Կնոջ աստվածացումն ու մեղքը Դալիի ու Պիկասոյի՝ Ազգային պատկերասրահում ներկայացված գործերում

Կնոջ աստվածացումն ու մեղքը Դալիի ու Պիկասոյի՝ Ազգային պատկերասրահում ներկայացված գործերում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, Panorama.am։ «Արվեստագետը պետք է լավ ապրի, օգտվի կյանքի բոլոր վայելքներից, դա անդրադառնում է նրանց ստեղծագործություններում»,-Ազգային պատկերասրահում «Դալի և Պիկասո» ցուցահանդեսում ներկայացված ստեղծագործություններին ծանոթանալուց հետո Panorama.am-ի հետ զրույցում ասաց պատկերասրահի նախկին տնօրեն Փարավոն Միրզոյանը։

Նա նկատեց՝ հայաստանցի շատ լավ նկարիչներ կան, որոնք ստեղծագործելիս կաշկանդված են, տարիներ շարունակ նույն կերպ են նկարում, մինչդեռ արվեստը սիրում է ազատություն, խելահեղություն։

Միրզոյանը շատ է կարևորում, որ ցուցահանդեսին հատկապես ուսանողներին անվճար ծանոթանալու հնարավորություն լինի։

Երեկ երեկոյան Ազգային պատկերասրահում կայացավ «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի փակ բացումը, որին ներկա էին քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ, լրագրողներ։

Աշխարահռչակ իսպանացի նկարիչների 260 ստեղծագործություն՝ Ալեքսանդր Շադրինի հավաքածուից, մարտի 7-ից մինչև ապրիլի 26-ը կներկայացվի հայաստանցիներին ու օտարերկրյա հյուրերին։

Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն ակնկալում է, որ օրական կունենան 500-1500 այցելու։

Թիվն իրատեսական է համարում, քանի որ Հովհաննես Այվազովսկու գործերի ցուցադրության ժամանակ նման հոսք եղել է, ցուցահանդեսի բացման նախորդող օրերին էլ պատկերասրահը մեծաթիվ զանգեր է ստանում, հետաքրքրությունը մեծ է։

«Այն պատրաստի, շրջիկ ցուցահանդես է։ Ներկայացնում ենք պատարսատի կոնցեպցիա Հայաստանի արվեստասերներին»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ծատուրյանը։

Նա վստահեցնում է, որ ներկայացված բոլոր գործերն ունեն բնօրինակ լինելու մասին հավաստող փաստաթղթերը։

«Ոչ մեկին թույլ չեմ տա խաղալ Հայաստանի ազգային պատկերասրահի հեղինակության հետ, ի վերջո մենք խաբեբաներ չենք»,-ասաց Ծատուրյանը՝ խոստանալով, որ հայտնի արվեստագետների ստեղծագործություններ դեռ կներկայացվեն հայ արվեստասերներին։

Այս օրերին Երևանում է նաև «Ազգերի արվեստ» հիմնադրամի ղեկավար, մեկենաս, մասնավոր հավաքածուատեր Ալեքսանդր Շադրինը։ Նա խոստովանում է՝ իր առաջին սերը Դալիի քանդակներն են։

«Ինչպես տղամարդ՝ ես ցանկանում եմ զգալ ծավալ։ Իր գործերում Դալին աստվածացնում էր կնոջը, կինը նրա կուռքն էր։ Սիրում եմ նաև Պիկասոյի կերամիկական աշխատանքները։ Պիկասոյի գործերում տղամարդկային էներգիա կա, խելացնորություն, կնոջ մեղք»,-ասաց Շադրինը։

Նա էլ վստահեցնում է՝ ստեղծագործությունները բնօրինակ են.

«Սալվադոր Դալիի բրոնզե քանդակները ձեռք եմ բերել 2006 թվականին «Դալիի աշխարհ» Փարիզյան հիմնադրամից, որը ստեղծել էր նկարչի բարեկամ Բենիամին Լևին, վիմագրանկարները գնել եմ հայտնի հավաքորդ, Դալիի ընկեր Պիեռ Արժիլեի ընտանիքից 2011 թվականին։ 40 գործ եմ գնել, սա, կարելի է ասել, շատ խոշոր գործարք էր։ Պիկասոյի խեցեգործական լավագույն աշխատանքները գնվել են 2012-ին, «Christies» աճուրդային տնից, որոնք վաճառքի էր ներկայացրել Ռամյե ընտանիքը։ Հենց նրանց առանձնատանն է 72-ամյա Պիկասոն ստեղծել իր այս խեցեղեն գործերի շարքը»։

Մասնավոր հավաքածուից Հայաստան բերված 260 քանդակ, գրաֆիկա և խեցեղեն պահովագրված են, իրավական բոլոր ընթացակարգերը պահպանված են։

Տոմսերը կարելի է ձեռք բերել պատկերասրահի տոմսարկղից կամ պատվիրել առցանց ՝ TOMSER.AM։

Հետևեք մեզ նաև Telegram-ում