Դանիել Վարուժան․ Գուռը

Դանիել Վարուժան․ Գուռը

Իրիկվան մեջ, գյուղին քով,
Կը մըրմընջե գուռն ուռիին տակ շըքեղ:
Զայն կը լեցնե աղբյուրին երգովը բյուրեղ,
Աստղը՝ բյուրեղ արցունքով:

Խորհուրդին մեջ ըստվերին
Կընունքի ջինջ ավազան մ՚է կարծես ան՝
Ուր քաղցրորեն կը մըկըրտվի լուսնկան՝
Տըղու մը պես նորածին:

Հոգնաբեկ խումբն եզներուն
Հոն կը դիմե արահետեն ճախճախուտ՝
Ուրկե կը հոսի, ճապաղելով, ջուրն անփույթ՝
Մարգերուն տակ՝ պըսպըղուն:

Կողեր կողի դեմ ահա՛,
Եվ գավակներ գավակներու կ՚ընդհարին.
Հանկարծ մոլուցք մ՚եղջյուրներու ահագին
Կը տատանի գուռին վրա:

Միահաղույն կ՚երկարեն
Վիզերն իրենց, և ռունգերնին հարդամած
Հըստակ ջուրին ադամանդին մեջ մըխած՝
Հավերժորե՜ն կը խըմեն:

Կ՚ըմպեն ալիքն անապակ,
Լույս ծյուրումը պարեխներուն սառնակերտ.
Ու չե՛ն խըրչտիր լուսնկայեն՝ որ մերթ մերթ
Կ՚լողա իրենց բերնին տակ:

Կը վերցընեն երբեմն, հա՛գ,
Հըզոր գլուխնին, ու կը նային սարերո՜ւն…
Կը սորսորա իրենց դունչեն՝ քարերուն՝
Ջուրը, երակ առ երակ:

Անդեորդն, հոն, մահակին
Վըրա կըռթնած՝ կը սուլե երգն հեշտօրոր,
Մինչև վետ վետ ցամքե հեղուկը բոլոր,
Մընա մամուռն՝ հատակին:

Կ՚երթան հետո, օրորուն,
Գոմին խաղաղ գավիթին մեջ պառկելու.
Կը կարկաջե գյուղամեջեն, զերդ առու,
Զանգակն իրենց վիզերուն:

Ու երբ դարձյալ գան առտուն
Պիտի գըտնեն հըսկումին տակ ուռիին
Գուռը նորե՜ն լեցված երգովն աղբյուրին,
Եվ արցունքովն աստղերուն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում