«Գարնանային սալոն 2020» ցուցահանդեսում ներկայացվեց ավելի քան երկու հարյուր աշխատանք

«Գարնանային սալոն 2020» ցուցահանդեսում ներկայացվեց ավելի քան երկու հարյուր աշխատանք

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գարնանային սալոն 2020» խորագրով ցուցահանդեսում, որին մասնակցում են բացառապես Հայաստանի նկարիչների միության անդամները, միության երեք հարկում ներկայացված են կտավներ, քանդակներ և արվեստի այլ հետաքրքիր ցուցանմուշներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ցուցահանդեսը բացվեց մարտի 5-ին Նկարիչների միությունում: Այն կգործի մինչև մարտի 15-ը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհակալություն հայտնեց միության նախագահ Սուրեն Սաֆարյանին և միությանը վերջին շրջանում ակտիվ գործունեության և գարնանային գույներով ցուցահանդեսը կազմակերպելու համար: «Աշխարհը և ինքներս մեզ ճանաչում ենք, որպես եզակի պատմամշակութային կոթողների, պատմամշակութային ժառանգության տեր երկրի, բայց մենք ունենք աննկարագրելի ստեղծագործական պաշար, աննկարագրելի արվեստագետներ, որոնց շնորհիվ հնարավորություն ենք ստանում տեղեկատվական դաշտում և աշխարհին ներկայանալու որպես ժամանակակից մտածողությամբ, ժամանակակից միտումներին հետամուտ և ստեղծարար և ստեղծագործ մարդկանց երկիր»,-նշեց Խզմալյանն ու հավելեց, որ խնդիր ունենք հարստացնելու մեր գեղարվեստական դիմագիծը Հայաստանում և աշխարհում:

ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանն էլ ասաց, որ ցուցահանդեսը խորհրդանշում է գարունը և նվիրված է կանանց: «Մենք` արվեստագետներս, ամբողջ կյանքում մեր ստեղծագործությունները նվիրում ենք կանանց: Կինը մեր ոգեշնչման աղբյուրն է: Ես ամենաազնիվ, ամենաքնքուշ քարի վրա կանացի ֆիգուր եմ կերտել: Կինը մեզ համար ներշնչանք է: Մեր ամբողջ կյանքն է կանանց նվիրված, և այս ցուցահանդեսը մի փոքր առիթ է շեշտելու գարնան տրամադրությունը, կանանց նկատմամբ մեր սերը»,-ասաց Թոքմաջյանը:

Երիտասարդ նկարիչ Ավետիք Հարությունյանի ցուցադրած կտավը կոչվում է «Արմավենաշուշան»: Հեղինակը 14 տարի համբերատար սպասել է, որ արմավենաշուշանը ծաղկի, որպեսզի հնարավոր լինի այն պատկերել կտավի վրա: «Գարուն է, երկիրը ծաղկում է, կենդանանում, և այս կտավն անմիջական կապ ունի այդ տրամադրությունների հետ»,-նշեց նկարիչը:

Անդրադառնալով իր կոլեգաների գործերին`Հարությունյանն ասաց, որ ցուցահանդեսը ստացված է համարում, քանի որ բոլոր ստեղծագործություններն էլ յուրահատուկ են և ինքնատիպ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում