«Տերը տվեց, Տերն էլ հետ առավ, թող օրհնյալ լինի Տիրոջ անունը»

«Տերը տվեց, Տերն էլ հետ առավ, թող օրհնյալ լինի Տիրոջ անունը»

Աշխարհում ամենատարածված մեղքերից մեկը տրտունջն է: Մարդը տրտունջի մեջ է ընկնում, քանի որ չի գնահատում այն, ինչ ունի և ձգտում է առավելին: Տրտունջը դեպի Երկնքի Արքայություն տանող գլխավոր խոչընդոտներից մեկն է: Ողջ մարդկային ցեղը միշտ որևէ բանից դժգոհ է, օրինակ՝ եթե տարիքային առումով նայենք, երեխաները ցանկանում են շուտ մեծանալ, մեծերը թաքցնում են իրենց տարիքը և դժգոհում՝ ասելով, թե ո՞ւր կորավ իրենց երիտասարդությունը: Երեխա չունեցողը դժգոհում է, որ երեխա չունի, իսկ ունեցողը՝ թե ծանրաբեռնված է ընտանեկան հոգսերով: Յուրաքանչյուրն իր ցավն է համարում ամենածանրը: Կան նաև մարդիկ, որոնք երջանիկ դառնալու բոլոր պարգևներն ունեն, բայց դժգոհում են իրենց վիճակից:

Որո՞նք են դժգոհության և տրտունջի պատճառները: Առաջինը՝ անհագ և թույլ կամքը. Ալեքսանդր Մակեդոնացին նվաճեց համարյա ողջ Ասիան, բայց դժգոհ էր: Ամուր և քաջ ոգին ջանում է իր ունեցածով բավարարվել: Դժգոհ լինելու մյուս պատճառը ծուլությունն է: Ավետարանում «Մնասների առակ»-ի այն ծառան, ում տերը մեկ մնաս էր տվել, դժգոհում էր իր վիճակից, քանի որ ծույլ էր, եթե անգամ իրեն հինգը մնաս տրվեր, նա կրկին կդժգոհեր (Ղուկ. 19:11-27): Աշխատասիրությունը մարդուն դարձնում է գոհունակ, իսկ ծուլությունը հակառակը՝ մարդուց վերցնում է այն, ինչ նա ունի՝ ավետարանական հետևյալ խոսքի համաձայն. «Ունեցողին ավելիով պիտի տրվի, իսկ չունեցողից պիտի վերցվի իր ունեցած ամենափոքր բաժինը» (Ղուկաս 19:26): Դժգոհության պատճառներից մեկն այն է, երբ մարդն իրեն մեկ ուրիշի հետ է համեմատում և կարծում, որ եթե ինքը լիներ այն վիճակում, որում դիմացինն է գտնվում, ավելի երջանիկ կլիներ: Դա ոչ այլ ինչ է, քան կանխակալ համեմատություն. մարդը տեսնում է դիմացինի կյանքի միայն արտաքին կողմը՝ ծանոթ չլինելով ներքին կյանքին, որ գուցե լի է բազմաթիվ անհանգստություններով: Որպեսզի մարդը դուրս գա դժգոհության մեղսալից ծուղակից, պետք է իր առջև ճշմարիտ նպատակակետ ունենա, իսկ հավատարիմ և անփոփոխ նպատակը մարդու համար նրա հոգու փրկությունն է: Երբ նպատակակետը ճիշտ է դրված, կյանքը հարստանում է բովանդակությամբ, և մարդն այլևս դժգոհելու պատճառ չի ունենում: Անհրաժեշտ է գիտակցել, որ աստվածային անսահման ողորմածության շնորհիվ է, որ մարդն ունի այն, ինչ ունի:

Անհնար է լիարժեք կյանք ապրել՝ ունենալով միայն նյութական բարիքներ: Տրտունջի հիմնական պատճառը հոգևոր կյանքի բացակայությունն է: Հուսահատության պատճառները ոչ թե կյանքի դժվարին հանգամանքներն են, այլ այն, թե մարդն ինչպես է դրանց վերաբերվում: Եթե անձը ներքնապես թույլ է և կյանքից միմիայն «նվերներ» է սպասում, ապա կունենա մշտական անհարմարավետության զգացում, ինչը կաթվածահար կանի նրա կամքը՝ ենթարկելով հուսահատության: Ըստ եկեղեցու հայրերի՝ հուսահատության և տրտունջի դեմ լավագույն դեղամիջոցը Աստծո հանդեպ երախտագետ լինելն է:

Տրտունջը հպարտության և հուսահատության մեղքերի արտահայտությունն է, որ հատուկ է նյութականին կառչած և թերահավատ մարդկանց: Այս մեղքը մարդուն վանում է Աստծուց և անհաղթահարելի պատնեշ կանգնեցնում նրա ու Աստծո միջև: Տրտունջը հոգևոր կուրություն է, որ մարդուն հեռացնում է աստվածային նախախնամությունից, այն անանցանելի խավար է, որ մահաբեր է դարձնում մարդու ուղին թե՛ ժամանակավոր և թե՛ ապագա կյանքի համար: Սուրբ Գիրքն ասում է. «Մի՞թե կավը բրուտին կարող է ասել, թե՝ ի՞նչ ես անում, ինչո՞ւ չես աշխատում, ձեռքեր չունե՞ս. մի՞թե ստեղծվածն իր ստեղծողին կարող է ասել, թե՝ ինչո՞ւ այսպես ստեղծեցիր ինձ» (Եսայի 45:9): Աստված յուրաքանչյուրի համար նախասահմանել է իր կյանքի ուղին և իր կյանքի խաչը: Յուրաքանչյուրին տվել է առանձնահատուկ օրհնություն, որ պետք է կրի իր ողջ կյանքի ընթացքում և նայած թե ինչպես կապրի, ըստ այդմ էլ կփրկվի կամ կկործանվի:

Շատ հաճախ դժվարության մեջ ընկնող մարդը Աստծո նախախնամության առջև խոնարհվելու, հույսը Տիրոջ վրա դնելու և ապաշխարելու փոխարեն, սկսում է դժգոհել և տրտնջալ, ինչը բացահայտում է նրա մեջ թերահավատության, եսասիրության ու հպարտության մեղքերի առկայությունը և աստվածային սիրո բացակայությունը: Աստվածաշնչի Հոբ Երանելու մասին պատմող գրքում կարդում ենք, որ Հոբն ուներ յոթ հազար ուղտեր, հինգ հարյուր լուծ եզներ և արածող հինգ հարյուր մատակ էշեր և բազմաթիվ սպասավորներ: Մեծամեծ գործեր ուներ նա երկրի վրա: Այդ մարդը բոլոր արևելաբնակներից ամենաազնվականն էր (Հոբ 1:3): Աստծո թույլտվությամբ նա կորցրեց իր զավակներին, իր ունեցվածքը, բայց չտրտնջաց և չհուսահատվեց, այլ ասաց. «Իմ մոր որովայնից ես մերկ դուրս եկա, մերկ էլ կվերադառնամ: Տերը տվեց, Տերն էլ հետ առավ: Թող օրհնյալ լինի Տիրոջ անունը» (Հոբ 1:21): Իսկ այսօր շատ հաճախ մարդիկ, երբ Աստծուց բարիքներ են ստանում, մոռանում են այդ մասին, իսկ դժբախտության հանդիպելիս սկսում են Աստծո դեմ տրտնջալ և թվարկել իրենց արած բարի գործերը: Այնինչ, Հոբի օրինակի համաձայն, անհրաժեշտ է չհուսահատվել, հույսը Տիրոջ վրա դնել և Հոբի նման ասել՝ Տերը տվեց, Տերն էլ հետ առավ, թող օրհնյալ լինի Տիրոջ անունը:

Կարինե Սուգիկյան

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում