Ազգային ակադեմիական թատրոնի շրջակայքը բարեկարգվում է, նախատեսվում են առաջնախաղեր. Վարդան Մկրտչյան

Ազգային ակադեմիական թատրոնի շրջակայքը բարեկարգվում է, նախատեսվում են առաջնախաղեր. Վարդան Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շրջակայքը երկար տարիներ անմխիթար վիճակում գտնվելուց հետո բարեկարգվում է: Վերականգնվում են նաև թատրոնի ձմեռային այգու որոշ հարթաքանդակներ: Թատրոնին աջակցում է Երևանի քաղաքապետարանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն ասաց, որ շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են: «Թատրոնի հարակից տարածքը, կենտրոնական մուտքը, դեպի թատրոն տանող ֆրանսիական դեսպանատան քայլուղին, ինչպես նաև թատրոնի ծառայողական մուտքի դիմացի հատվածն անբարենպաստ վիճակում էին: Տարիներ շարունակ քայքայվել, քանդվել, ծռվել և քայլելու համար անհարմար են դարձել հատկապես Գրիգոր Լուսավորիչ փողոցից դեպի կենտրոնական մուտք տանող աստիճանները: Մենք պարբերաբար փորձել ենք սեփական ուժերով ինչ-որ բան անել, բայց հասկացանք, որ փոքր նորոգումներով հարցը չի լուծվի»,-նշեց Մկրտչյանն ու հավելեց, որ թատրոնի աշխատակիցները նաև մեքենաների կայանատեղիի խնդիր ունեին:

Մկրտչյանը դիմել է Երևանի քաղաքապետին, Ճանապարհային ոստիկանության պետին՝ խնդրելով թատրոնի դիմացի հատվածը սահմանել որպես թատրոնի ծառայողական ավտոկայանատեղի: «Ազգային ակադեմիական թատրոնի դերն ու դիրքը քննարկման առարկա չեն: Մայր թատրոնում խաղում են բազմաթիվ վաստակաշատ և փայլուն արտիստներ, որոնք տարիներ շարունակ ծառայել են թատրոնին: Ներկայացումից առաջ նրանք գալիս են թատրոն և մեքենան կայանելու տեղ չեն գտնում: Մեզ ընդառաջեցին նաև այս հարցում: Վերջնարդյունքում մենք կունենանք շրջակա միջավայրի բավական բարեկարգված, նորոգված, ներկայանալի վիճակ: Հանդիսատեսին սպասարկելն ավելի կհեշտանա: Հաշմանդամություն ունեցող մարդկանց մուտքը թատրոն նույնպես դյուրին կդառնա: Մենք կանգ չենք առնելու, և մեր նպատակն է անընդհատ զարգացնել թատրոնը բոլոր ուղղություններով` այն համապատասխանեցնելով 21-րդ դարի պահանջներին»,-ընդգծեց թատրոնի տնօրենը:

Նա անդրադարձավ նաև թատրոնի ձմեռային այգուն` նշելով, որ անհիշելի ժամանակներից այգում կան սպիտակ ձողեր, որոնց արանքներում՝ հետաքրքիր հարթաքանդակներ: Յոթ հարթաքանդակից միայն երկուսն են պահպանվել: Երբ Վարդան Մկրտչյանը ստանձնել է թատրոնի տնօրենի պարտականությունները, հինգ հարթաքանդակն արդեն իսկ չեն եղել: Նրա խոսքով՝ ոչ ոք չի հիշում, թե որտեղ են դրանք կամ ինչպես են անհետացել:

Դիտելով թատրոնի հին լուսանկարները, որոնցում երևում են հարթաքանդակները, նկարիչ Գարեգին Եվանգուլյանի օգնությամբ զրոյից պատրաստվել են նոր հարթաքանդակներ, որոնք շուտով տեղադրվելու են համապատասխան վայրերում:

Խոսելով ձմեռային այգու և թատրոնի մուտքի պատուհանների մասին՝ Մկրտչյանն ասաց, որ դրանք կեսդարյա պատմություն ունեն, և դրանց մաքրության, պահպանության, ջերմության ապահովման խնդիրներ են առաջանում:

«Այդ ապակիները վտանգավոր են, բայց նորերով դրանց փոխարինումը շատ բարդ է և մեծ ծախսեր է պահանջում: Մենք այժմ չենք կարող այդ խնդրին անդրադառնալ: ՀՀ կառավարությանը դիմել ենք թատրոնի կաթսայատան նորոգման հարցով, ունենք օդափոխման ու սառեցման համակարգերի խնդիր: Դրանք այս պահին ավելի առաջնային են: Մի քանի տարվա ընթացքում կանցնենք նաև ապակիները փոխելուն»,-շեշտեց թատրոնի տնօրենը:

Անդրադառնալով գեղարվեստական մասին՝ Մկրտչյանը տեղեկացրեց, որ ունեն մի քանի առաջնախաղ: Ներկայացումներ են բեմադրում թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը և ԱՄՆ-ից հրավիրված բեմադրիչ Ջոն Բլոնդելը: «Եթե նկատել եք, մենք բաց քաղաքականություն ենք վարում: Վերջին շրջանում թատրոնում բեմադրություններով հանդես եկան այլ թատրոններից Սերժ Մելիք-Հովսեփյանը, Սամսոն Մովսեսյանը, այլոք: Մենք գեղարվեստական հաղթարշավի մեջ ենք. «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացումն էականորեն բարձրացրեց թատրոնի հեղինակությունը, որակապես փոխեց թատրոնի ընկալումը հասարակության տարբեր շերտերում: Կայացած, լավ ներկայացում է: Ունեցանք լավ մանկական ներկայացումներ՝ «Սառցե սիրտը», «Ալադինը», որոնք գերազանցում են բոլոր սպասելիքները: Դրանք 21-րդ դարի ներկայացումներ են: Երբ տեսնում ենք, թե որքան մեծ է հանդիսատեսի հոսքը թատրոն, համոզվում ենք, որ մեր վարած քաղաքականությունը ճիշտ է»,- եզրափակեց Վարդան Մկրտչյանը:

Անժելա Համբարձումյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում