Հոգուն տանք այն սնունդը, որը նրան դուր է գալիս

Հոգուն տանք այն սնունդը, որը նրան դուր է գալիս

– Երբ հոգևորով զբաղվելու տրամադրություն չունեմ, ի՞նչ անեմ, Հա՛յր, ինչպե՞ս սկսեմ:

– Հոգևորից արա այն, ինչը քեզ դուր է գալիս, իսկ հետո մնացածի համար էլ ախորժակդ կբացվի: Հոգևոր կերակրատեսակները դիր առջևդ ու նայիր, թե ինչն է ախորժակդ գրգռում: Ուզում ես մի քիչ կարդա՞լ: Մի տերողորմյայով աղոթե՞լ: Կանո՞նը, սաղմոսարա՞նը կարդալ կամ երկրպագությո՞ւն անել: Իսկ եթե ոչնչի ցանկություն չկա, այնժամ… ճիպոտ է պետք:

– Հա՛յր, իսկ կարելի՞ է ձեռագործից սկսել:

– Կարելի է, բայց միաժամանակ աղոթի՛ր:

– Իսկ ուզածս անելով՝ արդյո՞ք սեփական կամքիս չեմ հետևում, Հա՛յր:

– Բանն այն է, որ հոգևոր գործունեության մեջ հոգուն պետք է տալ այն սնունդը, որը նրան դուր է գալիս և որը հենց ինքն է պահանջում: Նա այդ կերպ բերկրում է, սնունդ առնում և մղվում հոգևոր մեծ գործունեության: Քանի որ, երբ վատառողջ ենք, և մեր օրգանիզմն ինչ-որ բան է պահանջում, մենք դա նրան տալիս ենք, որպեսզի ապաքինվի: Երբ ես փոքր էի, մի անգամ հիվանդացա սակավարյունությամբ և սիրտս կիտրոն էր ուզում: Իսկ ծնողներս չգիտեին՝ կարելի՞ է, թե՞ ոչ, ուստի չէին տալիս և բժշկի այցին էին սպասում: Երբ բժիշկը եկավ, խորհուրդ տվեց կիտրոն ուտել, որովհետև օրգանիզմս կիտրոնում պարունակվող վիտամինների կարիք ուներ:

– Անփութությունս հաղթահարելու համար փորձեցի որոշակի կարգ սահմանել և դրան հետևել, Հա՛յր:

– Կարգը լավ է, բայց նախ սիրտը պիտի սկսի աշխատել, իսկ հետո արդեն կարելի է կարգ սահմանել:

– Իսկ միգուցե Դո՞ւք ինձ համար կարգ սահմանեք, Հա՛յր:

– Իմ կարգն այսպիսին է՝ հոգևոր այնպիսի գործունեությամբ զբաղվիր, որը հենց քեզ է դուր գալիս: Կարիք չկա քեզ համար հատուկ բաներ հորինելու. հանգիստ քննիր, թե հոգուդ ինչպիսի հոգևոր սնունդ է անհրաժեշտ և այդպիսին էլ տուր նրան: Երբ ուզում ես երգել՝ երգի՛ր, եթե կարդալու ցանկություն ունես՝ կարդա՛, աղոթել ես ուզում՝ աղոթի՛ր: Կարող ես նաև ցանկացած այլ հոգեշահ գործով զբաղվել, կարևորը՝ քեզ մի՛ հարկադրիր: Կարծում եմ՝ հասկացար: Սկզբում այդպես կլինի, մինչև որ հոգիդ քաղցրությունն զգա, իսկ հետո ամեն ինչ հունի մեջ կընկնի և կկատարվի առանց հարկադրանքի: Այնպես որ մի՛ անհանգստացիր, մարտկոցն Աստծու օգնությամբ կաշխատի և առաջ կընթանաս:

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում