Վարդգես Սուրենյանցի 160-ամյակին Ազգային պատկերասրահը նկարչին նվիրված ուսումնասիրություն է հրատարակել

Վարդգես Սուրենյանցի 160-ամյակին Ազգային պատկերասրահը նկարչին նվիրված ուսումնասիրություն է հրատարակել

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ Վարդգես Սուրենյանցի ծննդյան 160-ամյակի կապակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահը լույս է ընծայել մեծ արվեստագետին նվիրված գիտական ուսումնասիրություն, որն անդրադառնում է նրա գործունեության բոլոր բնագավառներին:

Գրքի հեղինակներն են Վիկտորիա Բադալյանը և
Հայ գեղանկարչության բաժնի վարիչ՝ Հայկուհի Սահակյանը:

 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սահակյանն ասաց, որ Վարդգես Սուրենյանցը Նոր շրջանի հայ կերպարվեստի ականավոր դեմքերից է: «Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում կրթություն ստացած արվեստագետը տիրապետում էր մի շարք օտար լեզուների, զբաղվում եվրոպական հեղինակների գրական ստեղծագործությունների և գիտական աշխատությունների թարգմանությամբ: Նա մշտապես եղել է Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Երևանի ու Թիֆլիսի գեղարվեստական կյանքի ամենագործուն դեմքերից և իրավամբ համարվում է պատմական ժանրի ու ազգային գրքարվեստի արդի ոճի հիմնադիրը հայ կերպարվեստում»,-շեշտեց նա:

Հայկուհի Սահակյանի խոսքով`Սուրենյանցի արվեստն իր ժամանակաշրջանի համատեքստում բավարար չափով չի ուսումնասիրվել մի շարք օբյեկտիվ պատճառներով: Հասունացել է նրա թողած գեղարվեստական ժառանգությունը 21-րդ դարում վերարժևորելու և վերաիմաստավորելու պահը: Վերջին տասնամյակների ընթացքում բավականաչափ աշխատանք է արվել Ազգային պատկերասրահում պահվող նրա ստեղծագործությունների և արխիվային նյութի ուսումնասիրության ու դասակարգման ուղղությամբ, որոնք արտացոլվել են այս գրքում:

«Ազգային պատկերասրահում Վարդգես Սուրենյանցի հավաքածուի ստեղծումից մինչ օրս դեռևս չի ուսումնասիրվել նկարների տեխնիկան, ինչն արվեց այս մենագրության ստեղծման ընթացքում թանգարանի նկարիչ-վերականգնողների օգնությամբ: Մյունխենի բարձրագույն տեխնիկական դպրոցի (այժմ՝ Մյունխենի տեխնիկական համալսարան) և Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի արխիվներում ճշտվել են նկարչի ուսումնառության տարեթվերը: Աշխատությունն անդրադառնում է արվեստագետի գործունեության բոլոր ոլորտներին՝ գեղանկարչություն, գրաֆիկա, ճարտարապետություն, գրքարվեստ, թատրոն, թարգմանություն: Տրված են նաև կյանքի և ստեղծագործության համառոտ տարեգրությունը, մասնակցությունը ցուցահանդեսներին, հիմնական մատենագիտությունը, հայ մշակույթի գործիչների անվանացանկը: Վարդգես Սուրենյանցի մասին կան բազմաթիվ ուսումնասիրություններ, սակայն նրա արվեստն անսպառ է և ունի դեռևս շատ չբացահայտված էջեր»,-ընդգծեց համահեղինակը:

Գրքը լույս է տեսել Հրանտ Աղասյան (Սանկտ Պետերբուրգ) հիմնադրամի մեկենասությամբ: Աշխատությունը հրատարակվել է ռուսերենով, որովհետև պատկերասրահի առաջնահերթ նպատակներից է Սուրենյանցի արվեստը ռուս մասնագետներին և արվեստասեր հանրությանը ներկայացնելը, քանի որ նա երկար տարիներ ապրել ու ստեղծագործել է Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Յալթայում: Անկասկած, սա հրաշալի հնարավորություն է ուսումնասիրությունը գիտական շրջանառության մեջ դնելու նաև Հայաստանի սահմաններից դուրս, անդրադառնալու Սուրենյանցի և ռուս մշակույթի բազմապիսի առնչություններին:

Անժելա Համբարձումյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում