Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն առցանց հարթակում

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն առցանց հարթակում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, Panorama.am: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը ևս, ինչպես հանրապետության մյուս մշակութային օջախները, կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության կապակցությամբ անցել է առցանց աշխատանքային ռեժիմի:

Մասնավորապես, տուն-թանգարանը միացել է ՀՀ ԿԳՄՍՆ «Տնից՝ թանգարան» նախաձեռնությանը և մշակել է մի շարք առցանց ծրագրեր՝ նպատակ ունենալով շարունակել հանրահռչակել Արամ Խաչատրյանի կյանքն ու գործունեությունը, մեր հետևորդներին ներկայացնել դասական երաժշտության գոհարները, ապահովել տարբեր տարիքային խմբերի կրթամշակութային ներգրավվածությունը:

Տուն-թանգարանից հայտնում են, որ առցանց հարթակում այցելուներին առաջարկում են «360 stories» ցանցում վիրտուալ շրջայց կատարել տուն-թանգարանում, ծանոթանալ տուն-թանգարանի մշտական ցուցադրությանը: «Մեկ ցուցանմուշի պատմություն», «Թանգարանի ինտերակտիվ ձայնադարանից», «Տեսաֆիլմեր», «Ընթերցանության ժամ. Նամականի», շարքերը ներառում են լուսանկարներ՝ ուղեկցված հետաքրքրաշարժ պատմություններով, տեսանյութեր, վիկտորինայի ձևաչափով ինտերակտիվ հարցումներ և այլն: Նախատեսում են նաև այցելուների շրջանում մեծ ոգևորություն և ճանաչում գտած «Հնչյուններ և գույներ» կրթական ծրագիրը նույնպես անցկացնել այս հարթակում:

Տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Աննա Ասոյանը տեղեկացնում է, որ մարտի 22-ին, ժամը՝ 14:00-ին բոլորին՝ առանց տարիքային սահմանափակման, հրավիրում են մասնակցելու այս ծրագրին: Համագործակցելով այլ թանգարանների հետ՝ տուն-թանգարանը ներգրավվել է նաև միջթանգարանային ծրագրերում: Տուն-թանգարանի աշխատակիցներն այս օրերին մշակում են նաև կրթական, ժամանցային այլ ծրագրեր, որոնք առավել գրավիչ կդարձնեն առցանց հարթակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում