Սաղմոս ՃԻԲ

Սաղմոս ՃԻԲ

Աստիճանների օրհներգություններ

Բարեպաշտների խոստովանությունն ու խնդրանքն է, որոնք ցանկանում էին ետ դառնալ Բաբելոնից՝ ասելով.

1. Առ քեզ, Տէ՛ր, համբարձի զաչս իմ, որ բնակեալդ ես յերկինս:

Աչքերս դեպի քեզ բարձրացրի, Տե՛ր, դու, որ բնակվում ես երկնքում:

Մտքի և հոգու ամեն ցնորքներով, ասում է, դեգերելով և մարդուց հույսս կտրելով, քեզ եմ միայն նայում, որ թեև ավերված է մեր կառուցած տաճարը, սակայն դու քո սեփական [տաճարում] ես բնակվում, ոչ թե որ այդտեղ ես բնակվում [այսինքն՝ հողեղեն տաճարում] և նրա մեջ ես բովանդակում, այլ որ այդտեղ սպասավորվում ես հրեշտակների կողմից, նաև, որ բնակվում ես հեզ ու խոնարհ մարդկանց մեջ և ոչ միայն բնակվում ես:

2. Որպէս աչք ծառայի ի ձեռն Տեառն իւրոյ, որպէս աչք աղախնոյ ի ձեռն տիկնոջ իւրոյ:

Ինչպես ծառաների աչքերն իրենց տերերի ձեռքին, ինչպես աղախնի աչքերն իր տիրուհու ձեռքին:

Ոչ թե կոնկրետ ժամանակահատվածում, այլ՝ լուսաբացին և ցերեկը, [քանի որ ծառան] չի կարող հեռանալ [տիրոջից] կերակուր, հանդերձանք և ամեն պետքական բան ստանալու կամ չստանլու դեպքում, սաստվելու կամ պատվի աժանանալու դեպքում, կապելու կամ արձակելու դեպքում, քանզի արծաթով է գնված: Պետք է, որ մենք էլ նույնն անենք, քանզի գնվել ենք Քրիստոսի արյամբ և մենք մեր մարմնի տերը չենք: Ինչպես որ աղախնու աչքն իր տիրուհու ձեռքին է նայում, որովհետև սա առավել է, քան ծառայի ու տիրոջ [հարաբերությունը], քանզի չափազանց քնքշանքով մոտ են սենյակին և ամենուր, որտեղ տիրուհիներ են, անընդհատ զարդարում և պճնում են նրանց, նույնն էլ մենք պետք է անենք սուրբ եկեղեցում, որ դշխուհին ու թագուհին է երկնքի, նրա խորհուրդներին է պետք փարվել և նրա կանոններով՝ զարդերով, այսինքն՝ գործերով զարդարենք հավատքը, քանզի նա է ամենակալ եկեղեցին:

3. Այնպէս են աչք մեր առ քեզ, Տէ՛ր Աստուած մեր, մինչև ողորմեսցիս ի վերայ մեր:

Այնպես էլ մեր աչքերն ուղղված են քեզ, Տե՛ր Աստված մեր, մինչև որ գթաս մեզ:

Ոչ թե որպես պարտք ենք պահանջում, այլ որպես տառապյալ՝ ողորմություն ենք խնդրում:

4. Ողորմեա՛ մեզ, Տէր, ողորմեա՛ մեզ, զի բազում լցաք արհամարհանօք:

Գթա՛ մեզ, Տե՛ր, գթա՛ մեզ, քանզի բազում արհամարհանքներ կրեցինք:

[Բառի] կրկնողությամբ ցույց է տալիս ջերմեռանդ պաղատանքը, քանզի բազում արհամարհանքներ կրեցինք՝ բաբելոնացիների կողմից՝ յոթանասուն տարի և սատանայի [կողմից]՝ մշտապես, որ ասում էին. «Ձեր Աստվածն ո՞ւր է» (Սղմ. 41:4):

5. Եւս առաւել լցան անձինք մեր նախատանօք, որ նախատէին զմեզ. և արհամարհանօք ամբարտաւանից:

Մեր հոգիներն անչափ լցվեցին մեզ անպատվողների նախատինքներով և ամբարտավանների անարգանքով:

Ուստի անարգ ծառայությամբ մարմինն ավելի է ցավ պատճառում հոգուն, որն ավելի դառն է, քան ամբարտավանների անարգանքը, որից աղքատներն այրվում են ու հառաչում:

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում