Հրանտ Ալեքսանյան․ Հըմ…

Հրանտ Ալեքսանյան․ Հըմ…

(Բառարկումներ)
– Եռակի դիմակ է ձեր փաղաքուշ դեմքին,
միջուկային ճամպրուկ-վահանակով ընտրյալ տիրակալներ:
Անսահման դող կա ձեր փափկասուն ու զորեղ ձեռքերի մեջ…
– Ամենուր վախի ուրվականներ են: Նրանց շքերթներից
ցած են գլորվում գունդուկծիկ երկիրն ու ժամանակը…
– Չկա ազատություն, մարդը գերին է իր երազանքի…
-Երկրի խաղաղությունը ահով ծվարել է
ճարտասանների ժխորի տակ…
-Դուք էլ պակասը չեք, շողոմաժպիտ բանագնացներ,
երբեք չես կռահի` ինչ կա նոթ-բուքերում եւ մտքի մեջ ձեր…
– Ավերողները նմանակում են կառուցողներին`
դափնեկիր դերասանի մեծաշնորհությամբ…
– Այս Թատրոնը գոնե հանգիստ դիտելու հնար ունենայինք…
– Ձեռքներդ հեռու իմ տխրությունից…
– Թող խոսի ամառը նաեւ սառցակալ ձմեռվա փոխարեն…
– Բաժանեք իրար միջեւ, ճանկեք միմյանցից,
մի պատառ անգամ թող չհասնի հլու արդարներին…
– Իշխանությունը համախմբում է արկածախնդիրներին,
հետո նրանց միջեւ քաշում ատելության ցանցառ փշալարեր…
– Ձեզ ինչ` թե հիմա բուրյան վարդեր չկան
իմ անձկության փակ ու տրտմադալուկ այգում:
Հողին հարցրեք` ինչ վառ սերմեր է նա դեռ պարտակում…
– Առեք իմ խնայած օրհնանքներից մեկը, անիծված բոզեր…
– Տար քեզ հետ ավաղ-ափսոսանքս, քայլերթի դրոշակակիր,
դու սիրելի թիրախն ես անքուն դիպուկահարի…
– Ջահ է` չի լուսավորում,
ճամփա է` առանց հանգրվանների…
– Բաց թող քո ներսի դառնության բազեներին,
երկինքն է նրանց խնամակալը…
– Հեռվից գալիս եք աղմուկ-աղաղակով:
Հեռանում եք խայթված գող ու համրի պես:
– Ոգեղեն խոսքի ծաղկեփնջեր կան մտքիս պարտեզներում`
անցնող փոթորիկներին ի պատախան…

18.06.2010 թ.

Հետևեք մեզ նաև Telegram-ում