Հայաստանի ներկայացուցիչները մեդալներով են վերադարձել թավջութակահարների միջազգային մրցույթներից

Հայաստանի ներկայացուցիչները մեդալներով են վերադարձել թավջութակահարների միջազգային մրցույթներից

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի սաները միջազգային թավջութակահարների մրցույթներից վերադարձել են մեդալներով: Ավստրիայում Աննա Կուլի անվան միջազգային մրցույթին թավջութակահարներ Արտյոմ Իոանիսյանն ու Միքայել Ոսկանյանը տպավորիչ ելույթներով են հանդես եկել: Արդյունքում՝ մրցույթին մասնակցած ավելի քան 300 երաժիշտների թվում Արտյոմն ու Միքայելը հայտնվել են լավագույն հնգյակում: Արտյոմ Իոաննիսյանն արժանացել է երրորդ մրցանակի, իսկ Միքայել Ոսկանյանն արժանացել է մեդալի և դափնեկրի կոչմանը։

«Մրցակցությունը բավական մեծ էր, իսկ ժյուրին՝ խիստ: Մասնակցում էին Իտալիայից, Գերմանիայից, Հարավային Կորեայից, Ավստրիայից և այլ երկրներից: Հաջողության գործում մեծ դեր է խաղացել իմ ուսուցչուհին, որն ինձ հետ գիշեր ցերեկ աշխատել է, ինչի համար շատ շնորհակալ եմ»,-ասաց Արտյոմ Իոաննիսյանը:

Իր հաջողությունից ոգևորված է նաև Միքայել Ոսկանյանը: Նրա խոսքով, տարբեր երկրներ մեծ թվով մասնակիցներով էին ներկայացել մրցույթին, սակայն կամ չեն հասել եզրափակիչ փուլ կամ մեկ մասնակից է հաղթահարել:

«Մենք երկու հայ երաժիշտով հայտնվեցինք լավագույն հնգյակում, ինչը շատ ոգևորիչ է: Նման մրցույթներին մասնակցելը շատ կարևոր է, այն տալիս է փորձ, վստահություն, ճանաչողություն, նոր կապերի հաստատում, ընկերների ձեռքբերում»,-ասաց Միքայել Ոսկանյանը:

Տղաների հաջողություններից հետ չի մնում 10-ամյա Մարի Հակոբյանը, ով նույնպես Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի սան է: Նա Խորվաթիայում կայացած Անտոնիո Յանիգրոյի թավջութակահարների 12-րդ միջազգային մրցույթում զբաղեցրել է առաջին տեղը և արժանացել հատուկ մրցանակի: Մրցույթին մասնակցում էր 18 երեխա տարբեր երկրներից:

«Ես առաջին անգամ եմ նման մրցույթի մասնակցում:Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ սիրելի ուսուցչուհուն՝ Գայանե Ռաֆայելյանին, նա ինձ շատ է օգնել»,-ասաց Մարին:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանը, կարևորելով երեխաների հաջողությունները, նշեց պետական քաղաքականությունն այնպիսին է, որ խրախուսվեն շնորհալիները:

«Շնորհալի երեխաները բոլոր ժամանակներում եղել են պետության ուշադրության կենտրոնում: Պետությունը նաև ուշադրություն է դարձնում լարային գործիքներին: Մի պահ կար, որ այս գործիքների նկատմամբ ուշադրությունը պակասել էր, սակայն տարբեր միջոցառումների շնորհիվ այժմ այլ պատկեր ունենք: Ավելին, այդ գծով մեր երեխաները միջազգային մրցույթներից վերադառնում են հաղթանակներով»,-ասաց Արմինե Ղազարյանը:

Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը, շնորհավորելով երեխաներին ունեցած հաջողության համար, նշեց, որ այս գործում մեծ ու կարևոր ներդրում ունեն իրենց ուսուցիչները:

« Գայանե Ռաֆայելյան, Տիրուհի Սարգսյան. մարդիկ են, որոնք ջանք ու եռանդ չեն խնայել իրենց սաների հետ աշխատանքում: Նման մրցույթներին երաժիշտը ձեռք է բերում պրոֆեսիոնալիզմ, փորձ: Բազմիցս ապացուցվել է, որ Հայաստանը, Երևան, Չայկովսկու դպրոցը տալիս է պրոֆեսիոնալ, լուրջ կրթություն, որը գնահատվում է արտերկրում: Շատ ակտիվացրել ենք միջազգային կապերը, ինչը ևս կարևոր է»,-ասաց Մարտուն Կոստանդյանն՝ ավելացնելով, որ վերջին տարիներին դասարանները համալրել են նոր գործիքներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում