Սաղմոս ՃԻԴ

Սաղմոս ՃԻԴ

Աստիճանների օրհներգություններ

Այս սաղմոսով հայտնում է անսասան հույսի մասին, որ պետք է անսասանություն ունենանք Տիրոջ հանդեպ՝ ասելով.

1. Ո յուսոյ ի Տէր, որպէս լեառն Սիովն, մի սասանեսցի յաւիտեան՝ որ բնակեալն է յԵրուսաղէմ:

Ով ապավինում է Տիրոջը, նման է Սիոն լեռանը, Երուսաղեմում բնակվողը հավիտյան չի սասանվի:

Որևէ ուրիշ լեռան չի նմանեցնում Տիրոջն ապավինածին, այլ՝ Սիոնին, որ բազմաթիվ չարչարանքներ, ավերածություն և այլ բաներ կրեց, սակայն նորից վերաշինվեց: Լեռանը նմանվեցին Դանիելը և երեք մանուկները, թեև գերության մեջ ընկան այլ վայրում, սակայն անսասան մնացին աստվածպաշտության մեջ ինչպես Սիոն լեռը, որ Երուսաղեմի ավերման ժամանակ անսասան մնաց ինչպես որ էր և շարունակում է մնալ Երուսաղեմում: Նաև արդարները պետք է նմանվեն վերին Սիոնին, որտեղ ապականություն չկա:

2. Լերինք շուրջ են զնովաւ. Տէր շուրջ է զժողովրդեամբ իւրով՝ յայսմհետէ մինչև յաւիտեա:

Ինչպես որ նա շրջապատված է լեռներով, այնպես Տերն իր ժողովրդի շուրջն է՝ այսուհետև մինչև հավիտյան:

Երուսաղեմով զգալիներն են հայտնի, իսկ Տիրոջով՝ իմանալիները, որ նրա շուրջն են հավաքվում: Նաև՝ վերին Սիոնով՝ հրեշտակները, որ հրեղեն լեռներ են, և Տերն էլ համախմբում է նրանց՝ այսուհետև մինչև հավիտյան:

3. Ոչ թողու Տէր զգաւազան մեղաւորաց ի վիճակս արդարոց, և արդարք մի ձգեսցեն զձեռս իւրեանց յանօրէնութիւն:

Տերը չի թողնի, որ մեղավորների գավազանը որոշի արդարների վիճակը, և արդարներն իրենց ձեռքերը պիտի չերկարեն անօրինության:

Նկատի ունի հեթանոսների թագավորներին, ըստ այն բանի, թե՝ «Վա՜յ ասորեստանցիներին, որոնց ձեռքին է իմ բարկության ու զայրույթի գավազանը, քանզի իմ բարկությունն անօրեն ազգի վրա պիտի արձակեմ» (Ես. 10:5-6): Նաև չթողնել ասելով նկատի ունի չերկարելը, բայց արդարները իրենց ձեռքերը պիտի չերկարեն անօրինության, քանզի արդարներին վայել չէ նույնիսկ անօրինության որևէ չնչին գործ [կատարել], ինչպես որ չի կարող լույսը միավորվել խավարի հետ:

4. Բարի առնէ Տէր բարեաց. և այնոցիկ, ոյք ուղիղ են որտիւք:

Տերը բարիք է գործում բարիներին և նրանց, որ ուղիղ են սրտով:

Քանզի Տերն արդարություն իմացող է, ընտրողաբար բարիներին բարիով է հատուցում, որոնք արժանի են, ըստ այս խոսքի՝ «Ինչ չափով որ չափում եք, նրանով պիտի չափվի ձեզ համար» (Մատթ. 7:2): Եվ նրանց հանդեպ, ովքեր սրտով ուղիղ են, բարիք է գործում, և նրանց, ովքեր ուղղամիտ են հավատքի մեջ, սակայն գործով չեն կարողանում, ինչպես վիրավոր ու հիվանդ Ղազարոսն էր, որ վշտերն ուղղամտորեն էր կրում:

5. Իսկ զթիւրեալսն յափշտակութեամբ, տանի զնոսա Տէր ընդ այնոսիկ, ոյք գործեն անօրէնութիւն. խաղաղութիւն ի վերայ Իսրայէլի:

Իսկ հափշտակությամբ համակվածներին Տերը կկործանի նրանց հետ, ովքեր անօրինություն են գործում: Խաղաղությո՛ւն Իսրայելին:

Որ ընկերոջ հանդեպ բարիք գործելու փոխարեն մի բան էլ հափշտակում է նրանից՝ շեղվելով օրենքից, Տերը կկործանի նրանց հետ, ովքեր իրենց բնությամբ անօրեն են և գործով չար՝ տանելով դեպի կորուստ և ապականություն, ինչպես Հուդան էր, որ շեղվեց առաքելական պատվից՝ հափշտակելով երեսուն արծաթը, սատանայի և տիրասպանների հետ տանջանքների է մատնվելու: Իսկ օրինապահները, որ միայն նրա օրենքին են նայում և Աստծուն, մշտապես խաղաղության մեջ են, ինչպես Տերը հարությունից հետո ասաց. «Խաղաղություն ձեզ» (Ղուկ. 24:36), և Պողոսն էլ. «Եվ թող խաղաղությունը լինի…Աստծու Իսրայելի վրա» (Գաղ. 6:16):

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում