Աշոտ Ավդալյան. «Արևանթեմ» անտիպ բանաստեղծությունների ժողովածուից

Աշոտ Ավդալյան. «Արևանթեմ» անտիպ բանաստեղծությունների ժողովածուից

Եվ արևը
Բարին հողով առաքեց,
Ժամանակի շունչը կիսվեց հացից շատ,
Կենդանացան մրջյունները այս դարի,
Շարժվեցին առաստաղից մինչ հատակ:

Արևն ելավ,
Մահը ոչինչ չտեսավ,
Հողը կիսվեց, առուն կիսելն է դժվար,
Երբ մարդկային վեճը հասավ արևին,
Մայրամուտ էր, ոսկու ժամ էր,
երկնի պահ:

Լույսը իջավ.
Մութն արևով հավաքվեց,
Աստղերի մեջ եղավ լուսնի առավոտ,
Երբ մարդկային վիշտը հասավ արևին,
Առավոտ էր, լույսի շաղ էր, արյան պար:

* * *
Եվ արեգակ ամենուր,
Եվ բերկրալի առավոտ,
Մեղուների հեշտանքներ,
Կապը կտրած ծաղիկներ,
Երազ, գույներ, կանաչ խոտ.
Հողը այդքան հեշտասե՞ր:

Եվ արեգակ ամենուր,
Եվ երակներ, որ չկային,
Եվ անթեղներ կրակոտ,
Եվ աղջիկներ-ի՜նչ մազեր:

Եվ արեգակ ամենուր.
Տաք քարերի հաշտություն,
Ներքին աղմուկ, գույնի տապ.
Երազ լցվիր-մահ չկա.
Մահը այդքան հաշտասե՞ր:

* * *
Նախ գեղեցիկ եղավ պահը արշալույսի,
Եվ երկինքը թռչնապարով կենդանացավ,
Ստվերները ծանակել էին լուսնի լույսին
Եվ արևի շողերի մեջ փարթամացան:

Եվ փողոցները քնարական հերոսներով
Էպիկական շնչով ելան շուրջն արևի,
Ու ներկելով շուրթերն իրենց
կարմիր գինով
Տիրոջ մառանը լափեցին վերջալույսին:

Եվ կույր ճանճեր պատուհանի վրա մեռած,
Ճանճեր, որոնք ոչ մի հեքիաթ չեն վաճառել,
Կյանք են տվել միայն իրենց նմանակին,
Շատ են սիրել
քաղցրությունը մեղրահացի:

Եվ երազներ, որ ապրում են մինչև կեսօր,
Ու հանձնվում ողբամեծար քամիներին,
Եվ իջնում է արեգակը կարմիր-կլոր
Հոգեհանգիստ, հոգեպարար վերջալույսին:

* * *
Ըստ միջնադարյան այրող երգերի
լույսը շատացավ,
Արթնացումի պահ եղավ հողեղեն իմ աչքերի մեջ,
Եվ հարուստ էի ես,
Ինչպես որ հողը գարնան շեմի մոտ,
Նաև անզգա,
Գինով արբեցած,
Հին աստվածուհու ստինքների պես:

Եվ կանգնել էի ես,
Որ հայտնությունը հարություն տար ինձ
Եվ պատկերավոր լռությամբ լցներ
Երակներիս մեջ արթնացող ոգուն,
Եվ թոկից փախած մարմնիս ձևերին
Իր արեգնային թողությունը տար:

Եվ արեգակը բարձր է, շատ բարձր,
Եվ լույսը ընկած իմ ոտքերի տակ,
Եվ լույսը թովված աչքերիս լույսով,
Եվ հայտնության պահ արեգնամրուր:

Լույսը լուսացավ,
Եվ տիտանական ըմբոստացումն իմ,
Դեմ դիմաց կանգնեց լույսի հանճարին,
Ու խառնվեցին, մերձեցան իրար
Արեգակ մի ծուռ, մի ծուռ հողեղեն,
ու մի ծուռ հեղեղ:

* * *
Լույսը իջավ եկեղեցուն
Ու գավիթից նոր հաղորդվեց,
Սարսռացին խոտերը չոր,
Եվ աղավնին օրը բացեց:

Ճերմակ, ճերմակ լույսի շիթեր
Արեգակից վար նայեցին:
Ճերմակ, ճերմակ աղավնիներ
Եկեղեցուց վեր խոյացան:

Եկեղեցին հիշեց մի պահ
Միջնադարյան աղմուկը հին,
Եկեղեցին մերվեց մի պահ
Զանգակատան հզոր ձայնին:

Հողը կարծես թույլ սարսռաց,
Շիրմաքարերն իրար եկան,
Մի աղավնի, նայիր, հասավ,
Կարմիր, կարմիր արեգակին:

Եկեղեցին կամաց, ներհուն
Սև քաթանե շապիկն հանեց,
Լույսը իջավ եկեղեցուն
Ու գավիթից ներս հաղորդվեց:

* * *
Ամպերի մեջ օրը մթնեց,
Աչքերիս մեջ լուսնկան,
Ամպերն իրար, աչքերս իրար,
Գութան չունենք,
Աստված չունենք,
Արևը մեզ պահապան:

Այն թռչունին ինձ մոտ կանչեմ,
Ես մենակ եմ, դառնանք երկու,
Ես՝ թռչունին, թռչունը՝ ինձ,
Գութան չունենք,
Աստված չունենք,
Արևը մեզ պահապան:

Հողը փխուր, ջուրը մոտիկ,
Աստծու ձեռին ցորեն հատիկ,
Ես՝ ցորենին, ցորենը՝ ինձ,
Գութան չունենք,
Աստված չունենք,
Արևը մեզ պահապան:

* * *
Արև, վեր կաց, սիրտդ բաց,
Թող կարմրեն սարերը,
Թող կարմրեն ծառերը,
Շառագունեն հասկերը:

Երկնքում բոց, բոցն արյուն,
Ճառագայթներ սյուն առ սյուն:

Արև, ինչքան ինձ այրես,
Երկու անգամ սարերին,
Երկու անգամ ծառերին,
Երկու անգամ հասկերին:

Սարերի մեջ գարուն կա,
Ծառերի մեջ բարին կա,
Հասկերի մեջ արյուն կա:

Այրվիր օրհնած, լույսդ շատ,
Կուրծքդ մերկ է, կաթն է շատ:

Ես հողեղեն, հողը շատ,
Վե՛ր կաց, արև, կուրծքդ բաց,
Այն հասկերի սիրտը տար,
Մարմինը թող հողերին:

* * *
Կարմիր է հողը
Վարդավառի տաք սրտերի նման:

Ու կարմրում է երգի մեղեդին,
Երջանկությունից հալվում է օրը,
Եվ արեգակի կարմիր փեշերից
Շղարվում է ցած տաք երջանկություն:

Եվ աղջիկների մատաղ սրտերից
Փախչում են կարմիր տաք երիվարներ,
Փախչում են, վազում, ծիծաղում կարմիր,
Հար, անխոս, ինչպես աստվածուհիներ:

Եվ արեգակը հալվում է մի պահ,
Կարմիր հարսների կապույտ աչքերին,
Կարմիր վարսերին, կանաչ փեշերին,
Որ վարդավառի օրհնությունը տա:

Կարմիր է հողը,
Վարդավառի տաք երկնքի նման:

* * *
Թող գիշերը գա,
Թող լինի քամի,
Թող քեզ ունենամ, գիշերը մարի:

Օ՜, բավական է, քույր՝ արեգածուռ,
Որ քո փոխարեն
Այս արևելյան տաք գիշերներին
Մեկ-մեկ ընդունեմ:

Նայիր հարսներին, գոտիներն արձակ,
Տաք մահիճներում հրդեհ է, կրակ:

Նայիր աստղերին, ոնց են տառապում,
Եվ գգվիր, գգվիր, ծիծաղիր… կամաց:

Թող գիշերը գա,
Թող լինի քամի,
Թող քեզ ունենամ, գիշերը մարի:

* * *
Երբ հերադուլ կանայք իջնեն մեհյանից,
Սրտանոցներն ամրացնելով քայլ առ քայլ,
Ես կժպտամ ու կնայեմ աչքերիդ,
Օ, երանի շեկ ծծերիդ, արեգակ:

Լուռ կըմբոշխնեմ հմայքները տարփագեղ,
Նրանց կապույտ աչքերի մեջ կայրվեմ,
Տաք հյուսքերդ թե արձակես, կխնդամ.
Օ, երանի շեկ ծծերիդ, արեգակ:

Նրանց հպարտ, հավատալիր աչքերում
Վարդավառի ջրերն անուշ կխշշան,
Ես Անահիտ աստվածուհուն կժպտամ,
Օ, երանի շեկ ծծերիդ արեգակ:
Երբ հերադուլ կանայք գնան, հեռանան,
Սրտանոցներն ամրացնելով քայլ առ քայլ,
Ես կնայեմ երինջների աչքերին,
Եվ աչքերից արյան ծովեր կժպտան:

Ու երբ նրանք երազ դառնան, հեռանան,
Կմոտենամ, շրթունքներդ կհամբուրեմ,
Ու կդառնա հեթանոսի սրբություն,
Օ, երանի շեկ ծծերիդ արեգակ:

ՔԱՄԻՆԵՐԸ

Քամիները ահա փափուկ սուլոցներով,
Քրտինքի մեջ կորած ու աչքերում արյուն,
Խուլ ձորերում թողած
տառապանքը իրենց,
Շարժվում են հեռուն, հեռուն,
հեռուն, հեռուն:

Մարդկանց ձգտումներն իրենց
ուսին առած
Ու կողերի մեջ բազում անեծք, հառաչ,
Մարդկանց հայացքներից
կորանալով մի քիչ,
Քամիները կարծես բանաստեղծ են փնտրում:

Քամիները մի տեղ թուլանում են մեկից,
Քամիները մի տեղ էլ չեն հասնում ծովին:
Քամիները մի տեղ իրենց բեռը թողած,
Իրենց համար թաքուն
շիրիմներ են փնտրում:

Հետո նրանք հանգիստ
թավալվում են գետնին.
Քամիները մի տեղ բանաստեղծ են ծնել:

* * *
Եվ ծառերը հոգնած,
Անդառնալի հոգնած,
Պոռնիկների տխուր առավոտվա նման,
Տարուբերվում, կքվում,
շնկշնկում են կամաց,
Սպասում են կանաչ երանության պահին՝
Հավերժորեն խաբված:

Քամին, քամին, քամին,
Ու քամիներ անսանձ,
Փողոցներում շրջող ժամանակից խաբված,
Հրկիզում են տագնապն իրեղենի, հողի,
Թափառում են լույսի անփույթ իմաստությամբ,
Հեգնանքի մեջ արթուն, արբեցումով հղի,
Շիրիմներին հպվում,
խենթանում են արյամբ:

Քամին, քամին, քամին…

* * *
Առավոտ է,
Արևանթեմ լիզող տաք աչք,
Արևանթեմ բացող տաք աչք,
Արևանթեմ, արևանթեմ, արևահոտ,
Կանա՜չ, կանա՜չ:

Առավոտ է,
Երկու ծաղիկ, երկու հեքիաթ,
Երկու մարմին արևակամ,
Լիզում են հողն արևախաշ,
Աչքերը փակ, սրտերը խակ.
Կանա՜չ, կանա՜չ:

Առավոտ է.
Արևանթեմ ծաղկեցնող աչք,
Արևանթեմ ապրեցնող աչք,
Արևանթեմ, արևանթեմ, արևահոտ,
Կանա՜չ, կանա՜չ:

Աղբյուր՝ Grakantert.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում