Երբ ապրում ենք հավիտենության լույսի ներքո

Երբ ապրում ենք հավիտենության լույսի ներքո

Մահից հետո մարդու հոգին մուտք է գործում հանդերձյալ կյանք, որը բոլորի՝ արդար և մեղավոր հոգիների համար նույնը չէ: Մահից հետո մարդու հոգու վիճակը կախված է նրանից, թե ինչպես է նա իր երկրային կյանքը ապրել: Երկրային կյանքը՝ սերմանելու, իսկ հանդերձյալը կյանքը հունձքի ժամանակն է: Ինչ սերմանում է մարդը, այն էլ կհնձի: «Ով որ սերմանում է իր մարմնի անդաստանում, մահ կհնձի իր մարմնից, իսկ ով սերմանում է Սուրբ Հոգու անդաստանում, հավիտենական կյանք կքաղի Սուրբ Հոգուց» (Գաղ. 6:7-8): Մահվանն անմիջապես հաջորդում է հունձքը, որը երբեմն արտահայտվում է նաև այն ժամանակ, երբ մարդը մերձ է մահվանը: Քրիստոսի հետևորդները դարեր շարունակ ջանացել են իրենց կյանքում բարին սերմանել և պատասխանատվությամբ հունձքին են պատրաստվել՝ չերկնչելով մահից: Ս. Պողոս առաքյալն իր մասին հետևյալն է ասել. «Մնացել եմ երկու սրի արանքում. մի կողմից ցանկանում եմ դուրս գալ այս կյանքից և Քրիստոսի հետ լինել, ինչը որ անհամեմատ ավելի նախընտրելի է, բայց մյուս կողմից՝ ձեր սիրո համար ավելի կարևոր եմ համարում մնալ այս կյանքի մեջ» (Փիլիպ. 1:23-24): Սրբերի վարքագրության մեջ հանդիպում ենք մի շարք օրինակների, երբ սրբերը ոչ միայն չէին վախենում մահից, այլև չարչարանքները քաջությամբ տանելով՝ շարունակում էին ապրել Տիրոջ հետ հանդիպելու ուրախությունը: Մահվանը մերձ գտնվող սրբերին անվախ էր դարձնում նրանց ամուր և կենդանի հավատքը հավիտենական կյանքի նկատմամբ: Ցավոք, այսօր ոչ բոլորն են, որ նման ամուր և կենդանի հավատք ունեն: Մարդկանց մոտ հավիտենության հանդեպ կործանարար սառնասրտության պատճառներից մեկը թերի հավատն է: Մարդկանց մի մասը հավատում է, որ գոյություն ունի հավիտենական կյանք, բայց թույլ հավատի պատճառով ոչ միշտ է այդ մասին մտածում, հավատում է, որ հոգին անմահ է, որ մահին հաջորդելու է հավիտենական երանելի կյանքը կամ հավիտենական տանջանքը, որ Աստծու արդարադատությամբ արդարներն արժանանալու են հավիտենական երանության, իսկ մեղավորները՝ հավիտենական տանջանքի, հավատում է, բայց ողջ սրտով չի ընդունում այդ մեծ ու ահեղ ճշմարտությունը: Չի խորհում՝ ինչ է նշանակում հավիտենական երանության կամ տանջանքի մեջ լինել, հատկապես՝ տանջանքի, որը ոչ մի ակնթարթ չի դադարելու:

Իսկ ոմանց մոտ հավիտենության հանդեպ սառնասրտությունը գալիս է նյութականի հանդեպ կախվածությունից: Նրանք այնպես են ժամանակավորից կառչած, որ գրեթե ի վիճակի չեն հավիտենության մասին մտածելու: Նրանց սիրտն ամբողջովին գամված է միայն երկրային բարիքներին, նրանց մտային ողջ կարողությունները զբաղված են միայն երկրայինով, որ կարող է բերել երկրային, ժամանակավոր ուրախություն, հաճույք և հարմարավետություն: Իսկ ոմանք էլ այս փրկարար մտածումից հեռու են մեղքերի գերին լինելու պատճառով: Մեղքի գերի դարձած անձի համար մեղքից ազատվելը մեծ ջանք է պահանջում, քանի որ մեղքն այնքան է հարազատացել նրան, որ երբ հավիտենության մասին միտք է ծագում, նույն պահին փորձում է այն ջնջել իր մտքից և մոռացության տալ: Նման մարդու համար ինքն իր հետ մենակ մնալը անտանելի տանջանք է և տխրություն:

Եթե մարդիկ խորհեին հավիտենության, դատաստանի և այն մասին, թե արդյոք իրենց հավիտենական կյանքը երանելի է լինելու, թե՝ ոչ, ապա այս մտածումը նրանց կստիպեր մտահոգվել ապրած յուրաքանչյուր օրվա համար, ապա այս մտածումը բարերար և փրկարար նշանակություն կունենար նրանց համար: Հայրաբանության մեջ կարդում ենք, որ եթե մարդը խորհելիս, խոսելիս և գործելիս հիշի մահվան և դրան հաջորդող հարության, դատաստանի, հավիտենական երանության մասին, ապա իր մտքերը, ցանկություններն ու գործերը կդիտի միայն հավիտենության լույսի ներքո: «Որպեսզի հոգ տանեք ձեր հավերժության համար, դուք պետք է համոզվեք դրանում, մտածեք դրա մասին, աշխատեք դրա համար ամբողջ ուժով և ձեր սիրտը լցնեք դրանով»,- ասել է Շենուդա Գ հայրապետը:

Կարինե Սուգիկյան

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում