Մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջի պատմությունը

Մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջի պատմությունը

Գրիգոր Ա Լուսավորչի աջ ձեռքի սուրբ մասունքները, որոնք V դարում ամփոփվել են բազկի և մատների ձև ունեցող արծաթե պատյանում (Աջի մեջ): Հայ եկեղեցու ավանդական կանոնադրությամբ կաթողիկոսարանում Լուսավորչի Աջի առկայությունը պարտադիր է՝ որպես հայրապետական աստիճանի խորհրդանիշ, որի զորությամբ են տրվում օրհնություններն ու կատարվում օծումները: Լուսավորչի աջը, ս. Խաչափայտի (ս. Նշան) ու Աստվածամուխ ս. Գեղարդի հետ, գլխավոր սրբությունն է և գործածվում է ս. Մյուռոնի օրհնության ժամանակ: Գրիգոր Ա Լուսավորչի վախճանվելուց (325/326) կարճ ժամանակ անց նրա նշխարները տարածվել են ողջ Հայաստանում: Ըստ Ղազար Փարպեցու՝ Վարդանանց ժամանակ, երբ նախարարները կեղծ ուրացությամբ վերադառնում էին Պարսկաստանից, հոգևոր դասը եկողներին իրենց քրիստոնյա լինելը հիշեցնելու և դարձի բերելու համար ընդառաջ է ելել «առաքելանման նահատակ Սուրբ Գրիգորի նշխարներով»: Նրա հաջորդ վկայությամբ, երբ Վահան Մամիկոնյանը «Հայոց ուխտապահ նախարարներով հանդերձ» վերադարձել է Պարսկաստանից (այնտեղ 485-ին պաշտոնապես ճանաչվել էր սպարապետ), Հովհաննես Ա Մանդակունին նրանց դիմավորել է «ճգնավոր նահատակ Գրիգորի սուրբ նշխարներով, որոնցով էլ նրանց բոլորին ճանապարհել էր դեպի արքունիք»: Մասունքների պաշտամունքը զորացել է կրոնական մաքառման շրջանում՝ Քաղկեդոնի ժողովից հետո:

Գրիգոր Ա Լուսավորչի լույս նշխարները հիշատակել են նաև մատենագիրներ Սեբեոսը, Մովսես Կաղանկատվացին (VII դ.), Հովհաննես Ե Դրասխանակերտցին (IX-X դդ.), Ասողիկը (X դ.), Վարդան Արևելցին, Կիրակոս Գանձակեցին, Մխիթար Այրիվանեցին (XIII դ.), Առաքել Դավրիժեցին (XVII դ.) և այլք: Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Ներսես Գ Տայեցին Գրիգոր Ա Լուսավորչի մասունքների մեծ մասը իշխան Գրիգոր Պատրիկ Մամիկոնյանի ձեռքով Թորդանից տեղափոխել է Վաղարշապատ: Այնուհետև, եկեղեցաքաղ. հանգամանքներով պայմանավորված, խամրել են մնացյալ նշխարների մասին եղած պատմությունները, և միակ ճաճանչող մասունքի է վերածվել Լուսավորչի աջի: Որպես կաթողիկոսարանի գլխավոր սրբություններից՝ առաջին անգամ հիշատակվում է Ներսես Շնորհալու «Թուղթ ընդհանրականում»: Վարդան Վարդապետը գրում է, որ նշխարների քանիցս տեղափոխություններից հետո (բյուզանդական Զենոն կայսրը V դ. տարել է Կ.Պոլիս, ապա դրանք վերադարձվել և դրվել են Զվարթնոցում և այլ տեղերում) իր օրոք մնացել էր միայն «Աջն լուսընկալ և շնորհաբաշխ»: Լուսավորչի աջով Հայոց կաթողիկոսները բացառիկ դեպքերում օրհնել են ժողովըրդին:

Կոստանդին Բ Կատուկեցին, հարկադրաբար հրաժարվելով կաթողիկոսական աթոռից (չի համակերպվել Հեթում Բ թագավորի լատինամետ քաղաքականության հետ), զգեստավորվել է հայրապետական հանդերձներով, բարձրացրել Լուսավորչի աջի, օրհնել Հայոց թագավորությունն ու ամենայն աշխարհը և հեռացել կաթողիկոսարանից: Հռոմկլայի անկումից (1292) հետո եգիպտական սուլթանը գերի է տարել Ստեփանոս Դ Հռոմկլայեցուն՝ կաթողիկոս արանի սրբություններով և Լուսավորչի աջով հանդերձ:

Ըստ Առաքել Դավրիժեցու՝ Լուսավորչի աջը, գերեվարվելով Եգիպտոս, «երբ մտավ նրանց ապարանքը, պատժեց նրանց մահվամբ, ինչպես տապանակի միջոցով (պատժվեցին) այլազգիները: Արդեն անհամար ու անթիվ էին մեռելները, երբ սուրբ Լուսավորիչ Գրիգորի աջ ձեռքը վերադարձրին Կիլիկիա՝ Հեթում Բարեպաշտ թագավորին: Ապա ցասումը դադարեց նրանց նկատմամբ» («Պատմություն», 1988, էջ 325): Այսպիսի եզակի համեմատություն է արվում Հին կտակարանի գլխավոր սրբության՝ Ուխտի տապանակի հետ, Լուսավորչի աջը համարելով Հայոց Ուխտի տապանակ:

Լուսավորչի աջի՝ Ս. Էջմիածին տարվելու (1441) մասին ժամանակի աղբյուրները նշում են, որ Աջը Սսի կաթողիկոսարանից անհետանալով, մոտ չորս տարի հետո հայտնվել է Էջմիածնում: Նույն շրջանի մի շարք այլ աղբյուրներում ասվում է նաև, թե կորած Լուսավորչի աջը գտնվել է Սսում, որի պահպանությունը հանձնվել է Աջապահյաններին: Աղթամարի կաթողիկոս Զաքարիա Գ (1434-64) կարակոյունլու Ջահանշահ խանի օժանդակությամբ 1461-ին տիրել է Ս. Էջմիածնի աթոռին: Մեկ տարի անց, հարկադրաբար հեռանալով Մայր աթոռից՝ իր հետ տարել է Լուսավորչի աջը: Բերվող Աջին վասպուրականցիները ցնծությամբ են դիմավորել, ինչը հավաստում է նրա հանդեպ եղած համաժողովրդական սերն ու պաշտամունքը: Ապա, Նախիջևանին մերձակա Օծոփի Ս. Աստվածածին վանքի միաբաններից Վրթանես եպիսկոպոսի ջանքերով, արկածային վիպական մի պատմություն հիշեցնող գործընթացով, Լուսավորչի աջը վերադարձվել է Ս. Էջմիածին:

Աջը երկրորդ անգամ Ս. Էջմիածնից հանվել է շահ Աբբաս I-ի կատարած բռնագաղթից (1604) հետո, երբ նա ի շարս այլ սրբությունների Սպահան է տարել նա Լուսավորչի աջը : Փիլիպոս Ա Աղբակեցուն հաջողվել է 1663-ին այն վերադարձնել Ս. Էջմիածին: Նոր Ջուղայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պահվում է ևս մի Աջ, որը, ենթադրվում է, մի մասունք ունի Լուսավորչի նշխարներից: Պատմության ծանր ժամանակներում, երբ կաթողիկոսները քաղաքական իշխանության կողքին լինելու համար անհրաժեշտաբար թողել են Մայր աթոռը, իրենց հետ վերցրել են Լուսավորչի աջը՝ հայրապետական աթոռի և պաշտոնի վավերականությունը հաստատելու համար: V-XV դդ., քաղաքական պարագաների բերումով, կաթողիկոսական աթոռը Լուսավորչի աջով հանդերձ բազմիցս տեղափոխվել է.

Դվին (484-931),

Աղթամար (931-944),

Արգինա (944-992),

Անի (992-1065),

Ծամնդավ (1066-1105),

Շուղրի Սև լեռան Կարմիր վանք (1105-16),

Ծովք (1116-49),

Հռոմկլա (1149-1292),

Սիս (1293-1441)

Էջմիածին (1441-ից առ այսօր):

Ք.Հ. հանրագիտարան հեղինակ Սահակ Սահակյան

Աղբյուր՝ Ter-hambardzum.net

Հետևեք մեզ նաև Telegram-ում