USD
EUR
RUB

Սուրբ Բարսեղ Եպիսկոպոսի ճառն արբեցողների մասին, մաս երկրորդ

 

Գինին, որքան էլ արտաքնապես ջրի նման անապակ, սառն ու զովացնող լինի, միևնույն է, երբ չափից դուրս ես խմում, այն, ինչպես անշիջանելի հուր, այրում է քո ներսը։ «Ո՞ւմ համար է վայը, ո՞ւմ համար է խռովությունը, ո՞ւմ համար են ցավերն ու զազրախոսությունները, ո՞ւմ համար են իզուր հարվածները, ո՞ւմ համար են կապտած աչքերը. ո՞չ նրանց համար, ովքեր գինով են տարվում, նայում են, թե որտեղ գինարբուք կա» (հմմտ. Առակ ԻԳ 29-30)։ «Վայ»-ը ողբի ձայնն է, և, հիրավի, արբեցողները ողբի են արժանի, քանի որ նրանք «Աստծո արքայությունը չեն ժառանգելու» (Ա Կորնթ. Զ 10)։ Իսկ ահա ամբոխը գինու պատճառով խռովության է մատնում իր խորհուրդները և դառնության ու ցավերի է մատնվում հեշտասիրության ըմպելիքը խմելու պատճառով։

Արբեցողների ոտքերն ու ձեռքերը կապկպված են արբեցողության մոլության պատճառով։ Այս ախտը խելագարների մեջ է բնավորվում հենց այն ժամանակ, երբ նրանք սկսում են ըմպել գինին։ Հենց որ նրանց գլխում սկսում է գինին եռ գալ, անտանելի ցավերն են պատում արբեցողին և նա չի կարողանում մինչև անգամ գլուխն իր ուսերի վրա ուղիղ պահել և ընկնում է ուրիշների վրա։ Եվ դեռ գայթակղեցնում էլ է մյուսներին խնջույքի համար անչափ գումար հավաքելու մասին իր բարբաջանքներով ու սատանայական խոսքերով։ Գինեկոնծության ու արբեցողության պատճառով ուղղվել չկարողացողները տառապանքի մեջ են ընկնում և գայթակղեցնում մյուսներին ևս՝ սեփական մարմինների վար գլորվելու ու կործանվելու պատճառով։

Էլ ի՞նչ ասես այս գինեմոլներին, որոնց գլուխները ծանրանում են արբեցողության պատճառով, որոնք նիրհում են, հորանջում, ամեն բան շղարշված են տեսնում ու ճանաչում։ Այդ պատճառով էլ այդպիսիք չեն լսում այս ու այն կողմում քարոզվող վարդապետությունների ձայնը. «Մի՛ հարբեք գինով, որի մեջ վավաշոտություն կա» (հմմտ. Եփս. Ե 18)։ Եվ դարձյալ՝ «գինին պագշոտեցնում է և արբեցողությունը՝ թշնամացնում (հմմտ. Առակ. Է 10, Ի 1)»։ Այս խոսքերը չլսելու պատճառով է, որ մարդիկ արբեցողության պտուղն են ճաշակում և ծանրությամբ ուռչում, նրանց աչքերը գիջանում են, բերանը՝ ցամաքում և պապակվում։ Այնպես, ինչպես որ հեղեղների ժամանակ վիհերը ջրով են լցվում, սակայն հեղեղի դադարելուց հետո վերստին ցամաքում են, սույնկերպ և գինով արբեցածներն են հանդիմանվում, երբ նրանց բերանները գինով լցվելուց հետո խոնավանալով՝ այնուհետ, փոքր-ինչ անց, ցամաքում են ու տոչորվում։

Նրանք, ովքեր չափ ու սահման չճանաչելով՝ գինեըմպությանն են տրվում, մշտապես քարշ են գալիս գինու հետևից և իրենց կենդանությունը խորհրդանշող խոնավությունը մի կողմ են նետում։ Չէ՞ որ մարդու կազմությունն այնքան զորավոր չէ, որպեսզի կարողանա հանդուրժել արբեցության պատճառած չարիքը։ Եվ ուրեմն ի՞նչ է մնում մշտապես գինով արբած ու գինով սեփական շուրթերը խոնավեցրած մարմնին անել, եթե ոչ միայն՝ կազմաքանդ լինել, տկարանալ ու կործանվել։ Այստեղից էլ գալիս են արբեցողների դողդոջանքներն ու հիվանդությունները, գինու անբավության պատճառով վրա հասած շնչառության խզումները, մարմնի ջլերի ուժասպառումը, գինու բերած թմրության պատճառով ի հայտ եկած՝ մարմնի դողն ու սարսուռը։ Ինչո՞ւ ես Կայենի նզովքը քեզ վրա վերցնում քո կյանքում մշտապես դյուրաբեկ ու տարուբերվող լինելու պատճառով և այն պատճառաբանությամբ, թե իբր՝ մարդկային մարմինը ի բնե չունի հաստատունություն, այդ պատճառով էլ խռովվում է ու տատանվում…

Մինչև ե՞րբ պիտի հույսդ գինու վրա դնես, մինչև ե՞րբ պիտի շարունակվի քո արբեցողությունը։ Այդկերպ շարունակելով՝ ինքդ քեզ վտանգի ես ենթարկում՝ մարդու փոխարեն տիղմ լինելու, քանի որ այնպես խառնվեցիր գինուն, որ հանապազ արբեցողության պատճառով ապականությամբ նեխելով՝ անպիտան անոթի նմանվեցիր։ Ադպիսինների մասին էր ողբում Եսային՝ ասելով. «Վա՜յ նրանց, ովքեր, առավոտյան վեր կենալով, ընկնում են գինու հետևից և օրն անցկացնում դրանով։ Գինին նրանց այրում է, քանի որ քնարով ու փողով ըմպում են գինին, բայց Տիրոջ գործերին չեն նայում և Նրա ձեռքի գործերը չեն ճանաչում» (հմմտ. Ես. Ե 11-12)։ Գինի ըմպելը արբեցողության մատնվելու եբրայեցիների սովորությունն է։ Արդ, նախապես ճշտելով, թե որտեղ է գինարբուք ու գինու վաճառք լինելու (հմմտ. Առակ. ԻԳ 30) և ժողովվելով կրպակների մոտ, նրանք մեկը մյուսին գինի են հրամցնում և հոգում, որպեսզի բոլորն էլ արբենան։

Այդպիսիք ողբի են արժանանում մարգարեի կողմից, քանի որ ընկնելով արբեցողության հետևից՝ ժամանակ չեն ունենում Աստծու սքանչելիքների մասին իմանալու։ Նրանք ջանք չեն թափում իրենց աչքերը երկինք հառելու՝ վերստին այնտեղ գնալու հույսով, և ոչ էլ հիանում են նույն այդ երկնքի ու մնացյալ բոլոր ստեղծվածների զարդարուն գեղեցկությամբ, որոնց ներդաշնակությունը Արարչի մասին է վկայում։ Նրանք, սակայն, հենց օրը բացվում է, իրենց հանգանակությունն են հավաքում և իրենք էլ ժողովվելով շատրվանազարդ ու ծաղկափթիթ վայրերում՝ ջանադրաբար ու խնամքով իրենց կործանեցուցիչ պատրաստություններն են տեսնում։ Նրանք հավաքում են թակույկները, գինու խառնարաններն ու տաշտերը՝ ում տանը ինչքան որ մնացած լինի, որպեսզի ըմպամանների զանազանությամբ հագուրդ տան ու երկարաձգեն իրենց անհագ արբեցողությունը, որը, սակայն, ի վերջո նրանց կորստյան է մատնում։ Հանգանակապետերը, մատռվակապետերն ու տաճարապետերն էլ, իրերի անկարգ դրությունը իմանալով, փոխանակ ի պաշտոնե պարկեշտություն սահմանեն ու զսպեն անօրինությունները, դեռ մի բան էլ իրենք են թշնամաբար ծառայում «թագուհի» հռչակված գինու սպասավորությանը։ Նրանք իրենց գլխին պսակ դրած, ծաղիկներով, անուշաբույր յուղերով ու խնկերով զարդարված, հազարավոր հեշտասերների այդ գինարբուքի մեջ են գրավում՝ ջանասիրաբար նրանց կորուստը նախապատրաստելով։

Այնուհետ, արդեն գինովցածները առաջ գալով, բանսարկուի մահաշունչ դրդմամբ զանազան հակառակություններ, հաղթասեր ու «պատվախնդիր» մրցություններ են նախաձեռնում առ այն, թե ո՞վ է առավել շատ ունակ՝ արբելու, իսկ որպես հաղթության մրցանակ է սահմանվում մեղքը… Եվ նա, ով որ ամենքից շատ էր խմում և առավել շատ մարդ էր ներգրավում այդ արբեցությանը, ինքնաբերաբար նա էր դառնում հաղթող։ Մի խոսքով՝ «նրանց փառքը իրենց ամոթն է» (Փլպ. Գ 19), քանի որ հերիք չէ իրենք են չարի այդ խորհրդին մասնակցում, դեռ մի բան էլ ներգրավում են ուրիշներին։ Զազրությունը արտահայտող ո՞ր խոսքը կարող է բնութագրել նրանց այսպիսի վարմունքը։ Ամենայն անգործությամբ լի, ամենայն խառնակությամբ լեցուն՝ թե՛ պարտվողները, թե՛ հաղթողները արբենում են, սպասավորները՝ ծաղրում նրանց… Ձեռքը հրաժարվում է, բերանը չի ընդունում, որովայնն արդեն պատռվում է մեջտեղից, սակայն այդ մարդիկ չարը իրենցից չեն վանում։ Հեգ մարմինը, իր բնական ամրությունը կորցրած ու բոլորովին թուլացած, մի կերպ է համբերում իր դեմ գործվող, չափ ու սահման չճանաչող այդ բռնությանը։

Սա ինչպիսի՜ ողորմելի երևույթ է թվում քրիստոնյաներիս աչքին։ Մարդը, գիտակից տարիքի հասած, ֆիզիկապես ուժեղ, զինվորական ծառայությունը ընտրած, վայելչակազմ մեկը մի կերպ իր տուն է բերվում ուրիշների կողմից՝ չկարողանալով ուղղվել ու իր ոտքերի վրա գնալ։ Այդպիսի պատերազմամարտիկներից մինչև իսկ ամենազորավորը հրապարակներում մանուկների ծաղրի պատճառ է դառնում. նա անգամ առանց երկաթի գետնին է տապալվում և սպանվում է առանց իր դեմ պատերազմող մրցակցի։ Նորաբողբոջ հասակում եղող զինվորը, գինով «ծախվելով», պատրաստ է մարտնչել իր թշնամիների կողմից՝ որքան որ հարկ լինի…

Արբեցությունը բարի խորհուրդների սատակումն է, անժամանակ ծերությունը, շուտափույթ մահը, քանի որ ուրիշ ի՞նչ են իրենցից ներկայացնում արբեցողները, եթե ոչ՝ հեթանոսական կուռքեր, որոնք «աչքեր ունեն, բայց չեն տեսնում, ականջներ ունեն, բայց չեն լսում» (Սղմ. ՃԺԳ 5, 6)։ Նրանց ձեռքերը լքված են և ոտքերը՝ մեռած։ Ո՞վ էր, սակայն, որ դրժեց ամեն լավ բան, ո՞վ պատճառ դարձավ այսպիսի չարիքների, ո՞վ «յուղ լցրեց» ձեր այդ մոլության վրա։ Ո՛վ մարդ, պատճառը գինարբուքն է, որ քո դեմ պատերազմի է ելել։

Ինչպես պատերազմում վիրավորված ու թուլացած մեկին՝ գինին սպանում է ամեն երիտասարդի, ով վաղ հասակից գինով է արբենում։ Այդպիսիք սկսում են ըմպել անասնական օրինակով, ու երբ որևէ խնջույքի են հրավիրվում՝ իբրև սիրելի մեկը, այնտեղից, գինով մինչև վերջին կաթիլը արբեցած լինելու պատճառով, դուրս են գալիս իբրև մի մեռյալ։ Եվ պատճառն այն է, որ այդ խնջույքի ժամանակ գինով արդեն իսկ «հագեցածները», ամեն մեկն իր հերթին, նրանց են հրամցնում գինով լի անոթները ու նրանք էլ, անասունների նման՝ ասես աղբյուրից, խմում են իրենց հրամցվածները։ Սա այն ժամանակ է տեղի ունենում, երբ գինարբուքն արդեն բավականին «առաջ գնացած» է լինում և արբածների աչքին էլ խնջույքին ներկա մի առույգադեմ երիտասարդ է երևում, ով մինչ այդ երբևէ գինով արբած չկար, ու արբածների պահանջով մատռվակը նրան է մատուցում նոր գինով լցված, ոլորապտույտ ու տարողունակ մի ըմպանակ։ Սա հարբեցողների անչափության չափն է, որը բնորոշվում է իրենց արբշռությանը ուրիշներին ևս մասնակից դարձնելով, որպեսզի նրանցից ամեն մեկի համար չստացվի, թե ինքն ավելի շատ է ըմպում, քան իր դիմացինը։

Եվ այդկերպ յուրաքանչյուրը մեկին իր «ջրերը գցելով», ամենքն էլ մի շնչով, արջառների նման, ըմպում են իրենց մատուցված արծաթե, խողովակաձև ըմպանակից՝ այն աստիճանի, մինչև որ բոլոր ոսկորները ընդարմանում են գինուց։ Սակայն, թշվառակա՛ն, հայացքդ դեպի քո որովա՛յնը հառիր ու հետո՝ ըմպանակի մեծությանը, և տե՛ս, թե ինչ տարողություն ունի այն։ Մի՛ մտածիր այն մասին, թե ինչպես դատարկես գինամանը, այլ նայի՛ր քո որովայնին ու տե՛ս, որ այն արդեն վաղուց լցված է։ Սրա համար է մարգարեն ասում՝ «Վա՜յ նրանց, ովքեր, առավոտյան վեր կենալով, ընկնում են գինու հետևից և ամբողջ օրն արբեցության մեջ անցկացնում» ու էլ ժամանակ էլ չի մնում Տիրոջ գործերին ուշադրություն դարձնելու, նայելու ու Նրա ձեռքի գործերը տեսնելու համար (հմմտ. Ես. 11-12)։ «Քանի որ գինին նրանց այրում է», և գինու պատճառով մարմնում առաջացող ջերմությունը ասես թշնամու հրացայտ նետերի բորբոքած կրակը լինի։ Չէ՞ որ գինին խորտակում է բարի խորհուրդներն ու մտքերը՝ միևնույն ժամանակ մեղուների պարսի նման բազմաքանակ ախտեր ու հեշտասիրություններ հարուցելով։ Եվ իսկապես, այդ ո՞ր մի ձիակառքն է իր անկարգ ընթացքով վար գցում ձիավարին, կամ այդ ո՞ր մի նավն է ալիքներին առերեսվելիս առավել անզգույշ, քան արբեցողն է։

Արբեցությունը հասարակ տղամարդկանց ու կանանց անձերը խոցոտող զանազան ախտերով ու հեշտություններով վարակելով՝ նրանց չար դևի ձեռքն է մատնում։ Եվ յուրաքանչյուրը՝ ծիծաղելով, ամոթալի երգերով ու պոռնկական շարժումներով այլոց գրգռում է վավաշոտությամբ։ Ասա՛ ինձ, այդ ինչպե՞ս ես ծիծաղում ու զվարճանում պագշոտության հրճվանքով, երբ անհրաժեշտ է արտասվել ու հառաչել քո արածների համար։ Պոռնկական երգերը հնչելով՝ մի կողմ են նետում Սաղմոսներն ու օրհներգությունները, որոնք դու սովորել ես։ Ոտքերդ ես շարժում ու մոլեգնաբար այս ու այն կո՞ղմ ես վազում՝ պարանման ինչ-որ շարժումներ անելով, մինչդեռ հարկ էր արժանին անել, այն է՝ ծունկ խոնարհել աղոթքի համար։

Էլ ո՞րը ողբամ՝ չամուսնացած աղջիկների՞, թե՞ ամուսնացյալների արբեցողությունը։ Չէ՞ որ ոմանք կուսություն ու պարկեշտություն չունենալով՝ գինարբուքի մասնակցեցին ու շատ տղամարդկանց համար գայթակղության պատճառ հանդիսացան։ Եվ եթե վերջիններս մարմնապես էլ խույս տվեցին մեղքից, սակայն մտքով ապականության մեջ թաթախվեցին, քանի որ հենց այսպինների համար է ասված, որ ով չար աչքով, «ցանկասիրությամբ նայեց մի կնոջ, արդեն իսկ շնացավ» (հմմտ. Մտթ. Ե 28)։ Եթե որևէ մեկը ինքնակամ, անգամ թռուցիկ նայի մի կնոջ, այդ արդեն իսկ նույն վտանգն է ենթադրում մարդու համար, ինչպիսին որ ենթադրում է հենց գործով մեղանչումը։ Բյուրավոր չար սովորություններ ունեցող ի մի ժողովված մարդիկ, տեսնելով արբեցությունից անամոթացած կանանց, որոնք հազիվ լսելի ձայնով դյութիչ ու պագշոտալի երգեր են երգում, արդյոք ի՞նչ պիտի ասեն և կամ ի՞նչ պիտի զգան։ Արդյոք ցանկասիրությունից դրդվա՞ծ չնայեցին այդ կանանց։ Ապա ուրեմն՝ այդպիսիք դատապարտված են՝ ըստ շնության դատաստանի վերաբերյալ Տիրոջ անհրաժարելի հրամանի։

Արդ, ձեզ՝ ձեր այսպիսի վարմունքով Տիրոջ Հարության դեմ թշնամացածներիդ ինչպե՞ս կընդունի հիսուներորդ օրը Իր հայտնությամբ ամենքին իմաստություն շնորհած Սուրբ Հոգին։ Չէ՞ որ դու ինքդ քո կամքով հրաժարվեցիր Սուրբ Հոգու համար բնակավայր լինելուց և եղար տաճար կուռքերի՝ Սուրբ Հոգու բնակության շնորհիվ Աստծու տաճար լինելու փոխարեն (հմմտ. Հռոմ. Ը 11)։ Քեզ վրա առար Աստծու անունից խոսող մարգարեի նզովքը, թե «ձեր տոները սգի կվերածեմ» (հմմտ. Ամովս Ը 10)։ Ինչպե՞ս համարձակվեցիք, ստրուկի պես, ծառա լինել անմիտ ցանկութուններին ու վնասակար սովորություններին։ Ինչպե՞ս «խրատեցիք» մանուկներին ձեր անմիտ կյանքի ու անառակ վարքի օրինակով։ Եվ արդ, ի՞նչ մնաց ձեզ այդ ամենից…

Նաև ես վախենում եմ, որ չլինի թե երբևէ անկարգ մեկը առավել ամբարտավանա, իսկ զղջացողն էլ չափազանց տրտմությունից խորտակվի (Բ Կորնթ. Բ 7), քանի որ բժշկությունը, ինչպես գրված է, «կանխում է մեծամեծ մեղքերը» (հմմտ. Ժող. Ժ 4)։ Պահքը բժշկում է արբեցողությունից, սաղմոսերգությունը՝ գարշելի նվագերգությունից, արտասուքը՝ ծաղրանքից։ Եվ բժշկվածը կաքավելու փոխարեն ծունկի է իջնում, ծափ զարկելու փոխարեն կուրծքն է ծեծում, զարդերի փոխարեն խոնարհություն է հագնում։ Ի լրումն այս ամենի էլ ողորմությունը քավում է մեղքերը (հմմտ. Դան Դ 24), քանի որ «մարդու հարստությունը փրկագինն է իր անձի» (հմմտ. Առկ. ԺԳ 8)։

Նեղյալներից շատերը որպես օգնական քեզ հետ աղոթքի թող կանգնեն, որպեսզի այդ աղոթքներով չարի խորհուրդները լքեն քեզ։ Չէ՞ որ երբ «ժողովուրդը նստեց ուտելու և ըմպելու, ապա վեր կացավ պարելու» (Ելք ԼԲ 6), և նրանց պարը կռապաշտությունն էր, Ղևտացիները միահամուռ կերպով մարտնչեցին ընդդեմ իրենց եղբայրների չարիքի։ Ուստի և ձեզ՝ Տիրոջից երկյուղածներիդ, որ այժմ տրտմության մեջ եք տիրող անկարգությությունների պատճառով, հրամայում եմ, որ եթե ապաշխարած մեկին տեսնեք աղտեղի գործերի մեջ, ինչպես ընտանիքի հիվանդացած անդամի, ցավակի՛ց եղեք նրան։ Սակայն եթե նրանց համար ձեր տածած տրտմության դիմաց նրանք խրոխտանան ու արհամարհանքով վերաբերվեն ձեզ, ապա զգուշացե՛ք նրանցից, «ելե՛ք նրանց միջից, հեռացե՛ք ու մի՛ մերձեցեք պիղծերին», որպեսզի գուցե թե պատկառելով՝ նրանք՝ չարին ընտելացածները ևս, դեպի ճշմարիտ աստվածգիտությունն ընթանան։ Այդկերպ և դուք էլ ձեր ցուցաբերած նախանձախնդրությամբ Փենեեսի վարձատրությունը կընդունեք (հմմտ. Թվ. ԻԵ 11) ըստ արդար դատավորության Աստծու ու մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի, Ում փա՜ռք և զորությու՜ն հավիտյանս հավիտենից։ Ամեն։

Սուրբ Բարսեղ Կեսարացի, «Գիրք պահոց», Ս. Էջմիածին, 2008թ.,

Գրաբարից թարգմանեց Գևորգ սրկ. Կարապետյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Լրահոս
Ավագ Եփրեմյան «Լինել թե չլինել ընթեռնելի» Հուսիկ Արա․ Մելոդիա Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնին դուրս բերվեց Սուրբ Գեղարդը Հույս Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներ Մահացել է բանաստեղծ Եղիշե Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը «Սոթբի»-ի աճուրդի տանը վաճառքի է հանվել 17-րդ դարի հայերեն ձեռագիր Ֆրանսիան համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ԼՂ-ի պատմամշակութային օբյեկտների պահպանության համար Նկար­չի ժա­մա­նա­կը «Ոսկե ծիրանը» կցուցադրի կինոռեժիսորի «Զինվորը և կովը» ֆիլմը Աստծո անունը զուր տեղը մի տուր Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը «Դուք այստեղ որևէ ադրբեջանական բան տեսնո՞ւմ եք». Свободная Пресса-ի ռեպորտաժը ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող Դադիվանքից (տեսանյութ) Շու­շիի բանտ­ված թան­գա­րա­նա­յին նմուշ­նե­րը Տրտուն­ջը, նա­խան­ձը ա­վե­րում են մեր հո­գին Քանի որ այսօր ՀՀ-ն չունի իշխանություն, հայ մշակութային գործիչները դիմում են միջազգային կառույցներին Առաջին լուսավորիչներ՝ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալներ Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՀՀ վաստակյալ նախագահ Սերժ Սարգսյանին Աստծո արքայությունը բանաձևող առակներ «Լեռնային Ղարաբաղի հուշարձանների վիճակը պետք է գնահատեն միջազգային մասնագետները». ռուս փորձագետ Հասարակական ախտանիշ՝ չարախոսություն Նվիրյալների շնորհիվ է արվեստն ապրում ու զարգանում, և Զավենն այդ նվիրյալներից էր. Վազգեն Մանուկյան Հնագետները նեֆրիտի վերամշակման հնագույն արհեստանոցներ են հայտնաբերել Չինաստանում Խրատներ ժամակարգության համար: Ընդհանրական և առանձնական աղոթքների և ծնրադրությունների մասին Վանա լճի ջրի մակարդակի նվազման արդյունքում հայտնաբերվել է Ուրարտուի թագավորության նավահանգիստներից մեկը Կաննի և Տալլինի փառատոնները դատապարտել են Ադրբեջանի կոչերը՝ միտված Նորա Մարտիրոսյանի ֆիլմի ցուցադրությունները ձախողելուն Ինչի՞ց է որ Հայաստանում Սուրբ Ղուկիանոս քահանայի, Տարագրոսի, Պրոբոսի, Անդրոնիկոսի, Ոնեսիմոսի և Սուրբ Պողոս առաքյալի մյուս աշակերտների հիշատակության օր Վահագն Դավթյան. Ձայն իմ արյան Կինեմատոգրաֆիստների միությունը հետաձգել է տարվա հոբելյարներին նվիրված մի շարք միջոցառումներ Նիժնի Նովգորոդում կտեղադրվի Արամ Խաչատրյանի կիսանդրին Արմեն Ջիգարխանյանի բնակարանը կարող է տուն-թանգարանի վերածվել Շուշիից արվեստի գործերը տեղափոխելու առաջարկով «Երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր» (Բ Կորնթ․ 12։10) Աշխատանքը Դա­դի­վան­քի հար­ցը Վե­հա­փառն է լու­ծել «Պատվավոր հյուր»-ը «Ոսկե ծիրան»-ում. Երևանում կցուցադրվի Ատոմ Էգոյանի ֆիլմը «Պար­բե­րա­բար ա­հա­զանգ­վել է Թուր­քիա­յից և Ադր­բե­ջա­նից ե­կող վտանգ­նե­րի մա­սին, և ոչ թե ա­նու­շադ­րու­թ­յան է ար­ժա­նա­ցել, այլ ան­տես­վել է» Մայր Աթոռում կգործի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ
website by Sargssyan