Վահագն Դավթյան․ Կորած տողը

Վահագն Դավթյան․ Կորած տողը

Կիսաքնիս խառն ու խռիվ ամպի մեջ
Տող էր ծնվել ու ղողում էր իմ շուրթին,
Որ, հիշում եմ, գեղեցիկ էր շանթի պես
Ու թախծալի, ինչպես անբառ մեղեդին:

Արթնացել եմ, որոնում եմ ու չկա,
Ցնդել է նա, ցողի նման չքացել,
Եվ շուրթերիս լոկ իբրև հետք ու վկա
Լույսի թեթև մի թրթիռ է մնացել:

Սկիզբն էր նա գուցե հրաշք մի երգի,
Կամ երազված հրաշք երգն էր նա գուցե,
Որ կարող էր բախել դուռը երկնքի,
Որ կարող էր անհայտնի հետ զրուցել:

Տողը ոչինչ… Այնքան տողեր եմ ցրել,
Բայց սրտիս մեջ դեռ կորուստն է մորմոքում,
Թվում է թե ինչ-որ սեր եմ կորցրել,
Ինչ-որ մեկի տաք աճյունին եմ չոքում…

1982թ.

Հետևեք մեզ նաև Telegram-ում