Արտանիշում պեղումները վկայում են հնօրյա թաղման հետաքրքիր ծեսի մասին

Արտանիշում պեղումները վկայում են հնօրյա թաղման հետաքրքիր ծեսի մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասնագետները Գեղարքունիքի մարզի Արտանիշի դամբարանադաշտում իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերվել է 14 գանգ, որոնցից 3-ը` մանկական: Մարդաբանական նյութերը` կմախքները եղել են մասնատված, ինչը վկայում է թաղման հետաքրքիր ծեսի մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեցին պեղումների մասնակիցներ Մարիամ Ամիրյանը և Հասմիկ Սիմոնյանը:

Մարիամ Ամիրյանը նշեց, որ Արտանիշում առաջին անգամ են շարունակական պեղումներ իրականացվում: «Երկրաբանների հետ մենք իրականացրել ենք երկրաքիմիական հետազոտություններ՝ պարզելու համար, թե հողի մեջ ինչ այլ էլեմենտներ կան: Առանց պեղելու մենք փորձել ենք իմանալ, թե հողի մեջ ինչ կա: Սա նորություն է հայկական հնագիտության մեջ այն առումով, որ առաջին փորձն է, որն էլ հետագայում թույլ կտա առանց պեղելու իմանալ, թե այդտեղ ինչ ունենք»,-ասաց Ամիրյանը:

Մեթոդը փորձարկելու համար ընտրել են երկու դամբարանադաշտ` Արտանիշ-23-ը և Արտանիշ-29-ը: Ավելի շատ հետաքրքիր նյութեր դուրս են եկել Արտանիշ-29-ից, որը թվագրվում է Ք.ա. 8-6-րդ դարերով: Արտանիշ 23-ում երկրաբանները կարողացել են ֆիքսել ջրի մակարդակի բարձրացումն ու իջեցումը:

Հասմիկ Սիմոնյանը խոստովանեց` երբ սկսել են դամբարանը պեղել, չեն ակնկալել, որ այդ քանակի մարդաբանական նյութ դուրս կգա: «Մարդաբանական նյութը շատ խառն ու խիտ էր, չուներ ոչ մի անատոմիական դասավորվածություն, որոշեցինք, որ դամբարանը պեղում ենք այլ սկզբունքով: Դամբարանը կիսեցինք 4 մասի, 4 մասը սկսեցինք հանել շերտագրորեն, ինչպես անում են, օրինակ, փոքր տարածքներից հանած խառը ոսկորների պարագայում, որ հասկանանք, թե քանի մարդ է թաղված եղել, և արդյոք այդ մարդկանց կմախքներն ամբողջանում են, թե ոչ: Երբեմն չես կարողանում հասկանալ, թե որ գլուխը, որ ձեռքը ում է պատկանում: Առանձին հավաքեցինք գանգերը: Ընդհանուր առմամբ ունենք այս պահին վերականգնած 14 ամբողջական գանգ, որից 3-ը՝ մանկական: Բացի այդ, ունենք նաև 10 ստորին ծնոտ` առանց իրենց գանգերի»,-ասաց Սիմոնյանը:

Նա նշեց` թաղման ծեսի հետ կապված կարող են ենթադրել, որ ուղղակի տարբեր տեղերից մարդաբանական նյութերը հավաքել են, բերել ու թաղումը կատարել: Ըստ երկրորդ վարկածի՝ միգուցե եղել է զրադաշտական թաղման ծես: Հայտնաբերվել է նաև այրած մարդու սրունքոսկրի մի բեկոր, ամբողջական կմախքը չկա:

Հայաստանցի մասնագետները համագործակցում են նաև օտարերկրյա գործընկերների հետ` հասկանալու, թե արդյոք հայտնաբերվածները ազգակցական կապ ունե՞ն միմյանց հետ, թե ոչ: Թեև մարդաբանական տեսանկյունից ունեն բնութագրիչներ, որոնք արդեն իսկ խոսում են այն մասին, որ դրանք, հավանաբար, ազգակցական կապ ունեցող անձինք են:

Պեղումներն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Երկրաբանական գիտությունների ինստիտուտի համատեղ ջանքերով: Այս տարի արդեն աշխատանքներին միանալու են գերմանացի երկրաքիմիկոսներ, երկրաֆիզիկոսներ, նաև հնագետներ, պեղելու են ոչ միայն դամբարան, այլ նաև բնակատեղի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում