Եղիշե Չարենց. Ամեն տեսակ երգ երգեցի…

Եղիշե Չարենց. Ամեն տեսակ երգ երգեցի…

Ամեն տեսակ երգ երգեցի – ամենից լավ տաղն է էլի,
Սայաթ-Նովի դրախտային, անմահական խա՛ղն է էլի։

Ինչքան էլ լեն դուքաններում ռանգ-ռանգ[1] մրգեր ըլին շարած
Անմահական մրգերի տեղ – շահնշահի բաղն է էլի։

Բախչի միջի, ծաղիկները ինչքան էլ լավ ջրով անես՝
Ծաղիկների ջուրը ուզած- առավոտվա շաղն է էլի։

Գնա՛ կուզես Ֆռանգստան, ամենամեծ քուչեքը տես՝
Սրտիդ ուզած տեղը միակ – սիրեկանի թաղն է էլի։

Վա՜մ քեզ, Չարենց, լա՛վ իմացի, ականջ արա սիրեկանին
Ամեն բանից լավ ու անուշ սիրեկանի դաղն է էլի։

1. ռանգ – գվռ. երանգ, գույն. ռանգ-ռանգ – այստեղ` տեսակ-տեսակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում