Դանիել Վարուժան․ Հունձք կը ժողվեմ…

Դանիել Վարուժան․ Հունձք կը ժողվեմ…

Հունձք կը ժողվեմ մանգաղով,
– Լուսնակը յարս է-
Ակոս ակոս ման գալով,
– Սիրածս հարս է:

Գլխեբաց եմ ու բոպիկ,
– Անո՜ւշ են հովեր-
Արտերուն մեջ թափառիկ,
– Մազե՜րս են ծովեր:

Ցորեն, կակաչ, կարոտով,
– Կաքավը կու լա-
Կապեցի մե՛կ նարոտով,
– Ձեռքերն են հինա:

Հասկերուն մեջ, վերևեն,
– Ասուպը անցավ-
Աստղեր մյուռոն կը ծորեն,
– Դեմքը լուսացավ:

Քանի՜ խուրձեր շաղերով,
– Վարդենին թաց է-
Ես կապեցի խաղերով,
– Ծոցիկը բաց է:

Արտըս խոզանով մընաց,
– Կ՚երթա՜ լուսնակը-
Դեզերով լեռ եմ շինած,
– Սի՜րտս է կըրակը:

Մանգաղըս քարին եկավ,
– Յարըս յա՜ր ունի-
Քարեն լորիկը թըռավ,
– Լե՜րդըս կ՚արյունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում