Աստծո առաջ ամենքը՝ հավասար

Աստծո առաջ ամենքը՝ հավասար

Քրիստոսով խտրություն չկա կնոջ և տղամարդու միջև (Գաղ. 3:28)

Մեր օրերում հաճախ են հնչում զանազան մեկնաբանություններ, համաձայն որոնց՝ կնոջ կերպարն Աստվածաշնչում ստորադասվում է: Պատճառը գուցե այն է, որ Սուրբ Գրքում ասված է, թե սկզբում ստեղծվեց տղամարդը, հետո` նրա կողից կինը` որպես տղամարդու օգնական (Ծննդ. 2:18): Ինչպե՞ս են մեկնաբանում այս արտահայտության թյուրըմբռնողները: Նրանք կարծում են, թե այսպիսով ցույց է տրված տղամարդու գերակայությունը, այն, որ Աստված նախ տղամարդուն է մարդ համարում, ապա միայն կնոջը: Նման կերպ մեկնաբանողները, սակայն, մոռանում են և կամ բաց են թողնում այն հանգամանքը, որ Աստված արարչագործությունից հետո պատգամում է ստեղծված երկուսին հավասարապես. «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրեցե՛ք դրան, իշխեցե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա» (Ծննդ. 1:28):

Եթե Աստված լիներ այնպիսին, ինչպիսին մեկնաբանվում է, նա կմատնանշեր նաև կնոջը և կհրամայեր տղամարդուն իշխել նրա վրա նույնպես: Սակայն Աստված մեզ բոլորիս իսկապես տեսնում է հավասարության մեջ, և յուրաքանչյուրին տալիս է նույն պատգամը: Ընդ որում, իշխել ասելով՝ ոչ թե նկատի ունի սպառել, վատնել, այլ հոգ տանել, ծաղկեցնել և ավելի լավը դարձնել:

Այլ հարց է, որ Աստված ցանկանում է յուրաքանչյուրին տեսնել իր դերում, որը թեև հավասար է, սակայն տարբեր՝ իր գործառույթներով: Երբ դրախտից վտարվեցին առաջին մարդիկ, Աստված դժվարություններ դրեց այն գործունեությունների մեջ, որոնք հատուկ էին տղամարդուն և կնոջը: Տղամարդուն ասվեց, որ քո երեսի քրտինքով պիտի ուտես քո հացը, իսկ կնոջը ցավ ու դժվարություններ տրվեցին որդեծնության մեջ (Ծննդ. 3:16, 19):

Սակայն այս ամենը չի վերաբերում որևէ մեկի առավել լինելուն: Ինչպես Աստծո սերը, այնպես էլ նրա կողմից տրված դժվարությունները բաշխված են հավասար կերպով՝ սահմանելով այս երկու արարածների դերը և գործառույթները:

Շփոթություն է առաջացնում նաև կնոջ՝ քողի, գլխաշորի գործածումը եկեղեցի մտնելիս: Այս երևույթը մեկնաբանվում է իբրև կնոջ ստորադասում: Սակայն այս շփոթությունը մեկնաբանենք քողի գործածության մասին պատվիրած առաքյալի խոսքերով, ով նաև ասում է, որ Քրիստոսով խտրություն չկա ոչ ոքի, այդ թվում կնոջ և տղամարդու միջև (Գաղ. 3:28):

Հետևեք մեզ նաև Telegram-ում