Նոր բռնկումներն ու մշակույթը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Irates.am: Թագավարակի (կորոնավիրուսի) նոր բռնկումները Հայաստանում նոր մարտահրավերներ են ենթադրում: Թվում էր` մեր «հյուրընկալ» երկրում ահագնացող վիրուսը անելիք չունի: Մեկ-երկու օր դատարկվեցին փողոցները, մեկ շաբաթով փակվեցին ուսումնական հաստատությունները, ու անցանք բնականոն կյանքի: Մշակութային հաստատությունները կառավարությունից հրահանգ չստանալով՝ այդ օրերին շարունակեցին իրենց գործունեությունը:
Աշխարհի տարբեր երկրներում թագավարակի տարածման պատճառով տարեսկզբից փակվում, հետաձգվում կամ չեղարկվում են հանրային տարածքներում անցկացվելիք մեծ թվով միջոցառումներ՝ գրքի միջազգային փառատոներ, ցուցահանդեսներ։ Թանգարաններն ու պատկերասրահները փակում են իրենց դռները, անգամ անորոշ ժամանակով փակվել էր Ֆրանսիայի Սուրբ Լյուդովիկոս Ֆրանսիացու տաճարը (նման նախազգուշական միջոցներ էին ձեռնարկվել քահանայի հոսպիտալացումից հետո): Ի դեպ, Լոնդոնի, Լայպցիգի և Բոլոնիայի գրքի միջազգային ցուցահանդեսներին մասնակցելու էր նաև Հայաստանը: Առաջին երկուսը չեղարկվել են, վերջինը՝ Բոլոնիայի մանկական գրքի միջազգային ցուցահանդեսը, հետաձգվել:
Այն, որ մարդիկ սեփական նախաձեռնությամբ հնարավորինս ինքնամեկուսացվում են, խուսափում հանրային միջոցառումներից, անգամ սահմանափակում են անհատական շփումները, գուցե և խելամիտ է: Կփակվե՞ն դպրոցներն ու մանկապարտեզները, կանգ կառնի՞ մշակութային կյանքը, կամայանա՞ն փողոցները, պարզ կլինի առաջիկայում:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում