Քառասնորդական պահքի մասին

Քառասնորդական պահքի մասին

«Մխիթարե՛ք, քահանաներ, մխիթարե՛ք իմ ժողովրդին,- ասում է Աստված,- խոսե՛ք Երուսաղեմի ականջին» (հմմտ. Ես. Խ 1)։ Բավական է դադարել մարդկային բնության առաքինությունների մասին խոսելուց, որպեսզի ծուլությունն ու հեղգությունը վրա հասնեն։ Ուստի զորավարները, պատերազմից առաջ զորքին ի մի ժողովելով, նախևառաջ խրատական խոսքերով ոգեշնչում են նրանց։ Եվ այնչա՜փ զորություն է ունենում այդ խրատը, որ զրահավորվածներից շատերը՝ լինեն պատանի թե փորձառու, մինչև անգամ մահը արհամարհելով և քաջ գիտակցելով, որ հաղթության պսակը միայն ջանադիր մարտնչողներին է շնորհվում, անտեսում են իրենց կյանքն ու ողջ պատվասիրությամբ ընթանում են նահատակությանն ընդառաջ….

Իսկ այժմ էլ ես, որպես Քրիստոսի զորականը, մեկ այլ՝ աներևույթ թշնամու դեմ պատերազմում, հարկ եմ համարում մխիթարական խոսքերով գոտեպնդել ձեզ բարեպաշտությամբ, արդարությամբ և ժուժկալությամբ այս պատերազմում հաղթության պսակը նվաճելու ձեր ճանապարհին։ Նախ, եղբայրնե՛ր, գիտենանք, որ նրանք, ովքեր պատերազմական մարտերին են սովոր ու դրա համար են օր ու գիշեր ջանասիրաբար վարժվում, հարկ է, որ կարգավորաբար կերակրով սնեն իրենց անձերը՝ մարտի դաշտում քաջամարմին և ուժեղագույն լինելու համար։ Իսկ նրանք, որոնց «պատերազմը մարմնի ու արյան դեմ չէ, այլ իշխանությունների ու պետությունների, այս խավար աշխարհի տիրակալների ու չար ոգիների դեմ» (հմմտ. Եփս. Զ 12), հարկ է, որ ժուժկալության ու պահքի միջոցով կրթեն իրենց անձերն՝ ի նվիրումն Աստծու։

Եթե սննդառատ կերակուրն ավելի է զորեղացնում պատերազմամարտներին, ապա պահքն է՛լ առավել զորացնում է կրոնավորների բարեպաշտությունը, քանի որ որքան մարմինդ հեռու ես պահում կերակուրներից, այդքան հոգևոր քաջառողջությամբ փայլում է հոգիդ։ Քանի որ ոչ թե մարմնական ուժով, այլ հոգու զորությամբ և նեղությունների հանդեպ ցուցաբերած համբերատարությամբ է պարտության մատնվում աներևույթ թշնամու զորությունը։

Արդ, բոլոր ժամանակներում էլ պահքը օգտակար է եղել այն ցանկացողներին, քանի որ պահեցողներին մինչև իսկ դևերն իրենց փորձություններով չեն համարձակվում մոտենալ, իսկ մեր կյանքերը պահպանող հրեշտակներն էլ անձանձիր ջանասիրությամբ սուրբ են պահում նրանց անձերը։ Պահեցողության այս քարոզությունը սփռված է ամբողջ աշխարհի եզերքով մեկ և չի սահմանափակվում որևէ կղզիով, ցամաքով կամ քաղաքով և կամ որևէ ազգով միայն։ Այլ ամենքը, և՛ զորականներն ու ճանապարհորդները, և՛ նավորդներն ու վաճառականները լսում են ձայնն այս պատվիրանի և խնդությամբ ընդունում են այն։

Ուստի թող որևէ մեկն իրեն զանց չհամարի պահեցողությունից, քանի որ բոլոր ազգերն ու մարդկային տարիքի բոլոր հասակները, արժանավոր ու անարժանների բոլոր «ներկայացուցիչները» հաշվված են Աստծու կողմից։ Իսկ պահեցողների մասին այս կամ այն եկեղեցու հրեշտակներն են, որ գրություն են պատրաստում Աստծու համար։ Նայի՛ր և տե՛ս, որ կերակրի մի փոքրիկ հեշտության պատճառով ողջ անձդ չտուժի և հրեշտակի՝ Զորավարին ուղղված գրության մեջ ինքդ քեզ չդատապարտես՝ որպես դասալիքի։ Փոքր չէ վտանգը պատերազմում զրահընկեց լինելու՝ մեծագույն զենքը՝ պահքը մի կողմ թողած լինելու պատճառով հանդիմանվելու։

Հարո՞ւստ ես. հոգ չէ, մի՛ թշնամացիր պահքին՝ նրան քեզ սեղանակից չդարձնելու պատճառով և փափկասիրության հանդեպ քո ոչ պատվաբեր ընտանիության պատճառով մի՛ զրկիր քեզ մեծ բարօրությունից։ Երբեք մի՛ ասա, թե այս կամ այն կարոտությունը քեզ «դատապարտում» է՝ պահք չպահելու, և մարմնական հիվանդությունները կամ որևէ ուրիշ խորամանկ պատճառաբանություն մի՛ բեր։ Աղքատն էլ թող չպատճառաբանի «առանց այդ էլ» սննդի սակավությունը՝ իրականում, սակայն, կերակրից կախվածության մեջ լինելով։ Նույնպես և կանայք թող իմանան, որ պահեցողությունը մարդկային բնությանը հարազատ մի երևույթ է, այնպիսին, ինչպիսին, օրինակ, շնչելն է։ Պատանիները ևս, որպես զվարթ տնկիներ, թո՛ղ որ պահեցողության ջրով ոռոգվեն։

Ծերերին պահքն առավել թեթևակենցաղ ու անտրտում է դարձնում։ Ուղեգնացների համար պահքը ճանապարհի բարեհույս ուղեկից է, քանի որ ինչպես բեռների թեթևությունն է դյուրին դարձնում նրանց ընթացքը, նույնկերպ և պահքն է թեթևընթաց դարձնում ու գոտեպնդում նրանց։ Նաև, ինչպես որ զորականները, թշնամու սահմանում հայտնվելով, կերակրի սակավության նեղությանն են ենթարկվում, նույնպես և մենք, որ պատերազմի մեջ ենք աներևույթ թշնամու դեմ նրա իսկ սահմանում, ուստի երկնապսակ հաղթությանը հասնելու համար հարկ է, որ վերոնշյալ զորականների նման մենք ևս բավականանանք կերակուրների սակավությամբ։

Ուստի և բարի զինվորի նման չարչարանքներով ու նահատակությամբ նվաճենք հաղթանակի պսակը՝ այն իմանալով, որ «զինվորներն ամեն ինչում ժուժկալ են» (հմմտ. Ա Կորնթ. Թ 25)։ Եվ թող որևէ մեկը չգա ու ինձ չհարցնի, թե արդյոք արժե՞ պահք պահել, քանի որ ինչպես այս աշխարհում զինվորականները կարիք ունեն՝ կերակրով զորանալու, նույնկերպ և հոգևոր զինվորները կարիք ունեն զորանալու՝ առանց կերակրի։ Նաև, ի տարբերություն պղնձե սաղավարտ կրող աշխարհային զորականների, մեր՝ կատարելություն փափագողներիս սաղավարտը հույսի փրկության սաղավարտն է (հմմտ. Թսղ. Ե 8)։ Եվ եթե նրանց վահանը փայտե ու կաշվեպատ է և պատմուճանը՝ չվանից գործված, ապա մեր զրահը հավատից է և այդ զրահից արդարությունն է շողարձակում։ Նաև, եթե նրանք երկաթի զորությամբ են մարտնչում, ապա մեզ օգնական է Սուրբ Հոգու սուսերը (հմմտ. Եփս. Զ 17)։

Այսկերպ նաև կերակուրն է մեզ և նրանց վրա տարբեր ազդեցություն թողնում. մեզ զորացնում է բարեպաշտության մեջ, իսկ նրանց՝ միայն ֆիզիկական կարիքների ապահովմանն է օգնում։ Արդ, քանի որ ժամանակը, որպես բազմամյա դայակ, մեզ սովորեցրել է հեռու մնալ բազմատենչալի ախտերից, ուստի և ամենքս խնդությամբ ընդունենք պահքը, որով Եկեղեցին մեր մեջ բարեպաշտության աղբյուրն է սնում։ Ուրեմն, պահք պահելիս մի՛ տխրիր, ինչպես երբևէ հրեաները, այլ զվարճացի՛ր ավետարանաբեր խոսքով՝ որովայնի մասին հոգ տանելու փոխարեն՝ հոգևոր վայելքներին ուրախակից լինելով (հմմտ. Մտթ. Զ 16)։ Քանի որ, այո՛, «մարմինը ցանկանում է հոգու հակառակը», և քանի որ «սրանք միմյանց հակառակ են» (Գաղ. Ե 17), ուստի հեռացրո՛ւ մարմնիցդ հանգստավետությունը և ո՛ւժ աճեցրու հոգումդ, որպեսզի պահեցողությամբ հաղթես մեղքի ախտերին և ժուժկալության պսակին արժանանաս։

Այժմվանից իսկ քեզ սովորեցրո՛ւ պահքի պարկեշտությանը, որպեսզի չլինի թե այսօրյա քո արբեցությունը բիծ թողնի քո վաղվա հոգևորության վրա։ Չար խորհուրդ ու մտածում է այն, թե՝ «հինգ օր պահք ենք պահել, կարող ենք փոքր-ինչ արբենալ»։ Չէ՞ որ ոչ ոք իր տուն պարկեշտ հարսնացու տանելուց հետո իր տուն չի տանի հարճերին ու անբարոյականներին, քանի որ օրինավոր կինը չի հանդուրժի նրանց տնակցությունը։ Ուստի և դու, պահքի զորաթյանը հուսալով, հայացք մի՛ գցիր արբեցողությանը, որ ամենահայտ պոռնիկն է, անամոթության մայրն ու ծաղրասեր մոլագարը, ամոթ հարուցող մեղքի տեսակներից ամենադյուրըմբռնելին։ Եվ այդ պատճառով է, որ պահքն ու պաղատանքները արբեցությունից աղտեղի դարձած անձի մեջ մուտք չունեն։ Պահեցողը քահանայական պարիսպներից ներս է ընդունում Քրիստոսին, արբեցողը, սակայն, իբրև պիղծ և զազրելի մեկը, ներս չի կանչվում։

Արդ, որքան էլ որ պահք պահես, սակայն գաս կանգնես իմ առաջ գինեըմպությունից ապականված տեսքով, ես ինչպե՞ս կարող եմ քեզ պահք պահողների թվին դասել։ Դու, որ մի ժամանակ անապական էիր, սակայն այժմ անմաքուր ես գինու պատճառով, ուստի արդյոք քեզ չպիտի՞ «պատվեմ»՝ ըստ քո անմաքրության։ Ո՞ր կարգում քեզ դասեմ, արբեցողների՞, թե՞ պահեցողների հետ, քանի որ քո գեթ մեկ գինեկոնծությունը քեզ արբեցողների կարգին է դասում, իսկ կերակուրների հանդեպ քո ունեցած պահեցողությունը պահեցող լինելուդ մասին է վկայում։ Տե՛ս, որ, ստրուկի նման, կամընտրության առարկա ես դառնում արբեցության պատճառով և քեզ էլ հանգիստ չեն տալիս՝ քո դեմ որպես ապացույց ունենալով քեզնից հայտնապես բուրող գինու հոտը։

Այսպիսով, ի՞նչ է ստացվում, որ արբեցության պատճառով քո պահած պահքից քեզ միայն անբավարար նշխարներ են մնում և քո ողջ պահեցողությունն էլ, փաստորեն, ի չիք է դառնում քո այդ մի զանցանքի պատճառով, քանի որ արբեցողները «Աստծո արքայությունը չեն ժառանգում» (Ա Կորնթ. Զ 10)։

Հիրավի, եթե պիտի պահքի մեջ մտնես ու հարբես, քեզ էլ ի՞նչ օգուտ պահքից, չէ՞ որ արբեցությունը փակում է քո առաջ Երկնքի արքայության դռները, ուրեմն էլ ինչի՞դ է պետք պահեցողությունը։ Մի՞թե չես տեսնում, որ ձիավարժության մրցությանը մասնակցել պատրաստվող ամենահմուտ և ուժեղագույն ձիավարներն անգամ նախապատրաստվում են այդ մրցույթին։ Իսկ դու քո իսկ կամքով արբեցողությամբ քեզ հալումաշ ես անում և քո որովայնամոլությամբ նմանվում ես անխոս կենդանիներին։ Ծանրացած որովայնը, սակայն, ոչ թե միայն շարժվելուն, այլև անգամ քնելուն հարմար չէ, և անդադար նեղում ու տանջում է շատակերին։

Իսկ ահա պահքը պահպանում է պատանիներին, ողջախոհ է դարձնում երիտասարդներին, պարկեշտացնում ու իմաստնացնում ծերերին։ Կանանց համար լավագույն զարդն է պահքը, հպարտության դեմ՝ սանձ, ամուսնության համար՝ պահապան, կուսության՝ սնուցիչ։ Պահքը խնամք է տանում ընտանիքի յուրաքանչյուր անդամի հանդեպ, իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչքա՜ն առաքինի կդառնա ամբողջովին պահք պահող հասարակությունը։ Ողջ քաղաքներ ու մարդիկ կնորոգվեն բարեկարգությամբ, և պահքը հեռու կվանի ու կլռեցնի թշնամու յուրաքանչյուր աղաղակ։ Մի վարդապետություն, որի դրսևորումն է պահքը և որը մերձավորների հանդեպ սեր է քարոզում, արդյոք չի՞ խաղաղեցնի որևէ վայրում ծագած յուրաքանչյուր խռովություն։

Պահքը պարկեշտություն է ծնում, իսկ ծաղր ու ծանակը, պոռնկական երգն ու պարը, որ դաժանագույն դատավորներ են, փախչում են պահք պահողների քաղաքից։ Եվ եթե ամենքը պահեցողությունն իրենց գործերում խորհրդակից ունենային, չէր խափանվի ողջ աշխարհում եղող խորին խաղաղությունը. ո՛չ ազգերը միմյանց վրա կհարձակվեին, ո՛չ զորականները կպատերազմեին իրարու դեմ։ Պահքով զորացածներին որևէ զենք չի կարող վնաս հասցնել, ուստի եթե ամենքը պահք պահեին, էլ ո՛չ դատ ու ատյանի կարիք կլիներ, ո՛չ ոմանք բանտերում կբնակվեին և առհասարակ ոչ էլ չարագործներ ու զրպարտիչներ կլինեին մեզանում։ Եթե ամենքը պահքի աշակերտները լինեին, ըստ Հոբի խոսքի, երբևէ հարկահավաքի ձայնի հնչելու կարիք չէր լինի (հմմտ. Հոբ Գ 18)։ Եվ մեր կյանքն էլ այսչափ բազմահառաչ ու տխրալի չէր լինի, եթե պահքը տնօրիներ մեր կյանքը։ Չէ՞ որ, ինչպես հայտնի է, պահքը ժուժկալություն է ուսուցանում ոչ միայն կերակուրների հանդեպ, այլև փախուստ և օտարացում արծաթսիրությունից, ագահությունից և ամեն տեսակի չարությունից, որոնք մեզնից հեռու վանելու դեպքում մեզ ոչինչ չի խանգարի մեր կյանքը խաղաղ ու անխռով անցկացնելուն։

Իսկ ի՞նչ ենք տեսնում այժմ՝ մեր օրերում։ Ոմանք, պահքը ամենևին մերժելով և փափկակենցաղությունը որպես կյանքի երանություն ընդունելով, բազում չար սովորությունների կրող են դառնում և ապականում են իրենց մարմինը։ Ուստի դու քեզ հեռո՛ւ պահիր նման մարդկանցից, որոնք գուցե և՛ այսօր, և՛ վաղը թակեն քո դուռը, սակայն դու իմացի՛ր, որ այդպիսիք, ի վերջո, շառագունելու և քրտնաթոր են լինելու ամոթից, նրանց աչքերը խուճապահար այս ու այն կողմ են նայելու և իրենք էլ կորցնելու են իրենց ներքին խաղաղությունը՝ խավարով պատելով իրենց ողջ բնությունը, զգայություններն ու խորհուրդները։

Ի հակադրություն այդ ամենի, սակայն, պահքը հրեշտակների նմանությունն է բերում, այն մարդկանց խորանակից է դարձնում արդարներին և մարդկային կյանքը ողջախոհությամբ լցնում։ Պահքն էր, որ Մովսեսին օրենսդիր կարգեց։ Պահքի պտուղը եղավ Սամուելը։ Պահեցողությամբ էր, որ Աննան աղերսեց Աստծուն՝ ասելով. «Ադոնայի, Տեր, Ելովե Սաբավովթ, եթե կամենաս տեսնել քո աղախնի տառապանքները, ինձ հիշես ու արու զավակ տաս քո աղախնին, ես նրան Քեզ կնվիրեմ և նա գինի չի խմի ու չի հարբի մինչև իր մահվան օրը» (հմմտ. Ա Թագ. Ա 11)։

Պահքն էր, որ դաստիարակեց մեծն Սամսոնին, և քանի դեռ նա պահեցողությամբ էր ապրում, հազար-հազարավոր զորքեր ընկնում էին նրա առաջ պատերազմի դաշտում և քաղաքների դարպասները անխոչընդոտ բացվում էին նրա առաջ ու մինչև իսկ առյուծներն էին անզոր լինում նրա զորության առաջ։ Սակայն երբ արբեցությունն ու պոռնկությունը ձեռք գցեցին Սամսոնին, նա պարտության մատնվեց թշնամու կողմից, նրա հոգու տեսողությունը նվազեց և ինքն էլ ծաղր ու ծանակի առարկա դարձավ այլազգիների առաջ (հմմտ. Դատ. ԺԴ-ԺԶ)։

Պահեցողությամբ էր, որ Եղիան երեք ամիս, ապա վեց ամիս շարունակ փակեց երկնքի դռները (հմմտ. Գ Թագ. ԺԷ 1), քանի որ, տեսնելով անչափ հագեցվածությունից առաջ եկած թշնամանքը, հարկավորաբար նրանց ակամա պահեցողության մատնեց սովի միջոցով, որով և նրանց շատ մեղքերից հեռու պահեց, այնպես, ինչպես որ երեխաներին են պատժելով՝ հեռու պահում այս կամ այն չարաճճիությունից։

Այս ամենը գիտենալով, եղբայրնե՛ր, ձեզ տնակից ու սեղանակի՛ց դարձրեք պահքը։ Պահքը սպասավորների համար հանգիստն է իրենց ամենօրյա ծանրաբեռնված աշխատանքներից։ Պահքը փարթամությունն ու բժշկությունն է ընդդեմ հագեցվածության պատճառած ամեն մի վնասի և հրաժարումն է բոլոր արհամարհելի սովորություններից։ Պահքը հիվանդների առողջության մայրն է, իսկ առողջների համար այն քաջառողջության պահպանությունն է։ Հարցրե՛ք բժիշկներին, և նրանք ևս կվկայեն, որ չափից դուրս հագեցվածությունը մարմնի վատագույն թշնամիներից մեկն է, ուստի և առավել հմուտ բժիշկները հենց իրենք են խորհուրդ տալիս պահեցողությունը, որպեսզի բազմասնության հարուցած ծանրությունը չխորտակի մարդկային մարմնի զորությունը։ Այդկերպ սահմանափակվում է կերակուրների ճաշակման անչափությունը և հող է նախապատրաստվում մարմնի երկրորդ շնչով կազդուրման համար։

Այսպիսով, ամեն ինչում և ամեն մեկի համար օգտակար է պահեցողությունը, ուստի ամենքին ու ամենուր է ուղղված պահք պահելու կոչը. ամենքը ամենուր՝ և՛ գիշեր-ցերեկ գործող վաճառատներում, և՛ անապատներում ու քաղաքներում հարկ է, որ պահք պահեն։ Ուստի և մենք ըստ Տիրոջ խոսքի ընդունենք պահքի զորությունը, որ մեզ այսչափ բարիք է պարգևում, այն է՝ չտխրե՛նք կեղծավորների նման (հմմտ. Մտթ. Զ 16), այլ կենսախինդ լինենք և՛ ներքուստ, և՛ արտաքուստ։

Պահեցողներին ուղղված իմ այս մխիթարության խոսքի կարիքն այսօր կա առավել, քան երբևէ, քանի որ շատերը արբեցողությամբ իրենց չար խորհուրդների են մատնում՝ չնայած այն բանին, որ, այնուամենայնիվ, սովորության և պատկառանքի ուժով նաև պահեցողության մեջ են։ Ուստի շատ եմ վախենում արբեցության մոլությունից, որը գինեսերները չեն կարողանում մի կողմ թողնել և նմանվում են նրանց, որ ուղևորության երկարատև լինելու պատճառով անմտաբար դադարեցնում են դեպի իրենց նպատակը տանող ճանապարհը, այն է՝ պահքը մոռացած՝ արբենում են գինով։ Այդպիսիք մինչև գինի ըմպելն արդեն իսկ խելագար են։ Մի՞թե նրանք չեն հասկանում, որ որովայնը չի կարող Աստծու շնորհների բնակավայրը լինել ու ապրեցնել դրանք։ Այլ, ընդհակառակը, որովայնը անհավատության գործակիցն է, այն շտեմարան է, որը չունի պահպանություն, ուստի այն ամենն, ինչ այնտեղ զետեղվում է, որևէ լավ բանի չի կարող ծառայել։ Տե՛ս որ, չլինի թե վաղը-մյուս օրը քեզ ևս Տիրոջ կողմից ասված այս խոսքերը հանդիմանեն. «Ես այդպիսի ծոմապահությունը չընտրեցի» (Եսայի ԾԸ 5)։

Ինչո՞ւ ես խառնում այն, ինչն անխառնելի է։ Ի՞նչ կապ ունի պահքը արբեցողության հետ կամ այդ ի՞նչ համեմատելի բան են գինեկոնծությունն ու ժուժկալությունը։ «Ի՞նչ նմանություն կարող է լինել Աստծո տաճարի և կուռքերի միջև» (հմմտ. Բ Կորնթ. Զ 16), քանի որ նրանք, որ տաճար են Աստծու, նրանց մեջ Աստծու Հոգին է բնակվում (Ա Կորնթ. Գ 16)։ Իսկ կուռքերի մեհյաններում բնակվում են նրանք, ովքեր արբեցողությանը խառնված վավաշոտությունն են կրում իրենց մեջ։ Թող որ չլինի թե որևէ մեկը պահքի սրբությունը ոտնակոխ անի իր պղծություններով։ Չէ՞ որ եթե որևէ մեկը կամենում է հաշտ լինել մի տիրոջ ծառայի հետ, չի՛ ընդդիմանում այդ ծառայի տիրոջը։ Արբեցությունը, սակայն, թշնամի է Տիրոջը, իսկ ահա պահքը սկիզբն է ապաշխարության։

Եթե կամենում ես խոստովանությամբ գնալ դեպի Աստված, փախի՛ր արբեցությունից և մի՛ ծառայեցրու քո ազատ կամքը սատանայի այդ դժնդակ գործիքին։ Նաև հիշի՛ր, որ զուտ որոշ կերակուրների բացառումով նշանավորվող պահքը միայն գովելի ու բավական չէ. Աստծո համար ընդունելի ճշմարիտ պահքը չարից օտարացումն է, լեզվի սակավաբանությունն ու բարկացկոտությունից խուսափումը, ցանկասիրության մերժումն ու չարախոսությունից, ստախոսությունից և երդվելուց հրաժարումը։ Այսպիսի պահքն է, որ բարիքներով է լեցուն։

Այս գիտենալով՝ պահեցողությամբ Սուրբ Հոգու խոսքը կենդանացնենք մեր մեջ, որպեսզի արժանի լինենք սրբերի համար սահմանված փրկությանը և անշեղ ընթացքով առաջ շարժվենք։ Հիշե՛նք ծածուկ պահք պահողների մասին մարգարեի ասած այն խոսքը, թե «Տերը արդարներին սովամահ չի անի» (Առակաց Ժ 3)։ Նաև թե՝ արդարը երբեք լքված չի մնա և նրա զավակը հաց չի մուրա։ Այս խոսքն էլ ոչ թե տեսանելի հացի մասին է, որի համար Հակոբի զավակները Եգիպտոս գնացին, այլ հոգևոր կերակրի մասին, որի միջոցով ապրում է մեր միջի հոգևոր մարդը։ Պահք պահելու դեպքում մեզ վրա չի տարածվի հրեաներին ուղղված խոսքը, թե «ահա գալիս են այն օրերը, երբ Տերը այդ երկրի վրա սով պիտի բերի, ո՛չ թե հացի սով կամ ջրի ծարավ, այլ Աստծո խոսքը լսելու սով» (Ամովս Ը 11)։ Այդ սովն էլ արդար Դատավորն այն բանի համար բերեց, որպեսզի այդպիսով նրանց միտքը բաց աներ՝ տեսնելու, որ Աստծու ճշմարիտ շնորհների անկերակրությունից է, որ ի հայտ է գալիս իրական սովահեղձությունը։

Հրեաները, սակայն, չանսացին Տիրոջ խոսքին՝ առավել գիրացնելով ու պարարտացնելով արտաքին մարդուն։ Բայց մենք չնմանվենք նրանց, քաջ գիտենալով, որ Սուրբ Հոգին ամեն օր՝ առավոտ և իրիկուն, կկերակրի մեզ Իր բարեկեցությամբ։ Ուստի թող որ որևէ մեկը ինքն իրեն չզրկի այդ հոգևոր բարեկեցությունից, այլ ամե՛նքս ճաշակենք Տիրոջ՝ իմաստությամբ շաղախված զվարթալից շնորհները, որոնցից յուրաքանչյուրին բաժին կհասնի՝ ըստ իր արժանավորության։ Եվ նա, ով ճաշակի սրբերի համար պատրաստված այդ կերակրից, կպատկանի Տիրոջն ու իմաստություն կունենա՝ զանազանելու չարն ու բարին։ Թող որ այդ իմաստությունը գտնելով՝ մենք ևս արժանի լինենք երկնային ուրախությանը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հետ, Ում փա՜ռք և զորությու՜ն հավիտյանս։ Ամեն։

Սուրբ Բարսեղ Կեսարացի, «Գիրք պահոց», Ս. Էջմիածին, 2008թ.,

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ. Կարապետյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում