Իոսիֆ Բրոդսկի. Նամակ ցանկապատին

Իոսիֆ Բրոդսկի. Նամակ ցանկապատին

Ստվերս պահիր:
Չեմ կարող բացատրել՝ ինձ ներիր:
Հենց հիմա է դա պետք,
Այն պահիր, պահպանիր:
Քեզ այնտեղ՝ հետևում,
վազվզուկ է սպասվում:
Ուշանում եմ արդեն, դու այստեղ սպասիր:
Մնաս բարով, ցանկապատ, հեռացել եմ արդեն:
Իսկ դու միշտ մնա ու թաքուն երազիր,
Հանց բուժկետն այն քնած,
որ լուսնով զարդարված քո պատկերը ունի:
Կջանամ պահպանել այս գիշերը հավերժ:
Այդպես մի զայրացիր.
ինչ որ բան պիտ թողնենք անցյալին:

Ստվերս պահիր, մի ջնջիր գիրը իմ.
միևնույն է այստեղ մեռնելու չեմ դառնա՝
վերադարձ էլ չկա:
Թանկագին ցանկապատ,
թե քեզ մեկը փարվի,
երջանիկ դու ժպտա:
Մարմինն ու հոգին հանց
կծիկ պարանի՝
քեզ անվերջ հետևող
օտարոտ մի տղա:
Ազատվիր ու հառնիր զմրուխտե ցողունով
Եվ այդպես հետևիր անկմանս գլխիկոր:

Տարազարկ ու թախիծ,
մթություն ու արցունք աչքերին:
Ավելցուկ ժամանակ ցուցիչին բուժկետի՝
Լողացող քարշակ և դատարկ հետագիծ:
Ոսկե լուսին կավաշեն բանտից վեր:
Փրկության նվեր մենությունս քեզ:
Ես կտակ եմ թողնում քայլերն իմ լռության,
Ու դիմում եմ պատին.
-Սանձի՛ր տղային:

Չեմ ուզում մահանալ՝
Անդառնալի է կորուստը մտքի:
Չեմ ուզում ընկղմվել խորխորատը խավարի:
Չեմ ուզում հեռանալ, չեմ ուզում մահանալ:
-Ով հիմար,
չես ուզու՞մ դու սուզվել բանական մի խավար:
Միայն կյանք, միայն կյանք՝
հենվելով քո ցուրտ թիկունքին:
Եվ քեզ և նրան, ամենքին
միևնույն է հիմա:
Միայն կյանք, միայն կյանք
ու թքած՝ մոռանալ:
Չեմ կարող մահանալ, ինձանից հեռանալ:

Կանչիր ինձ վեճերի սիրահար,
Բղավիր՝ փոքրերին հեշտ է սպառնալ:
Բղավիր, թե չէ ես կգոռամ.
-Հե՛յ տղա:
Եւ թռչում եմ ազատ տարածքում:
Արդար ես՝ ինչ որ բան եկ թողնենք անցյալում:
Ուրախ եմ, որ չկան
ոչ մարմին, ոչ հոգի,
ոչ կապույտ քողարկված գործակալ:

Մեկուսիչ դու թախծի կամ առաջընթաց,
Հարազատ ռուսներ՝ սիրո պահակներ:
Հիասքանչ է, որ քեզ ժպիտներ կբերեն:
Միևնույն է, սակայն, քեզ անկում կհասնի:
Քեզ սպասում է վանդակ, ինձ՝ ստվեր մի ունայն:
Հիասքանչ է՝ մագլցում է վեր դեղին լուսաբաց,
Ավարտվում է գիշերն, հասնում այգաբաց:
Լոկ ստվերս պահիր:

Թարգմանությունը՝ Շավարշ Ազատյանի

Աղբյուր՝ Granish.org

Հետևեք մեզ նաև Telegram-ում