Աշոտ Ավդալյան․ Արդար առավոտ

Աշոտ Ավդալյան․ Արդար առավոտ

Արդար առավոտ,
նորից եմ հերկվում ճառագայթներդ փետրազարդելով,
և զրույցների ակն է զուլալվում,
ու մաքրվում է հեշտանքի աղով,
ու կրակներ եմ հայցում, որ այրվեմ
ու կենդանանամ թմրության դողից։
Որ մեկնությունս տեսիլք չմնա,
որ ջուրը ցողեմ իբրև զորություն
և հանգանակող օրերի համար ջրերին նայեմ
և հույսը նետեմ աջհամբույրի պես։
Իմն ես առավոտ,
քո մարմինն իմն է,
ու ճաշակումի համար եմ կանգնել,
որ հրամցնեմ ջրերին ոգի,
որ երբ ծիծաղեմ – դառնամ ճանապարհ,
որ երբ լաց լինեմ – կապեմ կամարներ,
որ երբ լույս դառնամ – իղձերս քամեմ,
ծաղիկներ քաղեմ կապույտ երկնքից
ու կանգնեմ շեմիս,
իբրև արդարը առավոտվա մոտ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում