Կորոնավիրուսը չխանգարեց կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանին ԱՄՆ-ում հնչեցնել «Հայկական ոդիսականը»

Կորոնավիրուսը չխանգարեց կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանին ԱՄՆ-ում հնչեցնել «Հայկական ոդիսականը»

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, Aravot.am: Անցյալ տարվա վերջերից սկիզբ առած կորոնավիրուսի համաճարակն այսօր իր կանոններն է թելադրում: Բայց արի ու տես, որ Արեւմուտքում ճանաչված մեր մեկ-երկու արվեստագետները մինչ բոլոր մշակութային օջախների փակվելը հասցրին ներկայանալ իրենց ստեղծագործությունների պրեմիերաներով:

Մարտի 4-ին Վաշինգտոնի Մայր տաճարում, ըստ ամերիկյան որոշ պարբերականների՝ կայացավ համերգ-իրադարձություն. հնչեց Վաչե Շարաֆյանի «Հայկական ոդիսական» մոնումենտալ սյուիտը՝ գրված նվագախմբի եւ ձայների համար, ինչպես նաեւ թավջութակի երկրորդ կոնցերտը: Շարաֆյանական «հնչյունները» մեկնաբանել են թավջութակահար Նարեկ Հախնազարյանը եւ դիրիժոր Անխել Գիլ Օրդոնեզի գլխավորությամբ Post Classical անսամբլը, Նյու Յորքի «Զուլալ» անսամբլի եւ դուդուկահարներ՝ կրտսեր ու ավագ Ջիվան Գասպարյանների մասնակցությամբ:

Կոմպոզիտորը՝ Նարեկ Հախնազարյանի հետ

Այս ամենի մասին տեղեկացանք նյույորքյան պարբերականներից, որոնք հատուկ ընդգծել էին երեկոն էլ ավելի տպավորիչ ներկայացրած նկարիչ-անիմատոր Գեւորգ Մուրադի վիզուալ աշխատանքների մասին: Մի տեսակ հպարտություն ապրեցինք, երբ ամերիկյան մամուլը նշել էր, թե «Հայկական ոդիսականը» նվիրված է Սայաթ-Նովային, որից թեեւ ոչ մի մեջբերում չկար, բայց մի քանի լեզուներով աշուղի բանաստեղծական խորիմաստ խոսքերը մի անբացատրելի «էֆեկտ» էին հաղորդում ստեղծագործությանը:

Շարաֆյանն ու Անխել Գիլ Օրդոնեզը

«Առավոտի» տեղեկություններով՝ երեկոյին ներկա են գտնվել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը եւ Լիլիթ Մակունցը: Մեզ հետ հանդիպման ժամանակ Վաչե Շարաֆյանը ասվածին հավելեց, թե փառատոնին հրավիրված էր նաեւ հայաստանյան պատվիրակություն՝ գիտության, կրթության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արա Խզմալյանի ղեկավարությամբ: «Կայացած համերգը մաս էր կազմում «Հայկական ոդիսական, նռան գույնը» փառատոնի, որը մեկնարկել էր փետրվարի վերջերից եւ եզրափակիչ ակորդը հնչեց մարտի 7-ին, Վաշինգտոնի «Աստվածաշնչի» թանգարանում: Այդ համերգին ամերիկաբնակ ջութակահար Հուրիկ Փուչիկյանի ընկերակցությամբ հնչեցին իմ եւ Կոմիտասի ստեղծագործություններից»,- հայտնեց Վաչե Շարաֆյանը:

Դիտարկմանը, թե կոմպոզիտորը կարծես աշխատաոճ է որդեգրել սեփական ստեղծագործություններն առաջինը արեւմտյան հանդիսատեսին ներկայացնելու, սակայն դա չի նշանակում, թե մեզ մոտ չեն կատարվում իր գործերը: Բայց այս ամենը մի բացատրություն ունի՝ գուցե արտասահմանում ավելի դյուրի՞ն է փնտրել ու գտնել աջակիցներ:

Կոմպոզիտորը պատասխանեց. «Թույլ տվեք միանշանակ չհամաձայնել ձեզ հետ: Եվ ընդհանրապես՝ ի՞նչ ասել է երաժշտություն հնչեցնել «դրսում» կամ «ներսում»… Կրկին թույլ տվեք հիշեցնել, որ բարձր արվեստը «դուրս» ու «ներս» չի ճանաչում: Իմ օրինակով հիշեցնեմ կամ գուցե տեղեկացնեմ, որ վերջերս Հայաստանում կայացավ «Ռեքվիեմ անապատի համար» երկիս պրեմիերան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի, «Հովեր» կամերային երգչախմբի եւ սոպրանո Արծվիկ Դեմուրճյանի ու մեցցո սոպրանո Նարինե Անանիկյանի մեկնաբանմամբ, սերբ ճանաչված դիրիժոր Պրեմիլ Պետրովիչի ղեկավարությամբ, ինչպես նաեւ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում դաշնակահար Արմեն Բաբախանյանի ներկայացրած 12 մասից իմ «Այծ-ծես» ստեղծագործության պրեմիերայի մասին: Իսկ երբ ԱՄՆ-ից մարտի 10-ին ժամանում էի Հայաստան, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը իմ 51-րդ սաղմոսի հայաստանյան պրեմիերան էր ընթանում՝ Կոմիտասի անվան լարային կվարտետի եւ Ազգային օպերային թատրոնի երիտասարդական ծրագրի (ղեկավար՝ Լեւոն Ջավադյան) մասնակից տենոր Տիգրան Մելքոնյանի մասնակցությամբ: Եթե հարկ կա նշելու, հիշյալ ստեղծագործությունը գրել եմ վերջերս Հայաստան հյուրախաղերով ժամանած դիրիժոր, համբավավոր Soli Deo Gloria կազմակերպության նախագահ Ջոն Նելսոնի պատվերով»:

Զրույցի ընթացքում կոմպոզիտորը հատկապես առանձնացրեց Վաշինգտոնի ազգային Մայր տաճարի կարեւորությունը, նշելով, որ այդ տաճարում է գտնվում ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի դամբարանը եւ Լուսնից բերված քար: Չմոռացավ նշել, որ համերգի կազմակերպիչներն էին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը՝ Վարուժան Ներսիսյանի գլխավորությամբ եւ Post Classical անսամբլի ղեկավար Ջոզեֆ Հորովիցը:

Դիտարկմանը՝ ոչ միայն ինքը, նաեւ իր գործընկերները Հայաստանում ու աշխարհում, կորոնավիրուսի պատճառով պետք է մեկուսացվեն ու իրենց տներում նստած արարեն երաժշտություն, մեր զրուցակիցը ցավով փաստեց, որ օրերս պետք է մեկներ Գերմանիա, որտեղ հնչելու էր իր Ալտի կոնցերտը՝ հռչակավոր «Ռոբերտ Շուման» ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ եւ ոչ միայն:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում