Արամ Իսաբեկյան. «Մեկուսացումը նկարիչների համար սովորական վիճակ է»

Արամ Իսաբեկյան. «Մեկուսացումը նկարիչների համար սովորական վիճակ է»

ՀՀ ժողովրդական նկարիչ, Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն ամեն առավոտ ֆեյսբուքի իր էջում մի նկար է հրապարակում ու գրում՝ «Ամեն օր մի լավ նկար՝ լավ տրամադրության համար»

Aravot.am-ի հետ զրույցում նկարիչը նշեց, որ արտակարգ դրության պայմաններում շատ կարեւոր է լավատեսությունը չկորցնելը. «Այս դժվար օրերին ամեն ոք ցանկանում է մի լավ բանով ոգեւորել բոլորին: Իմ նկարչության մեջ էլ ծաղիկներ ու նման գեղեցիկ աշխատանքներ շատ կան, որոնցից օրական մեկը հրապարակում եմ ֆեյսբուքում:

Իմիջիայլոց, նկարիչների համար մի քիչ ավելի հեշտ է այսպես անցկացնելը, որովհետեւ մեկուսացումը մեզ համար սովորական վիճակ է, ամբողջ կյանքում արվեստանոցներում փակված ստեղծագործում ենք ու հիմնականում մենակ ենք լինում: Այս անսովորի մեջ մի լավ բան էլ կա՝ մարդիկ պետք է սովորեն ավելի շատ կյանքի մասին մտածել, արժեւորել ամեն վայրկյանը, տանը անցկացնելը նաեւ պետք է օգտակար լինի իրենց ինքնազարգացման համար, պետք է շատ կարդան, ստեղծագործեն, մի բան ստեղծեն:

Երբ ուրիշի արածը նայում ես ֆիլմերով, դա ուրիշ բան է, բայց երբ ինքդ ես մի ստեղծագործության մասնակից դառնում՝ միտքդ սկսում է աշխատել»:

Հետաքրքրվեցինք նաեւ՝ արդյոք Գեղարվեստի ակադեմիայում հեռավար մեթոդով դասեր են իրականացվում: Պարոն Իսաբեկյանը պատասխանեց, որ ով կարողանում է, իրականացնում է: «Օրինակ ես իմ ասիստենտի եւ ուսանողների, իմ կուրսի հետ հեռավար աշխատում եմ: Իրենց կատարած ամենօրյա աշխատանքը քննարկում ենք, խոսում: Բայց արվեստի բուհերի պարագայում դա այն չէ… Այս իրավիճակն ասես ֆանտաստիկայի է նման, ասես նման ֆիլմում հայտնված լինենք բոլորս»,-պատասխանեց արվեստագետը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Արամ Իսաբեկյանի ֆեյսբուքյան էջից

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում