ՀՀ-ում Մեքսիկայի պատվո հյուպատոսության նախաձեռնությամբ դասախոսություն անցկացվեց ԵՊՀ-ում

ՀՀ-ում Մեքսիկայի պատվո հյուպատոսության նախաձեռնությամբ դասախոսություն անցկացվեց ԵՊՀ-ում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի պատմության, մշակույթի, ավանդույթների և սովորույթների նկատմամբ ուսանողների հետաքրքրությունը մեծացնելու նպատակով ՀՀ-ում Մեքսիկական Միացյալ Նահանգների պատվավոր հյուպատոսության նախաձեռնությամբ Երևանում Մեքսիկային նվիրված դասախոսությունների շարք է իրականացվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դասախոսություններից մեկը տեղի ունեցավ մարտի 12-ին Երևանի պետական համալսարանում: Այն վարեց Ուրուգվայի հյուպատոսի կինը` Անա Պաուլա Գարսիա Սելիսը:

Ներկա էին ինչպես ուսանողներ, այնպես էլ` դասախոսներ:

«Մեր համալսարանում բավականին հաճախ են նմանատիպ միջոցառումներ` դասախոսություններ, պրեզենտացիաներ կազմակերպվում: Գալիս են հյուրեր արտասահմանից` ԱՄՆ-ից, Իսպանիայից, այլ երկրներից: Իսպաներենն իմ երկրորդ օտար լեզուն է, բայց ինձ հնարավորություն են տվել մասնակցել այս դասախոսությանը, ինչն ինձ համար շատ կարևոր է: Գովելի է, որ երկրորդ օտար լեզուն ստվերում չի մնում և ուշադրության է արժանանում»,-նշեց ուսանողուհի Մարի Տոնոյանը:

Նա շեշտեց, որ իրեն շատ դուր եկավ նյութի մատուցման ձևը: «Երկրորդ տարին է, որ իսպաներեն ենք սովորում, բայց կարողացանք լիարժեք հասկանալ այն, ինչ ասվում էր: Նյութն էլ հետաքրքիր էր` հարուստ ինֆորմացիայով»,-ընդգծեց նա:

2011 թվականին Ավստրալիայից Հայաստան եկած Տիգրան Սահակյանը, որը երրորդ կուրսի ուսանող է, դասախոսությունն համակ ուշադրությամբ լսելուց հետո ասաց, որ Մեքսիկայի մասին շատ բան գիտի և ներկայացված նյութի մեծ մասն իրեն ծանոթ էր: «Հետաքրքիր են Մեքսիկայի պատմությունը, ներկայիս քաղաքականությունը, մարդկային հարաբերությունները, բարբառները, որոնք երբեմն չափազանց դժվար է հասկանալ: Այս պրեզենտացիան բավականին հետաքրքիր էր և դյուրըմբռնելի»,-նշեց ուսանողը:

Մեքսիկական Միացյալ Նահանգների պատվավոր հյուպատոսությունը Հայաստանում իր դռներն է բացել անցյալ տարի: Այդ կապակցությամբ կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ`ցուցահանդեսներ, ֆիլմերի փառատոն: Հետաքրքիր նախաձեռնություններ են իրականացվել ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում: Հյուպատոսության նպատակը Հայաստանում Մեքսիկայի պատմությունը, լեզուն, մշակույթն ու ավանդույթները առավել ճանաչելի դարձնելն է:

Դասախոսությունը նույնպես այդ նպատակով իրականացվեց: Մարտի 13-ին նման միջոցառում կլինի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, իսկ կանանց տոների կապակցությամբ շուտով «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվելու է «Ներքին պայքար» փաստավավերագրական ֆիլմը, որը պատմում է այն մասին, թե ինչպես են Մեքսիկայում ապրող կանայք, որոնք բազմաթիվ դժվարությունների միջով են անցել, կարողանում հաղթահարել բոլոր անջրպետներն ու առաջ նայել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում