«Դժվար է պատկերացնել աշխարհն առանց նրա»

«Դժվար է պատկերացնել աշխարհն առանց նրա»

Խորը ցավ ապրեցի, երբ ստացա մեր դարաշրջանի հանճարեղ կոմպոզիտորի և իմ սիրելի ընկերոջ` Քշիշտոֆ Պենդերեցկու կորստի վշտալի լուրը: 2008-ից Հայաստանի մշակութային կյանքը կարծես բաժանվեց երկու շրջանի. մինչև Պենդերեցկի և նրանից հետո: Ինչպիսի ցնծություն էր, երբ երկարատև բանակցություններից հետո, հայտարարեցի Պենդերեցկու Հայաստանյան առաջին այցի օրերը: Շատերը չհավատացին, կարծելով, որ հերթական հիասթափությունն են ապրելու, ինչպես դա եղել էր տասնամյակներ շարունակ… «Պենդերեցկու օրերը Հայաստանում» փառատոնը ներկայացրեց մոհիկանին իր ողջ փայլով: Իր հետ Երևան էինք հրավիրել երկու տասնյակ աշխարհահռչակ կատարողների, ովքեր գրեթե բոլոր հայկական կատարողական ուժերի հետ միասին` ներկայացնում էին Պենդերեցկու սիմֆոնիկ և կամերային, վոկալ և գործիքային ստեղծագործությունները: Մեկ շաբաթ տոն էր Երևանում, ամեն օր Արամ Խաչատրյան համերգասրահը լեփ-լեցուն էր: Նա մինչև սրտի խորքը երախտապարտ էր նման ընդունելության և պատվի համար: Երախտապարտ էր, որ վայելում էր ողջ հայ հասարակության անկեղծ սերը, նաև իր երկրորդ հայրենիքը բացահայտելու համար: Մեկ տարի անց, ես հրավիրվեցի Վարշավա, կոմպոզիտորի ծննդյան 75-ամյա հոբելյանի առիթով մեծ ընդունելության: Ներկա էին երկրի նախագահը, բարձրաստիճան հյուրեր, դեսպաններ, հայտնի երաժիշներ: Անսպասելիորեն, Պենդերեցկին հայտարարեց, որ գտել է իր նախնիների երկիրը, իր երկրորդ հայրենիքը` Հայաստանը, ինչի համար բեմից շնորհակալություն հայտնեց ինձ: Չորս անգամ (2008թ., 2009թ., 20013թ., 2016թ.) նույն վեհությամբ և շուքով, շարունակաբար իրականացրինք «Պենդերեցկու օրերը Հայաստանում» փառատոնը: Տասնյակ հազարավոր ունկնդիրներ, շուրջ հիսուն գործերի կատարումներ, նվագախմբեր, երգչախմբեր, հրավիրյալ երաժիշտներ, հայ մենակատարներ, ընդունելություն և պարգևներ պետական մակարդակով… Դա բացառիկ էր. Պենդերեցկին սիրեց Հայաստանն ու իր ժոդովրդին, մտերմացավ մեր երաժիշտների և նվագախմբերի հետ, իսկ ոմանց կայացման գործում մեծ դեր խաղաց: Նա խորապես հոգևոր անձնավորություն էր և չեր կարող անտարբեր մնալ հայկական հարուստ հոգևոր երաժշտության նկատմամբ: Մենք ժամեր ենք անցկացրել «Շարականը» տարի առաջ տպագրված հատորի շուրջը: Ես ներկայացնում էի նրան շարականները, իսկ նա հիշում էր, որ նման մեղեդիներ լսել էր Կրակովի հայկական եկեղեցում, ուր մանկության օրերին այցելում էր հայազգի տատիկի հետ: Այսպես ծնվեց հայկական հոգևոր թեմայով մեծ օռատորիա գրելու գաղափարը: Առավել իրականանալի էր երգչախմբային գործի ստեղծումը, որը նվիրվեց Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Տեքստը` Դավթի վեցերորդ սաղմոսի գրաբարյան տարբերակն էր: Ստեղծագործությունն առաջին անգամ մեծ շուքով կատարվեց Նյու Յորքի Քարնեգի Հոլում, մեր կազմակերպած «Քեզ հետ, Հայաստան» համերգաշարի շրջանակներում, «Հովեր» կամերային երգչախմբով: Հիշողությունները շատ են ու զորավոր, և դժվար է պատկերացնել աշխարհն առանց նրա: Մշտապես հիշելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում նրա ասած խոսքերը. «Հիմա տատիկիս հոգին հանգիստ կհանգչի երկնքում. ես վերջապես տեսա իմ Հայաստանը»: Թող Ամենակարող Տերը իր երկնային դրախտի մեջ ընդունի քո հոգին, սիրելի Քշիշտոֆ:

«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյան

Աղբյուր՝ Irates.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում