Պետք չէ դևի հետ զրույցի բռնվել

Պետք չէ դևի հետ զրույցի բռնվել

– Հա՛յր, թեպետ Աստծու հետ հաղորդակցվելու կարիք եմ զգում, սակայն չեմ կարողանում աղոթել:

– Եթե Աստծու հետ հաղորդակցվելու կարիք ես զգում, ապա չեմ հասկանում, թե ինչու չես կարողանում աղոթել: Հավանաբար փորձություն է: Այն միշտ փորձում է մարդուն խանգարել աղոթել:

– Աղոթքի ժամանակ զանազան գործերի մասին մտքեր են հայտնվում, Հա՛յր:

– Ասա՛. «Դրա մասին հետո կմտածեմ…»,- և շարունակիր աղոթել:

– Հա՛յր, ցավալին այն է, որ այդ բոլոր մտքերն անլուրջ բաների մասին են:

– Հենց դրա համար էլ դրանք պետք է հետաձգել, որովհետև եթե աղոթքը թողնես ու դրանցով զբաղվես, ապա գայթակղությունը անլուրջ հարցերից լրջերին կանցնի, որպեսզի բոլորովին դադարես աղոթելուց: Պետք է քեզ տեղը դնես: Գիտե՞ս չէ, թե բանսարկուն ինչ է անում: Աշխարհայիններին աղտոտ մտքեր է տալիս, և նրանք դա միանգամից հասկանում են: Իսկ հոգևոր մարդկանց մտքին զանազան անհեթեթություններ է բերում, և նրանք դա չեն հասկանում: Եվ դա ավելի վտանգավոր է, քանի որ նրանք կարծում են, թե առաջընթաց են ապրում, քանի որ աղտոտ մտքեր չունեն, ուստի նույնիսկ խոնարհություն ձեռք չեն բերում: Նրանց միտքն այս ու այն կողմ է թափառում, իսկ սիրտը մնում է քարացած:

– Հա՛յր, երբեմն աղոթքի ժամանակ որևէ խնդրի լուծում է գալիս միտքս, իսկ հետո պարզվում է, որ այն սխալ է:

– Չարը խորամանկ է: Նա գիտի, որ եթե աղոթքի ժամանակ անմաքուր միտք տա քեզ, ապա դու կսկսես այն քեզնից հեռու վանել: Դրա համար էլ խնդիրների լուծում է առաջարկում, իսկ դու ասում ես. «Քանի որ այս միտքն աղոթքի պահին եկավ, նշանակում է վերից է տրվել»: Եթե դևը քեզ բարին ցանկանար, ապա այդ մտքերն ուրիշ ժամանակ կուղարկեր քեզ, այլ ոչ թե աղոթքի պահին: Թե չէ հայտնվում է «միջնորդն» ու զրույցի բռնվում քեզ հետ: Իսկ դու մի՛ արձագանքիր: Ասա՛ նրան. «Շնորհակալ ենք հոգատարության համար, սակայն ձեր ծառայությունների կարիքը չենք զգում»: Նրա խնդիրը հոգևոր մարդուն «հոգևոր» մտքերով թյուրիմացության մեջ գցելն է, և այդժամ, ինչպես Դավիթ մարգարեն է ասում. «….նրա աղոթքը մեղք թող համարվի» (Սղմ. 108:7):

– Հա՛յր, աղոթելիս պիղծ մտքեր են ծագում գլխումս կամ պիղծ կերպարներ հայտնվում:

– Չարի ձեռքի գործն է, որպեսզի շփոթեցնի քեզ: Հատկապես, երբ ֆիզիկապես հոգնած ես կամ ավելի շատ, երբ քնելու համար բավարար ժամանակ չկա, սատանան պահը որսում է, երբ քնի ու արթնության միջև ես գտնվում, և պիղծ կերպարներ է քեզ հրամցնում, որպեսզի հետո ասի, թե դրանք քոնն են և դրանով հուսահատության մատնի քեզ: Նշանակություն մի՛ տուր: Կրկնի՛ր. «Տե՛ր, ողորմի՛ր», մտածի՛ր Քրիստոսի, Աստվածածնի, հրեշտակների մասին, որպեսզի աղոթքի վրա կենտրոնանաս: Դա քո պատասխան զորաշարժը կլինի դևի դավերին:

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում