Մարո Մարգարյան․ Դու ձայն եղիր

Մարո Մարգարյան․ Դու ձայն եղիր

Դու ձայն եղիր, ոչ արձագանք,
Արձագանքն ի՞նչ պիտի ասի,
Անդունդը ի՞նչ պիտի խոսի,
Դու ձայն եղիր ոչ արձագանք.
Ոչ էլ՝ ոտքի տակից քաշվող,
Գետնատարած լռիկ մաշվող,
Անհուր, անսեր շուք ու ստվեր.
Կյանքն անսահման,
Կյանքն անհատնում,
Լույս ճամփաներ շատ ունի դեռ՝
Հավատ ամուր ու հիացում,
Շող հույսերի ոսկի թելեր,
Արդար կռիվ ու անրջանք,
Աշխարհ ցնցող շքեղ սերեր,
Կարոտների լույսով օծուն
Անհերքելի, անգին ու թանկ…
Դու ձայն եղիր, դու ձայն եղիր,
Դու ձայն եղիր, ոչ արձագանք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում