Մայր Աթոռում կատարվեց բժշկության և պահպանության աղոթք

Մայր Աթոռում կատարվեց բժշկության և պահպանության աղոթք

Օրեր առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մարտի 18-ը հայտարարվել է համազգային աղոթքի օր համավարակի հաղթահարման և հիվանդների բժշկության համար:

Մարտի 18-ի երեկոյան Սուրբ Գայանե վանքում, հանդիսապետությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանգստյան ժամերգություն, որի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր առանձնական աղոթքը բարձրացրեց առ Աստված՝ այս առիթով նաև իր խոսքն ուղղելով համայն հայ ժողովրդին։

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ
ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԱՂՈԹՔԻ ԱՌԻԹՈՎ

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից աղոթք ենք բարձրացնում առ Աստված՝ խնդրելով Տիրոջ զորակցությունն ու օգնությունը աշխարհին և մեր ժողովրդին պատուհասած համավարակի դիմագրավման համար։

Դժվարին այս օրերին մտահոգությամբ ենք ականատես լինում, թե ինչպես է աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, համավարակի պատճառով խաթարվել բնականոն կյանքը. մարդիկ մեկուսացել են, կրթական և այլ շատ հաստատություններ դադարել են գործելուց: Մարդիկ վախենում են, որ պատուհասը կարող է հասնել նաև իրենց ու իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին ու մտերիմներին: Սրտակից լինելով վարակից ազդված բոլոր մարդկանց, սիրելի հավատավոր զավակներ, խռովահույզ այս ժամանակներում մշտապես անդրադառնանք մարդուն տրված Աստծո ամենից մեծ պարգևի` սիրո սքանչելի խորհրդին: Բոլորդ քաջ գիտեք, որ Աստված Իր Միածին Որդուն ուղարկեց աշխարհ՝ առ մարդը Իր սիրուց մղված։ Փրկիչ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, այդ անսահման սիրով մեզ համար չարչարվեց ու խաչվեց, Իր հրաշափառ Հարությամբ մարդկությանը պարգևեց փրկության, հույսի, հավատի ու սիրո շնորհները, որպեսզի մենք Փրկչին ապավինած՝ կարող լինենք նաև հաղթահարել դժվարություններն ու նեղությունները կյանքի։ Արդարև, ուր կա սեր, հույս և հավատք, այնտեղ չկա երկյուղ ու կասկած, այնտեղ չկա վախ և հուսալքություն, քանզի Ինքն Արարիչ Աստված է մեր ապավենը: Սուրբ Դավիթ մարգարեն ասում է. «Տերն իմ լույսն է ու կյանքը, ումի՞ց վախենամ. Տերն իմ կյանքի ապավենն է, ումի՞ց ես դողամ» (Սաղմ․ ԻԶ 1):

Ապաքինման, ինքնամեկուսացման ու առանձնացումի մեջ գտնվող սիրելի զավակներ Մեր, դուք միայնակ չեք։ Այս պահին համայն մեր ժողովուրդը՝ աշխարհական և եկեղեցական, երիտասարդ և տարեց, յուրաքանչյուր հավատացյալ անձ իր առանձնական աղոթքն է երկինք վերառաքում բոլոր հիվանդների շուտափույթ առողջության, մեկուսացվածների տոկունության ու արիության և Աստծո գթառատ հովանու ներքո մեր կյանքի պաշտպանության համար։ Համազգային աղոթքի այս օրը տարակույս չունենք, որ ողորմած Տերը լսում է մեր ձայնը: Առանձնաբար այս պահին ամեն մեկն իր բնակության, իր ծառայության վայրում աղոթում է, և աղոթքի քաղցրահունչ ձայնն է, որ մեզ միավորում է որպես մեկ ազգ, որպես Աստծո ժողովուրդ:

Սիրելի զավակներ Մեր, ամուր պահեցեք ձեր հույսը, անսասան՝ ձեր լույս հավատքը, զորացրեք ոգին աղոթական ու ապաշխարության և միմյանց հանդեպ սերն ու հոգածությունը, որպեսզի Աստված մեզ հաղթանակած դուրս հանի այս փորձությունից։ Հիշեք, որ անտարբերությունն ու անտեսումը կյանքում կարող են ավելի մեծ վնաս հասցնել, և առանց միմյանց հանդեպ ցուցաբերվող խնամքի ու օժանդակության անհնար է հաղթել որևէ վտանգ:

Այս պահին, ի դեմս աղոթակից Մեր բոլոր զավակների, Մեր սրտաբուխ հայցն ենք բարձրացնում առ Երկնավոր մեր Հայրը՝ ասելով․ «Բարերար և բազումողորմ Աստված, ընդունիր մեր երկրպագությունը, և լսիր մեր աղաչանքները, որովհետև Քեզ ապավինելով ակնկալում ենք առատ ողորմությունդ և անսպառ գթությունդ: Անսալով մեր աղաչանքներին` բժշկություն պարգևիր բոլոր հիվանդներին, վարակից ապաքինվող բոլոր անձանց։ Հեռու վանիր վախն ու տագնապը նրանցից, ովքեր բուժման ընթացքի և կամ մեկուսացման մեջ են: Պահիր ու պահպանիր նրանց ընտանիքներն ու բարեկամներին և խաղաղություն պարգևիր նրանց բոլոր սիրելիներին:

Քո անչափ բարերար կամքով օրհնիր և զորություն պարգևիր զօր ու գիշեր իրենց անձնվեր ծառայությունը մատուցող մեր բժիշկներին, ովքեր անձնուրաց ջանքեր են ներդնում հիվանդներին ապաքինելու իրենց ծառայության մեջ:

Պահիր և պահպանիր մեր ժողովրդին և համայն աշխարհին, օգնական եղիր և քո աստվածային իմաստությունը պարգևիր հայրենի մեր իշխանություններին և աշխարհի բոլոր առաջնորդներին, որպեսզի համավարակի դեմ պայքարի ձեռնարկումները պսակվեն հաջողությամբ, և Քո առատ շնորհով ու ողորմածությամբ կարող լինենք հաղթահարելու նաև այս փորձությունը:

Արդ, ողորմած և մարդասեր Աստված, թողություն տուր մեր մեղքերին և ազատիր հիվանդություններից, որպեսզի մենք ամենքս գոհությամբ ու երախտագիտությամբ փառավորենք ու երկրպագենք Ամենասուրբ Երրորդությանդ, հավիտյանս հավիտենից. Ամեն»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում