Կոմիտասի թանգարան-ինստիտուտը վիրտուալ հարթակում հանդես կգա հետաքրքիր ծրագրերով

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը վիրտուալ հարթակում հանդես կգա հետաքրքիր ծրագրերով

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արվեստասերների հետ կապը չկորցնելու նպատակով Կոմիտասի թանգարան-ինստիտուտն այս օրերին տարբեր նախաձեռնություններ է իրականացնում վիրտուալ տիրույթում՝ փորձելով յուրովի ակտիվացնել մշակութային կյանքը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի մասնագետ Սևակ Հակոբյանը տեղեկացրեց, որ շատ վաղուց թանգարան-ինստիտուտի «Ֆեյսբուք»-ի էջում գործում է «360 Tour In Komitas Museum-Institute» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս առցանց այցելել թանգարան-ինստիտուտ: Հեռախոսում «360 Stories» հավելվածն ավելացնելու դեպքում հնարավոր կլինի վիրտուալ այց կատարել նաև այլ մշակութային հաստատություններ:

«Երկրորդ կարևոր քայլն այն է, որ անձամբ ես հորինեցի #ԹանգարանըԿգաՏուն կարգախոսը: Այն հնարավորություն կտա առցանց ծանոթանալ մեր ցուցանմուշներին։ Ամեն օր մեկ նմուշ ենք ներկայացնում՝ անդրադառնալով դրա պատմությանը, դրա հետ կապված հետաքրքիր իրադարձություններին: Արդեն երեք կամ չորս ցուցանմուշ էջում տեղադրված են՝ Կոմիտասի ռոյալը, նրա սրինգները, նրա գրչամանը և այլն: Նշեմ, որ ամեն երեկո կազմակերպվում են համերգներ: Այն համերգային ծրագրերը, որոնք տարբեր տարիներին տեղի են ունեցել Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կամ «Կոմիտաս» փառատոնի շրջանակում, որպես պրեմիերա դրվում են վիրտուալ հարթակում»,-պատմեց Հակոբյանն ու հավելեց, որ արդեն երկու համերգ զետեղվել է համացանցում:

Նա ընդգծեց, որ այդ ձևաչափը դուր է գալիս արվեստասերներին: Դա են փաստում նրանց դրական գրառումները:

Հակոբյանը հիշեցրեց, որ թանգարան-ինստիտուտը պարբերաբար իրականացնում է կրթական ծրագրեր, որոնց շրջանակում երեխաներին երգ-երաժշտություն են սովորեցնում, անցակցնում հեքիաթի ժամեր և այլն: «Դա նույնպես վիրտուալացվում է: Թանգարան-ինստիտուտի համերգային բաժնի վարիչն այսօր երեկոյան հեքիաթ է կարդալու երեխաների համար, իսկ հետո երգ է ուսուցանելու նրանց»,-նշեց հասարակայնության հետ կապերի մասնագետը:

Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մեկ ամիս ժամկետով՝ մարտի 16-ի 18։30-ից մինչև ապրիլի 14-ի 09։00-ն, հայտարարվել է արտակարգ դրություն։ Հետաձգվում կամ չեղարկվում են բազմաթիվ զանգվածային միջոցառումներ: Մշակութային հաստատությունները ժամանակավոր դադարեցրել են իրենց գործունեությունը: Դրանցից շատերն աշխատում են առցանց:

Անժելա Համբարձումյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում