Արտանիշում պեղումների ժամանակ հայտնաբերվել են մանկական կմախքներ

Արտանիշում պեղումների ժամանակ հայտնաբերվել են մանկական կմախքներ

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, Panorama.am: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվում են 2019 թ․ հուլիսին Արտանիշում՝ իրականացված պեղումներից հայտնաբերված մարդաբանական նյութերը։ ՊՈԱԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության, նաև՝ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտների համատեղ արշավախմբի կազմում /համաղեկավարներ՝ պ․գ․ թ․ Արսեն Բոբոխյան և ե․գ․թ․ Արշավիր Հովհաննիսյան/ ընգրկված է եղել նաև «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հաշվառման ու պահպանման բաժնի հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը։

Հնագիտական արշավախումբը նախորդ տարի պեղել է երկու դամբարան, մեկը՝ անհատական, մյուսը՝ խմբային թաղումներով։ Հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանի խոսքով, հետաքրքիր էր հատկապես խմբային թաղումը, քանի որ մի դամբարանում շուրջ 30 մարդկային կմախք են հայտնաբերել։

Մ․ թ․ ա․ 7-6 դարերով թվագրվող մարդաբանական նյութի մեջ կան նաև մանկական կմախքներ։ Հնամարդաբանն ասում է, որ գանգերից մեկը վերականգնվել է շուրջ 30 բեկորից։ Արդեն մասնակի վերականգնվել է 14 գանգ, որից 3-ը՝ մանկական։

Հասմիկ Սիմոնյանի փոխանցմամբ, աշխատանքների ավարտին և հնագետների հետ նեղ մասնագիտական քննարկումների արդյունքում կունենան ավելի հստակ պատկերացում դամբարանի պեղված հատվածի մասին։ Մասնավորապես՝ սեռատարիքային պատկերը, ինչ թաղման ծեսի մասին է խոսքը և այլն։

Հնագիտական արշավախումբն այս տարի էլ պեղումներ կիրականացնի Արտանիշում։

Լուսնկարները՝ ՊՈԱԿ-ի կայքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում