք, որքան է սիրում նրան» (Հովհ. ԺԱ 36): Առաքյալը ևս իր սերը կորնթացիների հանդեպ արտասուքի ձևով հայտնեց՝ ասելով. «Բազում վշտերի և սրտի նեղության պատճառով ձեզ գրեցի առատ արտասուքներով, ոչ որպեսզի տրտմեք, այլ իմանաք իմ սերը, որն ունեմ առավել չափով ձեր հանդեպ» (Բ Կորնթ. Բ 4):

Օրինակ, երբ մեկը խնդրում է մի բան մյուսից և արտասվելով հայցում, երևում է նրա սրտի հոժարությունը, և տեսնողին էլ պարզ է նրա ջերմագին ցանկությունն իր խնդրածի համար: Եվ եթե որևէ մեկը մեղանչում է և արտասուքով խնդրում թողություն, ապա պարզ է, որ ամբողջ սրտով զղջաց:

Այսպես և դու, երբ ամբողջ սրտով ես աղաչում Աստծուն, ապա ցույց ես տալիս կամքիդ հոժարությունը և քո աղաչանքը խոնարհեցնելով՝ ուղղում Աստծուն: Երբ նախաձեռնես և ջանք թափես, այդ դեպքում շնորհը քեզ կսովորեցի պաղատանքի արվեստը, թե ինչպես պետք է անել:

Ինչպես, օրինակ, մեկը սովորում է մի արհեստ և որոշ ժամանակ անց այն գործածում, ապա ավելի է հմտանում մանրուքների մեջ, քան որ սովորել էր ուսուցչից: Այսպես և դու արտասուքով պաղատելը քեզ գործ դարձրու, և շնորհն ինքը քեզ կսովորեցնի: Ս. Բարսեղն իր աստվածսիրական հարցումներում այսպես է գրում. «Ոչ լույսով ուրախանալը, ոչ էլ կյանքը խնամելը, և ոչ էլ մայրերին՝ մանուկներին սիրելը որևէ մեկն է սովորեցրել, այլ բնությամբ է տրված»:

Այսպես Աստված մարդու մեջ ի ծնե սերմանել է սերը, իսկ մեր գործը միայն հետամուտ լինելն է և գտնել սերը, որ առ Աստված է, այսինքն՝ արտասուքը, որ Աստծով է լինում և միշտ անհագ է մնում Նրա սիրուց:

Օրինակ, գնում են մարդիկ սգո տուն և այնտեղ, ուր մեռելն է, լալիս են, ողորմելի ձայներ արձակում, և լսողների սիրտը ակամայից ճմլվում է, ու արտասուք է գալիս: Իսկ երբ մարդիկ գնում են հարսանքավորի տուն, ուր ծաղրածուները կատակներ են անում, ապա լսողներն ակամա զվարճանում են: Այսպես և դու, երբ սիրտդ քարանում է, և չես կարողանում արտասվել, ապա զղջական խոսքեր և օրինակներ են միտքդ գալիս, որ սիրտդ զղջա և արտասուք բխեցնի:

Կարգ ու սահման դիր և խորհելով սահմանի՛ր արտասուքի ժամանակը, նաև Աստծուց խնդրի՛ր այս շնորհի համար հաջողություն և բռնադատի՛ր անձդ: Այդժամ Աստված կնայի ջանքերիդ և կտա շնորհը, որ ցանկանում ես:

Արդ, տեսնո՞ւմ ես աղքատին, որ եկել և խնդրում է, իսկ ուրիշները նրան ողորմություն են տալիս: Այսպես էլ դու Աստծո առաջ որպես օրինակ այն ունեցիր, որ՝
«Նրանք, որ մարդիկ են և կարիքի մեջ են,
Կարիքավորին ողորմություն են տալիս,
Իսկ ես Քեզ եմ դիմում,
Որ Արարիչ ես և կատարյալ,
Շնորհիր և ինձ ողորմություն,
Հանուն Քո բարերարության»:

Փորձիր բնությունդ, թե ինչ պատճառով է գալիս զղջումը, նաև այն մտածիր, թե ինչ պատճառով է մարում, և այն իմացիր, որ Աստված տեսնում է ջանքը և շնորհ է տալիս:
Եվ դարձյալ՝ միայն աղոթքիդ խոսքերն ես տեսնում առաջդ և այդ համարում աղոթք, բայց նայի՛ր նաև ընդունելությանը՝ արդյո՞ք հաճելի է Աստծուն, թե՝ ոչ: Քննիր միտքդ և տե՛ս. եթե գտնես պատճառը, որի համար խիղճդ դատում է քեզ, ապա այդ պատճառը վերացրո՛ւ: Այդժամ աղոթքի լույսը հոգուդ մեջ կծագի, և շնորհը կազդի մտքիդ վրա՝ արդյոք աղոթքդ ընդունելի եղա՞վ, թե` ոչ:

Դարձյալ՝ երկրավոր վայելքներից քեզ ե՛տ պահիր, որ զղջման և արտասուքի վարժվես, և այդ շնորհը կարմատանա մեջդ: Ինչպես երկինքն է նախ ծածկվում ամպերով, հետո միայն կարող է անձրևը հոսել երկրի վրա, այսպես և դու, երբ տրտում ես, մտահոգ և զարհուրած՝ մտքումդ ունենալով Քրիստոսի գալուստը, ահեղ ատյանը, անաչառ դատաստանը, այդժամ եթե կամենում ես, կարող ես արտասվել, քանի որ արտասուքի նյութը սրտիդ մեջ է: Սրա համար է մարգարեն ասում. «Գիշեր-ցերեկ շրջեցի վշտացած, քանզի հոգիս լցվեց տանջանքներով» (Սաղմ. ԼԷ 7-8):

Արդ, ով ունի իմաստություն, նա այս կյանքում ուրախություն չունի, այլ մշտապես տրտմած և երկյուղած է, քանի որ աներևույթ թշնամի ունենք՝ խիստ և անհաշտ: Ս. Պետրոս առաքյալն իր թղթում ասում է. «Արթուն եղեք, հսկեցեք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ո՞ւմ կուլ տա» (Ա Պետր. Ե 8):

Ս. Պողոս առաքյալն ասում է. «Մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ՝ իշխանությունների հետ, պետությունների հետ, և երկնքի տակ եղող չարության հետ» (Եփես. Զ 12): Նաև մարգարեն է ասում. «Փորձություն է մարդկային կյանքը երկրի վրա» (Հոբ Է 1), և նույն ինքը՝ Տերն է ասում. «Այս աշխարհում նեղություններ եք ունենալու» (Հովհ. ԺԶ 33):

Արդ, քանի դեռ մարմնում ենք, այդքան փորձության և որոգայթների մեջ ենք: Սրա համար էլ մեզ պետք է մեծ երկյուղածությամբ սուգ և տրտմություն և արտասուք, որ կարողանանք հաղթող լինել պատերազմում, որ մեր առաջ է:

Սրա համար էլ, սիրելի եղբայր, դու մեծ փույթով և մեծ հոժարությամբ ջա՛նք դիր և ստացի՛ր զղջման շնորհներ, մի՛ դադարիր թախանձել, մինչև որ ստանաս, մի՛ թուլացրու ջանքդ, մինչև որ բացվի դուռը:

Այն բանի համար է Աստված իր ողորմածությունը ձգձգում, որ քեզ մղի թանխանձելու, քանի որ երբ ստանում ես խնդրածդ, դադարում ես թանխանձել, իսկ Աստված ցանկանում է թախանձագին աղոթողներ:

Եթե միայն այն խնդրես, ինչը հաճելի է Աստծուն, անհնար է Աստծուց չստանալ, ինչպես որ Տերն ինքն է ասում. «Ով որ խնդրում է, առնում է, ով որ փնտրում է, գտնում է, և ով որ բախում է, բացվում է նրա առաջ» (Ղուկ. ԺԱ 10):
(շարունակելի)

Բնագիրը` «Մատենագիրք Հայոց» – ի
Գրաբարից փոխադրեց Լուսինե ԹՈՒՄԱՆՅԱՆԸ
Մաշտոցի անվ. Մատենադարանի գիտաշխատող,
Պատմ. գիտ. Թեկնածու
Սկզբնաղբյուրը՝ «Շողակն» երկշաբաթաթերթ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում