Հենրիկ Էդոյան. Սուտ խոսքերի առատության միջով

Հենրիկ Էդոյան. Սուտ խոսքերի առատության միջով

ՍՈՒՏ ԽՈՍՔԵՐԻ ԱՌԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՎ

ՍՈՒՏ խոքերի առատության միջով,
Որ մեզ է տրված,
մենք անցնում ենք անտրտունջ, անձայն
և կառուցում ենք
մեր աչքերի մեջ
հարմար մի տուն,
հավատալով, որ այնտեղ կապրենք ևս մի դար:

1966թ.

ԽՈՍՔԸ

1
ԵԹԵ աստվածները անմահ մարդիկ են,
(ինչպես ասում է Հերմես Եռամեծը),
ուրեմն ամեն մարդ աստվածային է:

Եթե ամեն մարդ աստվածային է,
ուրեմն Աստված կա, դա ինքը
Խոսքն է:

2
«ԿՅԱՆՔԸ նույն մահն է» –
Ասացին Արևելքում:

«Մահը նույն կյանքն է» –
Ասացին Արևմուտքում:

Երկուսի միջև
մի գիծ կա –
Խոսքը:

3
ՔՈ կյանքը կարծես
վերադարձ է տուն:

Իսկ ի՞նչ է կյանքն իմ,
քուն կամ արթնություն:

Այսպես ես ու դու
պարզված ենք իրար

իբրև երկու խոսք,
մեկ մենակություն:

1993թ.

Հետևեք մեզ նաև Telegram-ում