Կարո Փայլանը հայկական վնասված եկեղեցու վերաբերյալ հարցում է ուղարկել Թուրքիայի մշակույթի նախարարին

Կարո Փայլանը հայկական վնասված եկեղեցու վերաբերյալ հարցում է ուղարկել Թուրքիայի մշակույթի նախարարին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Tert.am: Փետրվարի 24-ին Թուրքիային սահմանամերձ իրանական Խոյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնասվել է Վանի Բաշքալե շրջանի Ձորադիրի Սուրբ Էջմիածին կիսավեր եկեղեցին: Երկրաշարժի հետևանքով մասնավորապես փլվել է եկեղեցու աջակողմյան որմնախորշը:

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ եկեղեցու հետագա ճակատագրի, մասնավորապես՝ հնարավոր վերականգնման մասին հարցում է ուղարկել Թուրքիայի մշակույթի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին:

Հայ պատգամավորը նախարարին դիմել է հետևյալ հարցերով՝ արդյոք ճշտվե՞լ է Վանի Բաշքալե շրջանի հայկական Ձորադիրի Սուրբ Էջմիածին եկեղեցու կրած վնասի չափը, պատմական ու ճարտարապետական մեծ արժեք ունեցող այս եկեղեցու վնասները վերացնելու համար գումար տրամադրվելո՞ւ է, վրակառուցման աշխատանքներ սկսվելո՞ւ են, Վանում գտնվող և երկրաշարժից տուժած մյուս մշակութային կառույցների մասով վնասների ճշտման աշխատանքներ կատարվե՞լ են, արդյոք գույքագրվա՞ծ են Վանի մշակութային հուշարձանները, ո ՞րն է մշկույթի նախարարության գործողությունների ծրագիրը Վանի մշակութային հուշարձանների պահպանման, վերակառուցման և հաջորդ սերունդներին փոխանցելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում