Կվերականգնվի քամուց վնասված Ղալթաղչի Սուրբ Հովհաննես մատուռի տանիքը

Կվերականգնվի քամուց վնասված Ղալթաղչի Սուրբ Հովհաննես մատուռի տանիքը

Ինչպես տեղեկացնում է Հայ Եկեղեցու Գուգարաց թեմի ֆեյսբուքյան էջը, փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը ուժգին քամուց ամբողջությամբ վնասվել է Լոռու մարզի Հարթագյուղ (Ղալթաղչի) համայնքում գտնվող Սուրբ Հովհաննես մատուռի տանիքը: Գուգարաց թեմի նախաձեռնությամբ, եղանակային բարենպաստ պայմանների դեպքում, կսկսվեն նշանավոր սրբատեղիի վերականգնման աշխատանքները:

Այս առիթով, Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը նշել է․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մշակույթի նախարարության ճարտարապետների և կոնստրուկտորների ցուցումով պիտի գտնենք հիմնական լուծումներ ու վերակառուցենք սրբավայրի տանիքը: Այս անգամ վերանորոգումը կլինի ամբողջական և հիմնավոր»:

Նախկինում սրբավայրի տանիքը քամուց մի քանի անգամ ևս վնասվել էր: Նաև եղել են դեպքեր, երբ ներսում մոմավառության հետևանքով առաջացել է հրդեհ, որի պատճառով մեծապես վնասվել են մատուռում գտնվող սրբապատկերները:

Մատուռը բազմիցս վերականգնվել է բարեպաշտ հայորդիների ազնիվ օժանդակությամբ ու նախաձեռնությամբ:

Աղբյուր՝ Ter-hambardzum.net

Հետևեք մեզ նաև Telegram-ում