USD
EUR
RUB

Հակոբոս 5.20

 

20. Գիտասցէ՛, զի որ դարձուսցէ՛ զմեղաւորն ի մոլորութեան ճանապարհէն իւրմեէ, փրկեսցէ զոգին իւր ի մահուանէ, և ծածկեսցէ զբազմութիւն մեղաց:

Թող իմանա, որ ով մեղավորին իր մոլորության ճանապարհից հետ է բերում, կփրկի նրա հոգին մահվանից և կծածկի մեղքերի ամբողջ բազմությունը:

Թող իմանա, ասում է, այսինքն՝ տեղյակ լինի և մտապահի այդպիսին, և իր սրտում համոզված լինի, որ իզուր չի աշխատում մոլորյալ մարդուն չար ճանապարհից հետ դարձնելու համար, այլ մեծ երանության է արժանի և բազում պսակների, քանզի աստվածային գործ է կատարում, և եթե Աստված կամենա՝ կառաջնորդի:

Քանի որ մոլորվածին դարձի բերելն աստվածային գործ է, ապա Աստծու Որդին էլ եկավ մոլորյալ ոչխարին գտնելու համար, և գտնելով՝ ուսերի վրա դրեց և ճշմարիտ կայանին արժանացրեց: Արդ, քանզի սա Աստծու գործ է, ապա ինչո՞ւ չի կարող Աստծու բերան կոչվել և մեծ գովեստի արժանանալ:

Կփրկի, ասում է, նրա հոգին մահվանից: Մարգարեն ասում է. «Ով որ մեղանչի, նա էլ պիտի մեռնի» (Եզեկ. 18:4)՝ Աստծու անունով խոսելով, սակայն Աստված չի կամենում մեղավորի մահը, այլ՝ ետ դառնալը և ապրելը (Եզեկ. 18:23): Արդ, նա, ով փրկում է մեկի հոգին մեղքի մահվանից և կենդանություն պարգևում՝ հորդորելով նրան, ուստի և կատարում է Աստծու կամքը և արժանանում նրա անսահման մարդասիրությանը:

Եվ կծածկի մեղքերի մի ամբողջ բազմություն: Կարծում եմ, որ մեղքերի բազմություն ասելով նկատի ունի երկուսի՝ իր և ընկերոջ [մեղքերը], քանզի ընկերն, ահա իրապես ծածկում է մեղքը և անդունդի խորքից վեր է քաշում նրան՝ ձեռքը մեկնելով և բարձրացնելով, և խրատում է խոստովանությամբ և ապաշխարությամբ լվանալ չարության տիղմը և վերացնել մեղքն ու ձյան պես սպիտակ դառնալ: Նման ձևով ծածկում է ընկերոջ մեղքերի մի ամբողջ բազմությունը՝ չարիքից ետ դարձնելով և հաստատելով բարու մեջ, սատանայից ազատելով և Քրիստոսին ընծայելով: Իսկ իր մեղքերը ծածկում է մեղավորին ձեռք մեկնելով և վեր հանելով ու գթությամբ ցավակից լինելով, կարծես թե ինքն իրեն դնելով նրա տեղը:

Իսկ եթե այսպես չանի՝ եղբորն ընկած տեսնելով և մեղքով խորապես խոցված, թարախոտած, ապականված և փտած, ու անհոգ գտնվի, ապա առաջին մեղքի վրա, քանի որ մարդ է մեղքի և տկարության մեջ ընկած, նաև բազում այլ մեղքեր էլ կկուտակի անգթության պատճառով՝ Քրիստոսի դատաստանին արժանանալով և դատապարտվելով: Քանզի չկա որևէ այլ բան, որ այդչափ տրտմեցնի դատավորին, որքան եղբոր մեղքերը տեսնելն ու անտեսելը: Եվ ոչ էլ որևէ բան, որ այդքան ուրախացնի նրան, որքան մեղավորին մեղքերից ետ դարձնելը, հոգին մահվանից փրկելը և մեղքերի բազմությունը ծածկելը:

Արդ, երբ այսպիսի հույս և այսպիսի սպառնալիքներ կան մեր առջև, ապա չդադարենք այդպես գործելուց և չդանդաղենք եղբոր փրկության գործում, այլ ամեն միջոց օգտագործենք նրանց փրկության համար, որպեսզի մերն էլ երբեք չկորցնենք: Ուստի, եթե Աստծուն սիրելը ընկերոջը սիրելն է, և ընկերոջ հանդեպ սերն էլ դրսևորվում է նրա մասին հոգալով և նրա կարիքները մերը կարծելով, նրա մեղքերը մերը համարելով, և նրա մերկությունն ու փրկությունը մեզ վերագրելով, քանզի եթե այդպես չանենք, ապա այնտեղ Աստծու սիրուց ձեռնունայն կգտնվենք: Եվ այդ ժամանակ կստանանք այն, երբ լացենք լացողների հետ և ուրախանանք ուրախացողների հետ: Արդ, մի՛ անտեսիր, այլ ջանասիրաբար խրատիր և ուղղություն ցույց տուր: Մի՛ ասա, թե խրատեցի մեկ անգամ, երկու, սակայն չլսեց, երբեք մի՛ դադարիր այդ անելուց, այլ քո խորհուրդներն ու խոսքերը թող դրանց մասին լինեն՝ խրատել, հորդորել, աղաչել, արտասվել, հոգոց հանել, հիշեցնել Աստծու անբավ գթության և անսահման մարդասիրության մասին, ինչպես նաև արդարների հանգստի և մեղավորների դատապարտության մասին, որպեսզի կարողանաս մոլորվածին ճշմարիտ ճանապարհի վրա կանգնեցնել և ծածկել նրա մեղքերի բազմությունը և քեզ փրկության բաժնեկից դարձնել:

Հորդորակ

Եվ արդ, սրանցից ո՞վ է խրատում մեզ և կամ զանազան առաքինությունների մասին ո՞վ է ուսուցանում մեզ, եթե երանելի Հակոբոսը շուտ հեռացավ մեզանից: Այն Հակոբոսը, որի համար պատիվն ու փառքը Քրիստոսի հարազատությունն էր, այն Հակոբոսը, որի գովքը Գործք Առաքելոցում է պատմվում, այն Հակոբոսը, որ արդար էր և արդարի որդի կոչվեց: Եվ սա քիչ հարգանք չէ նրա համար, որովհետև եթե մարգարե կամ մարգարեի որդի համարվելը մեծ պատիվ է, ապա արդար և արդարի որդի կոչվելը որքա՞ն առավել պատիվ է, և այնպիսի արդարի, որ արժանի եղավ աստվածահայր կոչվել և իրեն Քրիստոսի եղբայրությամբ բարձրացնել:

Այն Հակոբոսը, որի արդարությունը պարիսպ էր ժողովրդի համար, իսկ նրա սպանությունը՝ քաղաքի կործանում, տաճարի ավերում և ժողովրդի գերություն: Այն Հակոբոսը, որ նախանձախնդիր էր Եղիայի, Հովհաննեսի և այլ մարգարեների պես: Այն Հակոբոսը, որ ճշմարիտ ժուժկալ էր և կրոնավոր: Այն Հակոբոսը, որ յուղով չօծվեց և բաղնիքում չլողացավ, այն, ում ծնկները կոշտացան հաճախակի ծնրադրություններից, այն, որ քուրձ էր հագնում՝ նման նրանց, ովքեր շրջեցին այծերի մորթիներով ծածկված:

Այն Հակոբոսը, որ օրենքի ջատագով էր և Ավետարանի քարոզիչ, որ խրատում էր Պողոսին, և օրենքի պահպանությանը կրթելով, խորհուրդ էր տալիս լուծանել օրենքը և չնեղացնել նրանց, ովքեր հեթանոսությունից քրիստոնեության կդառնան:

Այն Հակոբոսը, որ միշտ բազմամարդ հրապարակներում, հավաքված ատյաններում և տիրասպան ժողովրդի մեջ էր: Որ առյուծի նման վստահ էր իր անձի արդարության վրա, ինչը զարմանալի էր նրանց համար և սարսափեցնող, որ դպիրների ահից չէր երկնչում, ոչ քահանայապետերի երկյուղից էր վախենում, և ոչ էլ ռամիկների սպառնալիքներից էր դողում, այլ մնում էր որպես հաստատուն և անշարժ վեմ՝ որպես Քրիստոս թագավորին զինվորագրված քաջ նախամարտիկ, որ մոլեգին տիրասպանների փորձությունների բոլոր ալիքներն իր վրա էր ընդունում և անշարժ մնում: Եվ երբ Պետրոսը՝ առաքյալների գլխավորը, տասնյակ առաքյալների հետ փախչելով թաքնվում էր և աշխարհի տարբեր ծայրերը շրջելով՝ ավետարանում, նա Երուսաղեմում էր մնում և այնտեղից չէր հեռանում: Այլ անաստվածների մեջ մնալով՝ նրանց մոլորության հրդեհն էր մարում և Քրիստոսի աստվածության հավատին բերում: Եվ տիրասպաններից շատերին ճշմարտության աշակերտ էր դարձնում և դրանով դպիրների ամբողջ բարկությունն իր վրա էր բորբոքում:

Արդ, որ Հակոբոսի նախանձախնդրությունը ձեր մեջ եք կրում, փափագելով լսեք այդ սքանչելիի ճառը և նմանվո՛ղ եղեք նրա առաքինությանը:

Ուստի ես էլ զարհուրում, զարմանում և ինձ համար մեծ օգուտ եմ համարում միայն Հակոբոս արդարի անունն իսկ հիշելը, էլ չեմ ասում նրա մասին ճառելը: Գովելով՝ նրա փառքի վրա որևէ բան չեմ ավելացնի, քանզի մարդկանցից ո՞վ կարող է գովել նրան, որի գովքն Աստծուց է, այլ ոչ թե մարդկանցից, և նրա մեծ փառքի հավելվածը հավասար է նրանց, ովքեր հավիտյան փառավորում են Տիրոջը: Սակայն Քրիստոսի հարազատին մտերմություն եմ ցույց տալիս, որպեսզի նրա միջոցով մոտենամ Քրիստոսին, որպեսզի ինձ և իմ նմաններին մատուցի նրան՝ լի շնորհով և մարդասիրությամբ: Ուստի եթե մի բաժակ ջուր տվողի վարձքը չի կորում, ըստ անսուտ խոստման, ապա ինչպես կկորցնի արդարի մոտ դրված քրտինքով և աշխատանքով արած երկասիրությունը:

Արդ, ահա մեծ փափագով կցանկանայի տեսնել արդարի մարմնի աճյունը, եթե հնարավոր լիներ գտնել այն, որովհետև դրանով կարժանանայի Քրիստոսի մարդասիրությանը, ուստի պակաս նպաստավոր չի լինի մեղավոր անձի մաքրման համար մոտենալ սրբերի նշխարներին և համբույրով միավորվել նրանց հետ, որոնց հետ Աստված է միավորված, և արցունքով թրջել դրանք:

Կցանկանայի տեսնել աճյունը այն ոսկորների, որոնց մեջ Աստված էր հանգչել, որ կենդանության ժամանակ վարժվել էին Քրիստոսի մահանալուն և մահվանից հետո Սուրբ Հոգու շնորհներն էին բաշխում հավատքով իրենց մոտեցողներին: Որ խստակրոնությամբ ճնշում էր մարմինը և ծառայեցնում, որ սպանում էր երկրավոր անդամները, որ ոչնչացնում էր հոգին ապականող ախտերը: Եվ ոչ միայն կհամբուրեի այդ ոսկորները, այլև այն ինձ համար կհամարեի անմահություն, երանություն, հանգիստ և արքայություն:

Կուզեի տեսնել աճյունը այն բերանի, որով Քրիստոսին էր համբուրում բազմաթիվ անգամներ և ճշմարիտ վկայություն տալիս նրա մասին, որ բացում էր Աստծու խոսքով՝ Սուրբ Հոգուն իր մեջ հրավիրելով, որ օրհնությամբ, աղոթքով և օգտակար խրատներով էր միշտ զբաղեցնում, որով նաև Ավետարանն էր քարոզում, և դպիրներին ու փարիսեցիներին հանդիմանում:

Կցանկանայի տեսնել այն աչքերի աճյունը, որոնք աշխարհի Փրկչին տեսան, որոնք արտասուքի աղբյուր էին, որոնք Հին Կտակարանի ընթերցվածքների տեսնողները եղան, որ ոչ միայն իր ազգակիցների փրկությունն էր հայցում, այլև՝ ամբողջ աշխարհի:

Կցանկանայի տեսնել պատվական և մաքրամաքուր գլխի աճյունը, որ մեր բոլորի Գլխին՝ Քրիստոսին ընդունեց, որ Նրան դավանելու համար հարվածվեց և վիրավորվեց, որ նվիրական խոսքերն ասաց՝ հրեշտակներին ցանկալի, և Աստծուն մարդկային ցեղի հետ հաշտեցնող, դևերի համար խոցելի և հանդիմանություն՝ Աբրահամի զավակների համար:

Կուզեի տեսնել այն ձեռքերի աճյունը, որ միշտ և հանապազ աղոթքի համար վեր էին բարձրանում, որ առաջին անարյուն պատարագը մատուցեցին վերնատան մեջ՝ անդրանիկ պատարագից հետո, որոնք տիեզերքի փրկության սկիզբը դրեցին, որ ձրի շնորհներ պարգևեցին և ընդհանրական թղթեր գրեցին որպես խրատ, վարդապետություն և զգուշություն մանկանց Եկեղեցու, որ տնանկներին ողորմություն էին տալիս և աղքատներին կերակուր բաժանելով՝ Քրիստոսին էին կերակրում, որ անտուններին վերարկու տալով՝ հագցնում էին Նրան, ով լույս է հագած, և որոնք Քրիստոսի համար կապվեցին:

Կցանկանայի տեսնել այն երանելի գիրկը, որ Քրիստոսին էր կրում, որ Քրիստոսին էր կերակրում և հանգստացնում էր, և այն ուսերը, որով վերցրեց աշխարհն իր ուսերի վրա կրողին: Ուստի եթե Սիմեոն ծերունին մեկ անգամ իր գիրկը վերցրեց Աստվածորդուն և երանելի կոչվեց, և բոլոր արդարներից ամենապատվականը համարվեց, ապա որքան կրկնակի երանությունների է արժանի նա, ով մշտապես էր կրում, անդադար շոշափում և հանապազ համբուրում, նրա հետ ապրեց այս կյանքում և կենցաղավարեց:

Կցանկանայի տեսնել այն սուրբ սիրտը, որով Աստծուն ճանաչեց, որով արդարություն ստացավ, որ մաքուր էր, անախտ և անխառն ամեն տեսակ չարից, որ անսահման էր և գթած, որ քաղցր էր և ողորմած:

Կցանկանայի տեսնել և համբուրել այն սուրբ ծնկերի աճյունը, որ կոշտացել էր գետնից, որ տկարացել էր պահքից, որ չէր դադարում ծունկի իջնելուց և խոստովանելուց, որ Հիսուս Քրիստոս Տեր է Հոր Աստծու փառքի համար:

Կցանկանայի տեսնել այն ոտքերի աճյունը, որ դեպի տաճար տանող երանելի ճանապարհով էր գնում, որ Ավետարանը քարոզելու համար էր ընթանում, որ հիվանդներին այցելելու համար էր շտապում, որ աշտարակի վրա բարձրացավ և երանելի վախճանն ընդունեց:

Նաև կուզեի տեսնել ամբողջ մարմինը և բոլոր անդամները, սրբությամբ սնված անուշահոտ պատարագը և բանավոր ողջակեզը, այն պարկեշտն ու վայելուչը, կուսությամբ զարդարվածը և ողջախոհությամբ ծաղկածը, այն ժուժկալն ու կրոնավորը, այն արին ու քաջամարտիկը, ադամանդյան և անցավելին, համբերողն ու երկայնամիտը, բանսարկուին ընդդիմամարտը և դևերի գնդերի թշնամին, հրեշտակների ցանկալին և աստվածության տաճարը, իմաստուն վաճառականը և հմուտ ղեկավարը, երկրավոր հրեշտակը և երկնավոր մարդը, Սուրբ Հոգու բնակավայրը և Երրորդության օթևանը: Որ նախքան մեռնելը մեռած էր և հարությունից առաջ՝ կենդանի, որ Քրիստոսի անուշահոտությունն էր և Տիրոջ տան մեջ տնկված, և մեր Աստծու գավթում ծաղկած, որ մարդ էր երկրավոր և փայլակ երկնավոր, որ արեգակ էր արդարության և բոլորի լուսավորիչ, որ արուսյակ էր առավոտվա և աստղ՝ գիշերվա, որ Աստծու խորհուրդների հազարապետ էր և առաջնորդ եկեղեցու, որ բանավոր հոտի հովիվ էր, և վիրավորների համար իմաստուն բժիշկ, որ Հիսուսի քարոզիչն էր և հանդիմանողը տիրասպան ազգի, որի պատճառով էլ անաստվածների ատյան տարվեց, որտեղ չկար արդար դատավոր, և ոչ էլ իմաստուն և բանական մարդ, ոչ ճշմարտության ջատագով և ոչ էլ մեկը, որ իրավունք փնտրեր և արդարացներ անմեղին, որովհետև բոլորն էլ արյան ծարավներ էին ինչպես կատաղի գազաններ:

Այդ պատճառով էլ արդարին աշտարակի վրա կանգնեցնելով հարցնում էին ոչ թե նրանից սովորելու համար, այլ՝ հանցավոր հանելու, ոչ թե մի բան շահելու համար, այլ՝ սպանելու, ոչ թե հավատալու համար, այլ՝ ուրացնելու: Ասում էին. «Ասա՛ մեզ, ո՞րն է Հիսուսի դուռը», իսկ նա առանց ուրանալու խոստովանեց, բացեց նրանց առջև դուռը, սակայն չցանկացան մտնել: Նրանք, որ մարգարեների բազմաթիվ դռներից չմտան, ինչե՞ս կարող էին մեկ դռնով մտնել, և որոնք օրենքի դռները փակեցին, ինչպե՞ս պիտի բացեին ճշմարտության դուռը: Բացեց արդարն իր սուրբ բերանը և ասաց. «Ինչո՞ւ եք ինձ հարցնում Աստծու Որդու մասին: Նա նստած է երկնքի մեջ Մեծության աջ կողմում և գալու է երկնային ամպերի միջից»: Այս ձայնը մարգարեակոտոր ազգի ամբողջ բարկությունն իր վրա հարուցեց: Զայրացան նրա վրա և իրենց ատամները կրճտացրեցին, ինչպես այն ժամանակ, երբ քահանայապետը Տիրոջ և Աստծու Բանին երդումով հարցրեց, բայց Տերը ճշմարտությամբ պատասխանեց, իսկ նա պատմուճանը պատռեց մոլեգնած ժողովրդին ցույց տալու և զայրացնելու համար: Նմանապես նաև այստեղ, երբ արդարը մեծ վկայություն տվեց և բացեց դռները, ինչպես որ խնդրել էին նրանք՝ տանել իրենց երկնավոր արքայի մոտ, նրանք տեսան իրենց ձախորդությունը, զղջացին, և իրենց նենգ ու սնոտի խորհուրդների մեջ ասացին. «Չարիք գործեցինք, քանզի Քրիստոսի մասին այսքան մեծ վկայության առիթ հանդիսացանք»: Ապա բարձր ձայնով աղաղակեցին, որպեսզի իրենց ազգակիցները լսեն: Եվ ինչպես Ստեփանոս Նախավկան, երբ ասաց. ««Ահա տեսնում եմ երկինը բացված և Մարդու Որդուն, որ նստած է Աստծու աջ կողմը»: Իսկ նրանք բարձրաձայն աղաղակելով փակեցին իրենց ականջները և բոլորը միասին նետվեցին նրա վրա: Եվ քաղաքից դուրս հանելով՝ նրան քարկոծեցին» (Գործք. 7:55-57): Նույնպես նաև այստեղ՝ գոռացին արդարի վրա և ասացին՝ «Ո՜հ, ո՜հ, արդարը մոլորվեց»:

Այսպես ասացին, որպեսզի իրապես նրան մահվան դատապարտեին, ապա ժողովրդին վախեցնելու համար նրան բռնեցին և աշտարակից ներքև գցեցին, ինչպես որ այն ժամանակ նազովրեցիները՝ նրա Տիրոջը, սակայն Նա չընկավ, այլ անցավ-գնաց նրանց միջից, քանցի դեռևս չէր հասել Նրա մահվան ժամանակը: Իսկ սա՝ Նրա զորությամբ պահպանված, ընկավ և չմեռավ, որպեսզի հրաշքներ կատարելով՝ նրանց հավատքի բերեր: Այդ ժամանակ մարգարեների և արդարների արյան ծարավ բազում շներ շրջապատեցին Քրիստոսի արի և անպարտելի վկային, ինչպես երջանիկ Ստեփանոսին, և քարկոծեցին:

Նոր էր հանդեսը և չքնաղ էր մարտի օրինակը, քանզի քարերի հարվածն ընդունում էր և փոխարենը աղոթում: Որով և նմանվում էր իր անոխակալ Տիրոջը, քանզի Նա խաչի վրա ասաց. «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում» (Ղուկ. 23:34): Սա էլ նույն աղոթքն էր մատուցում բոլորի Հորը՝ թերևս համարձակություն ստանալով Քրիստոսի հարազատությունից. «Խնդրում եմ քեզ, ամենակալ Տեր, ների՛ր սրանց, քանզի չգիտեն, թե ինչ են անում»:

Ինչպիսի՜ մեծ համարձակություն, ինչպիսի՜ անսահման գութ ազգակիցների հանդեպ, ինչպիսի՜ կատարյալ միտք, վարք և խորհուրդ ուներ աշակերտը, քանի որ Տիրոջ և Արարչի խոսքերն էր կրկնում: Ինչպիսի՜ անոխակալություն և հեզություն, քանզի Հիսուսի համբերատարությունից օրինակ վերցրեց՝ քարեր էին թափվում նրա վրա, իսկ նա աղոթում էր, ոտքերի սրունքներն ու ձեռքերի դաստակները ջարդվում էին, սակայն նա Հորն էր աղերսում, արյունը հոսելով՝ կողերից ցած էր թափվում, բայց նա նրանց անջնջելի մեղքերի համար թողություն էր հայցում:

Արդարն այդպես վարվեց, իսկ նրանք [արդարի հանդեպ] արեցին այն, ինչ գրված էր մարգարեների կողմից. ««Սպանենք արդարին, քանի որ նա մեզ անհաճո է»: Այսուհետև նրանք իրենց արարքների պտուղները պիտի ուտեն» (Ես. 3:10), քանզի սպանեցին արդար Հակոբոսին, և իրենց չարիքները մինչև գլուխ բարձրացան: Նույն Զատիկի տոնին, երբ արդարին քարկոծեցին և սպանեցին, հռոմեացիներն էլ նրանց գերեցին և նրանց քաղաքը հրով այրեցին, և նրանց պաշտամունքի տաճարն ավերեցին ու պղծեցին՝ ըստ մարգարեների կանխասացության:

Իսկ արդարը ճշմարիտ դռանը՝ Հիսուսին, չուրանալու համար ցած նետվեց և քարկոծվեց և տոփանով գլխին հարված ստացավ, և դրանով իսկ եղավ Հիսուսի ճշմարիտ վկան և Նրա ճշմարիտ մահով մեռավ, Նրա բաժակը խմեց և Նրա մկրտությամբ մկրտվեց: Ուստի այնտեղ, որտեղ Տերը մեռավ, մեռավ նաև ծառան, և որտեղ թագավորն իր քաջության անունը դրեց, այնտեղ էլ նաև զինվորը: Այն այգու մեջ, որտեղ ժառանգին սպանեցին, նույն վայրում նաև ժառանգակցին, և որտեղ Որդին խաչվեց, այնտեղ գլխատվեց նաև հարազատ եղբայրը, և մոտիկ այն շիրիմին, որտեղ թագավորը դրվեց, նաև սպասավորը թաղվեց:

Եվ դրա համար եմ ես Երուսաղեմը սիրում, գովաբանում և երանի տալիս, քանզի այնտեղ Աստծու այսպիսի զանազան շնորհները եղան: Թեև այլ պատճառներ ունեի՝ Երուսաղեմը գովելու և մեծարելու, և այն բոլոր քաղաքներից առավել հոյակապ և հռչակավոր ցույց տալու՝ իր տաճարով, օրենքով ու մարգարեներով, արդար ու իմաստուն թագավորներով, զոհերով ու զոհաբերություններով և քահանաներով: Բայց առավել սիրում և գովաբանում եմ նրա համար, որ Տերն այնտեղ պատարագվեց, և ծառաներն այնտեղ սպանվեցին, և այնտեղ էլ դրվեցին և այնտեղից են Քրիստոսին ընդառաջ ելնելու: Եվ ես երանի եմ տալիս Երուսաղեմին, քանզի մինչդեռ Հակոբոսը կենդանի էր, նրանց առաջնորդում էր, հովվում, նրանց համար աղոթում, և Քրիստոսի գալստյան ժամանակ էլ նրա կողմից հարություն է ստանալու մյուս սրբերի հետ միասին և բարձրանալու է՝ Տիրոջը դիմավորելու: Այնտեղից պիտի հափշտակվի Հակոբոսը, այնտեղից է հափշտակվելու մարգարեների և թագավորների մեջ մեծ Դավիթը՝ ըստ մարմնի՝ Թոռան նախահայրը: Այն Դավիթը, որ դեռ կենդանի էր, սրանց դեմ էր երգում Հոգով և թագավորին ազատում խեղդվելուց: Այն Դավիթը, որ սաղմոսարանը կազմեց և բազմահնար քնար պատրաստեց, որ մարգարեական հոգին օծումով էր ստացել և այդքան ու այդպիսի վկայություններ էր ստացել Աստծուց. «Գտա իմ Դավթին՝ Հեսեի որդուն, իմ սրտին հաճելի մարդու, որը կկատարի իմ կամքը»:

Այն Դավիթը, որ արդարության թագավոր էր, որ պատվով և ճշմարտությամբ էր առաջնորդում Իսրայելը, որ միշտ նրանց վերակացուն էր, և նրանց անպարտ դարձնելու համար իր ազգի վրա եկող վրեժխնդրության դատավճիռն իր և իր հոր տան վրա ուղղեց՝ ասելով. «Ահավասիկ ես. ես եմ մեղավոր, ես՝ հովիվս եմ անցավոր, աս ոչխարներն ի՞նչ են արել: Թող քո ձեռքը բարձրանա իմ և իմ հոր տան վրա» (Բ Թագ. 24:18): Եվ այս ասելով՝ քավում ու լուծարում էր դատապարտության վճիռը:

Այն Դավիթը, որ երկայնամիտ և համբերող էր չարիքների մեջ, որ լայնախոհ էր նեղության ժամանակ, որ անոխակալ էր վտանգների և նեղությունների մեջ, դյուրափոփոխ՝ հալածանքների մեջ, որ չարին չարիքով չէր հատուցում, և ոչ էլ բամբասանքին՝ բամբասանքով, որ սիրում էր թշնամիներին և ողբում պատերազմի ժամանակ ընկած իրեն ատողների համար՝ նզովելով լեռները, որտեղ պատերազմ եղավ՝ ասելով. «Ո՜վ Գեղբուայի լեռներ, թող ձեր վրա ցող չիջնի, անձրև չգա ձեզ վրա» (Բ Թագ. 1:21), որ ստվերի մեջ Ավետարանի լույսն էր ծագեցնում՝ բարիք գործելով ատելիների համար և առաքինի կյանք վարելով:

Դավիթը՝ Աստծու բերանը, որ իր մարգարեությամբ տոներ է զարդարում և պայծառացնում եկեղեցին, որի ձայնը ամբողջ երկրի վրա է և խոսքը՝ մինչև տիեզերքի ծայրերը, որ բոլորին տրամադրում է իր լեզուն՝ ամենքին աստվածաբան դարձնելով, որ բոլորին մարգարե է դարձնում՝ ծերերին և մանուկներին, որ բոլորին հորդորում է աղոթել և երկինք է հրավիրում:

Այն Դավիթը, որ իր ապաշխարությամբ բոլորի առջև բացեց ապաշխարության դռները, որոնց վերքերը նեխած ու ապականված էին, որ տառապանքով և պանդխտությամբ էր շրջում, և չէր փնտրում իր անձի մխիթարությունը, որ ամբողջ գիշեր ողբում էր մահճի մեջ և արտասուքով թրջում անկողինը, մոխիրը որպես հաց էր ուտում, և ըմպելիքն արցունքով խառնում, որի ծնկները տկարացան պահքից և մարմինը այլակերպվեց յուղից, որի սիրտը խռոված էր և տառապում էր մահվան երկյուղի պատճառով, որ այս կյանքը խորը խավար և Կեդարի վրան էր կոչում, որ այնքան ծարավ էր հզոր ու կենդանի Աստծուն, որ ասում էր. «Ե՞րբ պիտի գամ ու երևամ քո առաջ» (Սղմ. 41:3): Որ փափագում էր Աստծու սիրուն ինչպես եղջերուն՝ աղբյուրի ջրին, որ գիշեր ու զօր արտասուքներով էր կերակրվում, որ Աստծու հույսով էր մխիթարում իր տրտմած անձը և խոստովանությամբ իր անձի համար փրկություն էր գտնում, որ ատում էր մեղքն ու անարգում և Աստծու օրենքներն էր սիրում ու պահում, որ երանի էր տալիս նրանց, ովքեր մեղքերի թողություն գտան և որոնց անօրինությունները ծածկվեցին: Որ Աստծու վրեժխնդրությունն էր բորբոքում հանցավորների հանդեպ, որ անիծում էր Աստծու օրենքներից շեղվողներին, որ ագահների ու ամբարտավանների հետ հաց անգամ չէր ուտում, որ Աստծու սիրո համար ամեն ինչ տալիս էր: Դրա համար էլ մեծ երանության արժանացավ և արդարների հայր եղավ և նահապետ՝ Քրիստոսի մարմնավոր գալստյան:

Արդ, սա, որ այսքան և այսպիսի առաքինություններ հանձն առավ Աստծու սիրո համար և մեծագույն շնորհների հասավ, Երուսաղեմի դռների մոտից ամպով հափշտակվելու է Հակոբոսի հետ՝ Քրիստոսին ընդառաջ և հավիտյան Տիրոջ հետ կլինի թագով զարդարված և նրա հետ պիտի թագավորի: Առավել ևս, որ չեն հափշտակվելու, այլ ինքը՝ Թագավորն է այնտեղից իջնելու՝ հափշտակելու նրանց Երուսաղեմի դռների մոտից, քանզի այնտեղ, ուր առաջին անգամ խոնարհությամբ եկավ և առաջին փրկագործությունը կատարեց, նույնպես նաև երկրորդ անգամ է կատարելու՝ իր ահավոր գալստյամբ, որպեսզի իր սիրելիները այնտեղ, որտեղ տեսան Իր անարգանքը, նույն տեղում տեսնեն նաև փառքը և ուրախանան, իսկ Իր ատելիները՝ ամաչեն և կորստյան մատնվեն:

Թվում է, թե Երուսաղեմի դռների մոտ աթոռներ են դրվելու՝ ըստ Դանիելի (տե՛ս Դանիել. 8:9), և Ծերունին է նստելու ու կրակե գետը հորդելով նրա առջև է ելնելու, հազար-հազարներով և բյուր-բյուրերով սպասավորելու են Նրան: Այդ ժամանակ Մարդու Որդին երկնային ամպերով հասնելու է Ծերունու մոտ, այդ ժամանակ հնչելու են փողերը և մեռելները հարություն են առնելու և Ադամի բոլոր սերունդներն այնտեղ են լինելու և դատաստանն սկսվելու է, ու գիրքը բացվելու և գաղտնիքներն ի հայտ են գալու, և յուրաքանչյուրի գործերի հատուցումն արդարությամբ է լինելու:

Այն ժամանակ, Տերունական խոսքի համաձայն. «Արդարները երկնքի արքայության մեջ կծագեն ինչպես արեգակ» (Մատթ. 13:43)` տարբերվելով փառքով և Տիրոջ հետ թագավորելով, անեղծության պսակն ընդունելով և անճառ բարիքները վայելելով ու լուսեղեն հարկերին ու փառքին արժանանալով: Նրանց այդպիսի փառքի մեջ տեսնելը մեզ համար մեծ երանություն է, քանզի եթե արժանանանք տեսնել նրանց, ապա նրանց միջոցով նաև Տիրոջը կտեսնենք, եթե այստեղ լսենք նրանց վարդապետության խրատները և հնազանդվենք ու աշակերտաբար նրանց նեղ ճանապարհով գնանք, ապա նաև այնտեղ արժանի կլինենք՝ տեսնելու նրանց անճառ փառքի մեջ, և ոչ միայն տեսնելու, այլև նրանց պսակներին և հանգստյան հանգրվանին արժանանալու:

Մեր Քրիստոս Աստծու մարդասիրությունը արժանացնի բոլորիս՝ հասնելու այդ օթևաններին և վայելելու Նրա ճշմարիտ սերը և մասնակից լինելու սրբերի վայելքին՝ շնորհով և մարդասիրությամբ մեր Տեր ու Փրկիչ Հիսուսի Քրիստոսի, որ մեզ հրավիրեց Իր՝ Երկնքի արքայությանը և փառքին: Որի հետ նաև Հորը և միասնական Սուրբ Երրորդությանը փա՛ռք, իշխանությո՛ւն և պատի՛վ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,

Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

23.03.20

Լրահոս
Չդառնանք չարը՝ հակառակվելով չարին Սուրբ Գենարիոս եպիսկոպոսի և Մերկերիոս զինվորի հիշատակության օր Ադրբեջանը քննարկում է Շուշին և Խուդաֆերինի կամուրջները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու հնարավորությունը Լույս է տեսել «Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրում» գրքույկը Այս մրցանակը նվիրում եմ բոլոր հայ զինվորներին․ Իվետա Մուկուչյան Երեք նոր նամականիշ` նվիրված «Պատմամշակութային հուշարձաններ. Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմային Աստղագիտության դասավանդման նորարարական մեթոդները Համերգ-ցուցահանդես՝ նվիրված Արամ Խաչատրյանի զարմիկներին Աղոթք որոշակի կարիքների և ամբողջ աշխարհի համար Ավագ Եփրեմյան «Լինել թե չլինել ընթեռնելի» Հուսիկ Արա․ Մելոդիա Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնին դուրս բերվեց Սուրբ Գեղարդը Հույս Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներ Մահացել է բանաստեղծ Եղիշե Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը «Սոթբի»-ի աճուրդի տանը վաճառքի է հանվել 17-րդ դարի հայերեն ձեռագիր Ֆրանսիան համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ԼՂ-ի պատմամշակութային օբյեկտների պահպանության համար Նկար­չի ժա­մա­նա­կը «Ոսկե ծիրանը» կցուցադրի կինոռեժիսորի «Զինվորը և կովը» ֆիլմը Աստծո անունը զուր տեղը մի տուր Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը «Դուք այստեղ որևէ ադրբեջանական բան տեսնո՞ւմ եք». Свободная Пресса-ի ռեպորտաժը ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող Դադիվանքից (տեսանյութ) Շու­շիի բանտ­ված թան­գա­րա­նա­յին նմուշ­նե­րը Տրտուն­ջը, նա­խան­ձը ա­վե­րում են մեր հո­գին Քանի որ այսօր ՀՀ-ն չունի իշխանություն, հայ մշակութային գործիչները դիմում են միջազգային կառույցներին Առաջին լուսավորիչներ՝ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալներ Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՀՀ վաստակյալ նախագահ Սերժ Սարգսյանին Աստծո արքայությունը բանաձևող առակներ «Լեռնային Ղարաբաղի հուշարձանների վիճակը պետք է գնահատեն միջազգային մասնագետները». ռուս փորձագետ Հասարակական ախտանիշ՝ չարախոսություն Նվիրյալների շնորհիվ է արվեստն ապրում ու զարգանում, և Զավենն այդ նվիրյալներից էր. Վազգեն Մանուկյան Հնագետները նեֆրիտի վերամշակման հնագույն արհեստանոցներ են հայտնաբերել Չինաստանում Խրատներ ժամակարգության համար: Ընդհանրական և առանձնական աղոթքների և ծնրադրությունների մասին Վանա լճի ջրի մակարդակի նվազման արդյունքում հայտնաբերվել է Ուրարտուի թագավորության նավահանգիստներից մեկը Կաննի և Տալլինի փառատոնները դատապարտել են Ադրբեջանի կոչերը՝ միտված Նորա Մարտիրոսյանի ֆիլմի ցուցադրությունները ձախողելուն Ինչի՞ց է որ Հայաստանում Սուրբ Ղուկիանոս քահանայի, Տարագրոսի, Պրոբոսի, Անդրոնիկոսի, Ոնեսիմոսի և Սուրբ Պողոս առաքյալի մյուս աշակերտների հիշատակության օր Վահագն Դավթյան. Ձայն իմ արյան Կինեմատոգրաֆիստների միությունը հետաձգել է տարվա հոբելյարներին նվիրված մի շարք միջոցառումներ
website by Sargssyan