Ամբողջ աշխարհից ավելի քան 30 թանգարաններ կազմակերպել են Ֆրիդա Կալոյի առցանց ցուցադրությունը

Ամբողջ աշխարհից ավելի քան 30 թանգարաններ կազմակերպել են Ֆրիդա Կալոյի առցանց ցուցադրությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, Panorama.am։ Աշխարհի 33 հայտնի թանգարան միավորվել և Google Arts & Culture պլատֆորմում կազմակերպել են հայտնի մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի վիրտուալ ցուցահանդեսը։ rg.ru կայքի հաղորդմամբ, «Faces of Frida» անվանումով ցուցադրությունը միավորել է նրա և այլ նկարիչների, որոնք պատկերել են հենց Ֆրիդային, ավելի քան 200 աշխատանք։

Ցուցադրության կազմակերպիչներն առաջարկում են ուշադիր դիտել յուրաքանչյուր կտավ, նայել ամեն մանրուք և փորձել որսալ իմաստի գաղտնիքը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձված դիմանկարների և նատյուրմորտների «հարուստ սիմվոլիզմին», որոնք ստեղծվել են 1951-1954 թվականներին։

Ցուցադրությունում ներկայացված է նաև Ֆրիդա Կալոյի նամակն ու նրա հարցազրույցներից մեջբերումներ, ելույթները, օրագիրները։

«Ֆրիդա Կալո» միֆը միաժամանակ սարսափելի և գեղեցիկ է, բայց իրականությունն ավելի ազդեցիկ է։ Այս ցուցադրությունը փորձ է ներկայացնելու իսկական Ֆրիդա Կալոյին։ Նա ինքն ամեն ինչ կպատմի իր մասին իր նկարներով՝ որևէ բան չթաքցնելով, միայն անհրաժեշտ է այդ ամենը տեսնել և փորձել հասկանալ։

Այս տպավորիչ՝ իր բազմակողմանիությամբ և բազմիմաստությամբ ցուցադրության ստեղծման վրա աշխատել են Մեքսիկայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կոլումբիայի և Ճապոնիայի հիմնական թանգարաններն ու արխիվները։

Մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոն (1907- 1954 թթ.) առավել հայտնի իր բազմաթիվ դիմապատկերներով, ինքնապատկերներով և Մեքսիկայի բնությամբ, արտեֆակտներով (գտածո) ոգեշնչված աշխատանքներով: Երկրի ժողովրդական մշակույթով ոգեշնչված` նա աշխատել է նաև ժողովրդական արվեստի ոճով Մեքսիկայում հասարակության ինքնության, գենդերի, դասակարգերի և ռասայի հարցերը ուսումնասիրելու համար: Նրա նկարները հաճախ ունեցել են խիստ ինքնակենսագրական տարրեր և ռեալիզմը ֆանտազիային միաձուլումներ: Ֆրիդա Կալոյի գեղարվեստական ոճը երբեմն նկարագրում են ինչպես պարզամիտ կամ ժողովրդական արվեստ: Սյուրռեալիզմի հիմնադիրներից Անդրե Բրետոնը նրան դասել է սյուրռեալիստների շարքին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում