Ռազմիկ Դավոյան․ Վիլյամ Սարոյանին

Ռազմիկ Դավոյան․ Վիլյամ Սարոյանին

Դու վերադարձար… Քեզ բարի գալուստ, բարի վերադարձ՝
Նրանց անունից, ովքեր այսուհետ աշխարհ են գալու,
Ճերմակ թիկնոցդ առաքյալի պես վերից վար հագած,
Դու նրանց համար կանցնես արտերով նոր կծղած գարու:

Նրանք կտեսնեն քո խաժ աչքերի շողանքը տաքուկ,
Եվ կթվա թե՝ հասուն արտերը արեւն է այրում,
Եվ չեն հասկանա՝ տեսի՞լք է արդյոք դա մի խուսափուկ,
Թե՞ երկրի վրա հրաշքով իջած Աստված է քայլում:

Բարի վերադարձ Հայոց ձորերի, լերանց անունից,
Հայոց աստղերի, որ քո ճակատին իջան քնքշորեն,
Ահա գալիս են Հայոց հովերը Հայոց անհունից,
Որ օվկիանոսներ կտրած աճյունդ մեղմորեն շոյեն:

Բարի վերադարձ… Հասկանալի է՝ էլ գնալ չկա:
Քո անցած բոլոր ճամփեքը հիմա խեղճ են ու թափուր.-
Սրտիդ մի կեսը մյուսի համար պիտի հեկեկա
Քո խորքերի մեջ դարերով զտված արցունքով մաքուր:

Եվ դու ասում ես՝
– Իրողությունը հենց այս է, որ կա,
Իմ բարեկամներ, իմ մարդասերներ, դուք մի բարկանաք.-
Կիսված է հողս, կիսված է կյանքս, ճակատագիրս,
Ուրեմն՝ ահա, կիսեցեք նաեւ սիրտս, մարմինս…
Կույր եք՝ չտեսնեք, խուլ՝ չհասկանաք…

Քո անունն այսու հավերժությունը միայն պիտի տա,
Եվ հայացքիդ դեմ աշխարհի խիղճը պիտի որ քրտնի.-
Քո թափառական ու կիսված սիրտը պիտի որ քրտնի.-
Քո թափառական ու կիսված սիրտը պիտի թպրտա
Այնքան ժամանակ, մինչեւ որ մյուս իր կեսը գտնի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում