«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի նշանավոր երկերը

«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի նշանավոր երկերը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակի կապակցությամբ մարտի 26-ից դեկտեմբերի 16-ը Հայաստանում կանցկացվի «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնի բացման համերգը տեղի կունենա մարտի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգին հանդես կգա ճանաչված դաշնակահար Օլլի Մուստոնենը (Ֆինլանդիա):

Ծրագրում Բեթհովենի թիվ 4 դաշնամուրի կոնցերտն է և թիվ 4 սիմֆոնիան:

Ֆիլհարմոնիկ նվագախումբը փառատոնին կհնչեցնի Բեթհովենի ինը սիմֆոնիաները, ջութակի և դաշնամուրի կոնցերտները, Հայաստանի տարբեր համերգասրահներում կներկայացնի կոմպոզիտորի կամերային և վոկալ ժառանգությունը: Փառատոնին, բացի Ֆիլհարմոնիկ նվագախմբից, հանդես կգան նաև հայաստանյան այլ առաջատար կոլեկտիվներ:

Կանցկացվի երկօրյա գիտաժողով՝ Եվրոպայից հրավիրված բեթհովենագետների մասնակցությամբ, կիրականացվեն բազում հետաքրքիր միջոցառումներ:

Բեթհովենյան փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են դիրիժորներ Զավեն Վարդանյանը և Էդուարդ Թոփչյանը:

Փառատոնն իրականացնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում