«Ո՞վ է Գանդին Հայ ժողովրդի ու Հայ մշակույթի համար. զրո, բացառիկ զրո»

«Ո՞վ է Գանդին Հայ ժողովրդի ու Հայ մշակույթի համար. զրո, բացառիկ զրո»

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ Panorama.am: Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ Երևանի ավագանուն առաջարկ է եկել Հնդկաստանի դեսպանատան կողմից,ըստ որի առաջարկվում է Երևան քաղաքում տեղադրել Մահաթմա Գանդիի արձանը։ Ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցության անդամ Դավիթ Զախարյանը։

Նա հայտնել է, որ առաջարկվող վայրերն են Օղակաձև զբոսայգին կամ Հանրապետական հիվանդանոցի հարակից զբոսայգին։ Ավագանին նշել է, որ արձանի տեղադրումը միտված է Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և խորացման համար:

Ավագանու անդամը ներկայացրել է նաև արձանի առաջարկվող էսքիզային տարբերակ՝

Նրա այս գրառմանն արձագանքել են ֆեյսբուքյան օգտատերերը՝ հիմնականում դեմ արտահայտվելով այդ առաջարկին։ Օգտատերերից մեկը գրել է, որ դեմ է սկզբունքորեն. «Թող Դելիում էլ զետեղվեն Կոմիտասի ու Հովհ. Թումանյանի արձանները»։

«Միջոցառում կազմակերպեք, նշեք, հարգեք ու մեծարեք , բայց արձա՞ն: Արձանի ինստիտուտը մեզ մոտ էնքան է հետընթաց ապրել, որ ամեն պարագայում մարդու նկատմամբ համընդհանուր հարգանքն ու սերը այլևս հաշվի չի առնվում, ու արձան է տեղադրվում:

Եթե Գանդին կոնկրետ հայ ազգի համար ինչ-որ բան ունի արած, որը պարտավոր ենք ինչ-որ կերպ հիշատակել, ինչ-որ տեղ կարելի է արձան կանգնեցնել, բայց էս պարագայում դա կրելու է դեկորատիվ բնույթ:

Արձանը ազգային հերոսին համահավասար երևույթ է, ուղղակի առանց որևէ իշխանություն ու ժամանակաշրջան ճանաչելու:

Ալեքսանդր Մակեդոնացին հերոս է, բայց ինչու՞ կոտրել աթոռները»,- գրել է մեկ այլ օգտատեր։

Անուշ Անտանյան անունով օգտատերը գրել է. «Իսկ դուք գիտեք, որ Գանդին, քաջատեղյակ լինելով Հայոց Ցեղասպանությունից, այնուամենայնիվ, չի ընդունել հայոց ցեղասպանության փաստը: Նա սատարել է խալիֆաթի աջակցության շարժմանը, պանիսլամիստական քաղաքական այն արշավի, որ 1919-1924 թթ. ծավալել էին Բրիտանական Հնդկաստանի մահմեդականները` նպատակ ունենալով ճնշում բանեցնել բրիտանական կառավարության վրա` Առաջին աշխարհամարտից հետո Օսմանյան կայսրության ճակատագրին վերաբերող հարցերի հետ: Հետագայում Գանդիին պսակազերծել փորձող որոշ ուսումնասիրողներ (մասնավորապես, ամերիկացիներ Էլիոթ Գրինը եւ Ռիչարդ Գրենիեն) հիշատակել են նաեւ նրա վերաբերմունքը հայերի կոտորածների հանդեպ: Ըստ նրանց, բռնությանն ընդդիմացող եւ մեծ մարդասերի համբավ վայելող գործիչն իրականում աջակցել է մի շարժման, որը խրախուսել է հայերի կոտորածները եւ որ նա դեմ է եղել Սեւրի պայմանագրով նախատեսված օսմանահպատակ ժողովուրդների` նոր պետություններ կազմելուն: «Աջակցելով Խալիֆաթի շարժմանը` Գանդին, ըստ էության, անտեսել է Օսմանյան կայսրության ժողովուրդների եւ հատկապես հայերի ազգային իրավունքները,- գրել է Էլիոթ Գրինը:- Նա փաստորեն ասում էր, որ զանգվածային սպանությունները չեն անհանգստացնում իրեն: Սրանք պատմական փաստեր են։ Էդքան բան»։ Նա նշել է, որ անգլալեզու տարբեր աղբյուրներ է կարդացել, նաև հասարակ օգտատերերի, պատմություն ուսումնասիրող այլազգիների կարծիքներն է լսել։

Նեկ Գրիգորյանը գրել է. «Փաստորեն վերջացավ Հայ մեծերի պատմությունը ու Հայ ժողովրդին թողած ժառանգության արժեքները։
Բան ու գործ թողած Գանդիի արձանի մասին եք մտահոգվել։ Ով՞ է Գանդին Հայ ժողովրդի ու Հայ մշակույթի համար, զրո, բացառիկ զրո։ Քանի՞ հատ Հնդկաստանում հայ մեծերի արձան կա, քանի՞ անգամ է Հնդկաստանի կառավարությունը շոշափել, քնարկել, խոսել, ճանաչել Հայ ժողովրդին ու Հայ ժողովրդի կոտորածը։
Սա էլ նոր հաճոյանալու միջոցե՞ր։ Թող ղուրբան լինեն Հայ ազգին, որ թույլ ենք տվել մեր ազգային անվտանգության, տնտեսության ու առողջապահպանության հաշվին իրենց քաղաքացիները և Հնդկաստանի անձնագրով պակիստանցիները մուտք գործեն Հայաստան։
Հաջորդը ու՞մ արձանը կլինի
Աբդուլ Քադիր Խանի, Ագարունով Ալբերտ Ագարուվիչի, Աթաթուրք Մուսթաֆա Քամալի։
#Ջիվանիի արձանը դրեք, մեր ժամանակներում շատ ակտուալ է։
Գայլը վրան ոչխարի մորթի առած,
Գառներուն պահապան հսկող է դառած.
Աքլորը քարոզչի վերարկու հագած
Ամբիոն է ելել, #խելքի՛ #աշեցեք»։

«Ինչներիս է պետք անհաջողակի արձանը մեր երկրում. Շահամիր Շահամիրյանի արձանը կա՞ Հնդկաստանում»,- գրել է օգտատեր Արման Հովհաննիսյանը։ Առաջարկում է դնելուց Վուդրո Վիլսոնի արձանը տեղադրեն։

Մեկ այլ օգտատեր առաջարկում է արձանի վրա ծախսվող գումարը ծախսել քաղաքում ծառ տնկելու վրա. «Օդ չկա շնչելու, ասֆալտա- սալիկապատված մայրաքաղաք ունենք»։

«Լավ առաջարկ է, բայց ես կուզեի մեկ արձան գոնե տեսնել Ռոբերտ Աբաջյանի եւ Ապրիլյանի հերոսներին նվիրված, հերոսական արձան տղաների աննորմալ անբնական դուխը արտահայտող, սա իհարկե թեմայից դուրս»,- գրել է օգտատեր Ներսես Ավդալյանը։

Մահաթմա Գանդին (1869- 1948 թթ.) Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ է եղել, Հնդկաստանի` Մեծ Բրիտանիայից անկախանալու շարժման ղեկավարներից և գաղափարախոսներից էր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում